Եվս 60 փաստաբան

26/06/2012

Փաստաբանների պալատի կողմից բացված Փաստաբանական դպրոցի առաջին ընդունելությունն ավարտված է: Դպրոցն ունի ընդամենը 75 դիմորդ` սպասվելիք 150-ի փոխարեն, որոնցից, ըստ Փաստաբանների պալատի գրասենյակի տեղեկությունների, մոտ 60-ն է ընդունվելու դպրոցի ունկնդրի կարգավիճակով: Ընդունելությունը սկսվել է հունիսի 13-ին եւ ավարտվել` հունիսի 24-ին: Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերից ակտիվ շրջանառության մեջ էին մտել Փաստաբանների դպրոց բացելու վերաբերյալ խոսակցությունները: 2010թ. Դատաիրավական բարեփոխումների 2009-2011թթ. ռազմավարական գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պետբյուջեից դպրոցի շինարարության համար տրամադրվել է 350 մլն դրամ, որն ահռելի գումար է դպրոցի կառուցման համար: Դպրոցի ընդունելության հայտ ներկայացնելու պարտադիր նախապայմաններից է Փաստաբանական դպրոցի հիմնադրամի բանկային հաշվեհամարին 35.000 դրամի փոխանցումը հավաստող անդորրագիրը: Ընդ որում` այդ գումարը չի մտնում դպրոցի ուսման վարձի` 400.000 դրամի մեջ: