«Մեղք էլ են, ախր, մանկություն չունեն, սրանց հոգեկան աշխարհը լրիվ խեղված ա»

26/06/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մի քանի ոտնաչափ տարածքի անկյունում ծվարած Լեւոնի հայացքի մեջ դաջված վախը թափառելով սենյակով մեկ` հայտնվում է երեք քույրերի աչքերի մեջ: Անչափահաս չորս երեխաներն ամեն րոպե ապրում են փողոցում գիշերելու տագնապով: Մի օր արթնացել ու հասկացել են, որ գիշերելու անկյուն չունեն: Մեկ օրը դարձել է մեկ ամիս, ու աշնան մեկ ամիսն ապրել են հանրակացարանի միջանցքում, որտեղ քնել են սառը բետոնին: «Հանրակացարանում սենյակ էինք վարձել, էնտեղ էինք ապրում: Չկարողացանք վարձը տալ, ու մեզ հանեցին, գցեցին դուրս: Մի ամիս պադյեզդում ենք ապրել, թե ո՞նց, չգիտեմ: Չեմ կարող բացատրել, փողոցում ապրող շան նման»,- ասում է երեխաների մայրը` Մարինան, ով դժվարությամբ է ընկալում հարցերս, քանի որ «շան նման» ապրելու հետեւանքով արդեն գլխի հետ ինչ-որ բան այն չէ: Հիմա բոլորն էլ գիշերն աչք փակելիս սպասում են, որ նորից տեղափոխվելու են հանրակացարանի ընդհանուր միջանցք: Մարինան ու ամուսինը` Համլետը, փախստականներ են, ովքեր, թեեւ ապրում են մի երկրում, որտեղ ամեն տարի ՀՀ կառավարության որոշումներ ու ծրագրեր են իրականացվում` նման կարգավիճակով մարդկանց օթեւան հատկացնելու համար, այնուամենայնիվ, դեռ փախստական են: Փախչում են սենյակից սենյակ, միջանցքից` միջանցք, ու մի օր այնքան կհոգնեն փախուստից, որ կնախընտրեն երեխաների հետ փախչել այնտեղ, որտեղից ոչ ոք չի վռնդում: «Մեկ ամիս դրսում` միջանցքում, ապրելուց հետո մեզ ժամանակավոր տեղավորեցին էս սենյակում, բայց հիմա ամեն օր կռիվ ա գնում, որ դուրս հանեն: Էլի հանեն, բայց ո՞ւր, փաստորեն` փողոց»,- անորոշությունը դեմքից ծորացող Մարինայի խոսքերն այնքան հոգնած ու անուժ են, որ նա նախընտրում է լռել: Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 2ա, 706 սենյակում ծվարած այս ընտանիքն արդեն մեկ տարի անլույս է ապրում: Երեխաները պահարանի դարակներից մոմերը դուրս են բերում, որ նախապատրաստվեն գիշերվան: Մեկ տարի անլույս ապրած չորս երեխաների վարքագիծը տարօրինակ է. ընդհանրապես չեն խոսում, միայն շվարած նայում են աչքերիս մեջ: Մարինան ասում է, որ թեեւ մեծ աղջիկը 13 տարեկան է, իսկ մյուսները` 12,11, այդուհանդերձ` դպրոց չեն գնում. «Ո՞նց գնան… Լեւոնն էլ ինը տարեկան ա, բայց դպրոց չեմ տվել, ոչ մեկն էլ կրթություն չի ստանում: Եթե դու ապրելու տեղ չունես ու ամեն վայրկյան սպասում ես, որ էստեղից էլ դուրս կշպրտեն` մյուս հարցերի մասին մտածել կարո՞ղ ես: Եթե հացի փող չունես, երեխայիդ դպրոց ուղարկես, բայց գիրք չառնես, ուրեմն` ի՞նչ, ուղարկեմ, որ ընդամենն անունը դպրոցակա՞ն դնեմ: Ամեն ինչ էնքան վատ ա, որ նկարագրելու չի: Հիմա եկել, ուզում եք մի բան հասկանալ, բայց ի՞նչ պատմեմ, եթե Դուք դիմացս կանգնած եք, իսկ իմ ուշքն ու միտքն էն ա, որ հես ա դուռը բացելու են ու մեզ շպրտեն դուրս»,- ասում է Մարինան` դանդաղ մոտենալով սեղանին, որի վրա դրված են հին, պատառոտված կտորներ, ու ինքը փորձում է դրանցից երեխաների համար մի բան կարել: Ամուսինն աշխատում է կենտրոնի ավտոկայանատեղիներից մեկում: Հարեւանուհին ասում է` «Առավոտ 9-ին գնում ա ու, երբ իրիկունը 11-ին գալիս ա, ոտքի վրա չի կարողանում կանգնել: Խեղճ մարդն էդքան աշխատում ա, որ մի կտոր հաց հասցնի երեխեքին: Որ տեսնեք գործից տուն գալուց` Ձեր լացը կգա, հոգնածությունից օրորվելով ա քայլում»: Համլետի օրավարձի գումարով կարողանում են միայն չորս երեխաների օրվա սնունդն ապահովել: Հարեւանուհին նաեւ ասում է, որ չորս երեխաներն իրար ձեռք բռնած փողոցների աղբամանները քչփորելով` շշեր են հավաքում ու դրանք հանձնելով` մոմ են գնում:

Մարինա եւ Համլետ Բալաբեկյաններին իրենց չորս երեխաների հետ հանրակացարանում զբաղեցրած սենյակից դուրս գալու պահանջ են ներկայացրել: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալությունից տեղեկացրել են, որ ընտանիքին ժամանակավոր են թույլ տվել ապրել այդ սենյակում, մինչդեռ, մեկ տարի ապրելով հանդերձ, ներկայումս պարտավոր են լքել տարածքը: «Մուրադ անունով աշխատակից կա, ասեց` պիտի դուրս գաք, մենք չենք կարող ապահովել բնակարանով: Հարեւանները նույնպես ամեն օր կռիվ են սարքում, որ սենյակն ազատենք: Բողոքում են, թե երեխաներն աղմկում, իրենց հանգիստը խանգարում են: Հիմա առիթ են ման գալիս, որ վիճաբանություն հրահրեն, ու մեզ վռնդելու գործողություններն արագանան»,- ասում է Մարինան, ով հարեւաններին չանհանգստացնելու վախից` առավոտից իրիկուն երեխաներին ուղարկում է բակ, որ սենյակից ձայն չլսվի: Նույն շենքի բնակիչներից մեկը վստահեցնում է, որ մեկ ամիս հանրակացարանի միջանցքում, այնուհետեւ` մեկ տարի նշյալ սենյակում ապրելու ընթացքում ամուսիններն առհասարակ արգելում էին երեխաներին բակում խաղալ. «Մենք միշտ զարմանում էինք, թե էս երեխեքը ոնց են մի սենյակում միշտ մնում ու դուրս չէին գալիս, չէին շփվում երեխեքի հետ: Բայց հարեւանների հետ վիճաբանություններից հետո էս կինը ստիպված երեխեքին առավոտից իրիկուն դրսում ա պահում: Մեղք էլ են, ախր, սրանք մանկություն չունեն: Ժամերով խոսացնես` չեն խոսա, էս երեխեքի հոգեկան աշխարհը լրիվ խեղված ա»:

Մարինա Բալաբեկյանը նամակներով դիմել է պետական համապատասխան կառույցներին, մասնավորապես` ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանին` խնդրելով որպես փախստական` մի փոքրիկ տարածք հատկացնել, բայց անօգուտ: Նաեւ դիմել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` խնդրելով Հայաստանից վտարել, որպեսզի որեւէ այլ երկրից ապաստան խնդրեն, բայց պատասխան չի ստացել: Անօթեւան այս ընտանիքը մեր երկրում եւ՛ կա, եւ՛ չկա: Որեւէ տարածքում գրանցվել չկարողանալու պատճառով նույնիսկ չեն կարողանում հաշվառվել, որպես նպաստառու: Մինչդեռ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ամեն տարի «հրճվանքով» հայտարարում է, որ նպաստառուների թիվը կրճատվել է:

Հ.Գ. Մ. Բալաբեկյանն ինձ ճանապարհելիս դուռը թաքուն բացեց, համոզվեց, որ տարածքում մարդ չկա, հետո միայն թույլ տվեց գաղտնի, վազելով հեռանալ: Ասում է` եթե հարեւաններն իմանան` գրոհ կսկսեն: Հանրակացարանի այս սենյակի նկատմամբ մյուսների հետաքրքրությունը հիմնավորվում է, երբ ոմանք սենյակները վաճառելու մասին խոսակցություններ են վարում: