Ներկայումս Freenet.am-ն ունի էլեկտրոնային փոստի թվով 2500 բաժանորդ, իսկ նախագծում գրանցված կայքերի քանակը 4500 է: Շատերը գուցե անգամ չհիշեն, թե ժամանակին ինչ դերակատարում ուներ Հայկական ազատ ցանցը` Freenet.am-ը հայկական ինտերնետի համար. տասնյակ փորձերից հետո վերջապես լսվում էր բաղձալի խշշոցը, ու բացվում էր որեւէ կայքէջ: Նախագծի նպատակն էր` աջակցել Հայաստանի ինտերնետի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Պորտալը տրամադրում էր ազատ էլեկտրոնային փոստի (e-mail service), ազատ վեբ-կայքերի տեղադրում (web hosting), ինչպես նաեւ ազատ հեռախոսագծային միացում (dial-up access): Freenet.am-ն ազատ ծառայություններ էր տրամադրում անհատներին, ուսումնական, գիտահետազոտական, պետական եւ այլ` շահույթ չհետապնդող ընկերություններին: Ինտերնետի տարածմանը զուգահեռ, սակայն, Freenet-ը սկսեց զիջել իր դիրքերը, մարդիկ հիմնականում սկսեցին օգտվել ինտերնետից, եւ, եթե այսպես շարունակվի, ապա Freenet-ը շուտով ուղղակի «կմահանա»: Այսօր, սակայն, «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը մտադիր է «վերակենդանացնելու» Freenet.am-ը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը: Նրա խոսքով` այժմ իրենք քննարկում են բոլոր հնարավոր տարբերակները, որոնք կօգնեն երկարաձգել Freenet-ի կյանքը: Ըստ Ի. Մկրտումյանի` անցյալ տարի կայքը վերագրանցել են եւ որոշ փոփոխություններ են կատարել: Ի. Մկրտումյանը նշեց, որ, այնուամենայնիվ, չնայած ինտերնետի զարգացմանը` Freenet-ի տրամադրած հայալեզու էլ. փոստը դեռ պահանջարկ ունի: «Մենք այժմ մտածում ենք, թե ինչ ուղղությամբ զարգացնենք Freenet.am-ը, որպեսզի այն պահանջված լինի նաեւ այսօր: Անցել է մի ամբողջ պատմություն, եւ մենք բավականաչափ ջանքեր ենք ներդրել, պետք է անենք հնարավորը, որ այդ նախագիծը շարունակի գոյատեւել»,- ասաց Ի. Մկրտումյանը:
Հիշեցնենք, որ Freenet.am-ը ստեղծվել է 1997թ. Հայաստանում UNDP-ի «Internet Project»-ի շրջանակներում:
Լուսինե ՄՈՎՍԻՍՅԱՆ