Երեկ ԱԺ-ն երկու ընթերցմամբ ընդունել է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը: Մեր թղթակցի հարցին, թե ջրաբանների պնդմամբ` նշյալ օրինագծի ետեւում բացառապես մասնավոր շահեր են թաքնված, քանի որ Սեւանա լճից բաց թողնված ջրի առավելագույնը 20%-ն է հասնում գյուղացիներին, իսկ մնացյալ 80%-ը` կորում է, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատասխանել է. «Բնապահպանները հիմա Սեւանի համա՞ր են մտահոգ, թե՞ մտահոգ են, որ գյուղացուն չի հասնելու: Բացարձակապես մասնավոր շահ չեմ գտնում, եթե խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը ջրամատակարարումով ապահովելուն: Հիմա Դուք որի՞ կողմնակիցն եք` գյուղացուն ջուր տա՞նք, թե՞ չտանք»: «Այսինքն` օրինագիծն ընդունել եք ի շահ գյուղացիների՞» հարցին էլ Այվազյանը պատասխանել է. «Համենայնդեպս, ոչ ի շահ ինձ»: Նաեւ հավելել է. «Էնպես որ` գյուղացուն պետք ա ջուր: Ժամանակին նույն մեր հայրենիքին էլ հոսանք էր պետք: Այսինքն` ջրամատակարարման համար պետք է թույլտվություն, այլ խնդիր է, թե դա ինչպե՞ս է իրականացվելու»: Ի դեպ, երեկ մեր թղթակիցը փորձել է որոշ տեղեկություններ ստանալ նաեւ ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանից, սակայն նրա օգնականը պատասխանել է, թե պարոն Բալասանյանը հարսանիք է գնացել: