Սոցիալական բարեփոխումների … սուռոգատ

07/12/2005 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Վրաստանում կենսաթոշակային բարեփոխումներն այն աստիճանի են շիկացրել կրքերը, որ երկու խմբի բաժանված պատգամավորների բանակները փորձում են իրենց ճշմարտացիությունն ապացուցել ձեռնամարտում: Սկզբում քիչ էր մնում իրար ծեծեին իշխանական «Միացյալ ազգային շարժման» գաղափարախոս Գիգա Բոկերիան եւ ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատ» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Կոբա Դավիթաշվիլին: Բայց բանն ավարտվեց փոխադարձ վիրավորանքներով. իրար վրա հարձակվելու պատրաստ պատգամավորներին կանգնեցրին գործընկերները: Իսկ նույն այդ խմբակցությունների՝ Թբիլիսիի քաղխորհրդի ներկայացուցիչներին ոչ ոք չկարողացավ կանգնեցնել: Քաղաքային օրենսդիրները սրտներն ուզածի չափ թափահարեցին բռունցքները եւ նույնիսկ արյուն թափեցին հեռուստախցիկների առաջ: Կռվից հետո քաղաքապետարանից դուրս եկավ նույն Դավիթաշվիլին, որ հասցրել էր խորհրդարանի շենքից տեղափոխվել քաղաքապետարան, եւ բողոքի ակցիա անցկացնող թոշակառուներին հայտարարեց՝ «Այս իշխանությունների հետ անհնարին է խոսելը: Ժամանակն է նրանց հեռացնելու»:

Եվ այսպես, ի՞նչ բարեփոխումներ են պատրաստվում անել իշխանությունները, որոնք անդադար խոսում են սոցիալապես անապահով խավերի, այդ թվում` եւ թոշակառուների նկատմամբ իրենց հոգատարությունից: Եթե համառոտ ասենք՝ բաց թողնելով այն հանգամանքը, որ կանանց թոշակի տարիքը 60-ից հասցնում են 65-ի, ապա խոսքը պարզապես համահարթեցման մասին է: Հաջորդ տարվանից Վրաստանում թոշակը կկազմի 38 լարի (մոտ 20 դոլար)՝ ներկայիս 28-ի փոխարեն, սակայն հաշվի չեն առնվելու աշխատանքային ստաժը, պատերազմի մասնակից լինելը, աշխատանքային վաստակը եւ այլն: Արված վերապահությունն ուղղակի ցինիկ է հնչում՝ ավելացված թոշակ ստանալու են նախկին պատգամավորները, դատավորներն ու այլ անձինք, ովքեր եղել են իշխանության վերին էշելոններում: Ընդ որում՝ ավելացված թոշակի չափը ներկայիս 1000 լարիից իջեցվում է մինչեւ 560-ի, դրանից ավելի ոչ մի թոշակառու չի ստանալու: Ինչպես պարզաբանեց խորհրդարանի Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Գիգի Ծերեթելին, այսօր մի քանի տասնյակ մարդ ստանում է 1200-ից 5000 լարի թոշակ, մոտ 1000 մարդ՝ 600 լարիից ավելի: «Միջինը 28 լարի թոշակի պայմաններում, որ ստանում են հասարակ քաղաքացիները, կառավարությունն անթույլատրելի է համարում սոցիալական շերտավորման խորացումը եւ որոշում է կայացրել սահմանել թոշակի առավելագույն չափ»,- ընդգծեց Ծերեթելին: Մարդասիրակա՞ն քայլ է: Կարծես թե այո: Բայց եթե ուշադիր նայենք…

Մի կողմ թողնենք սեփական անձի նկատմամբ իշխանություն ունեցողների հոգատարությունը: Դա երեւում է նույնիսկ անզեն աչքով: Մնում է միայն ենթադրել, որ պետական կառավարման գործընթացներին մասնակցելու ընթացքում (ի դեպ, այն սահմանափակվում է առավելագույնը 10 տարի ժամկետով) այդ մարդիկ ավելի շատ են հոգնելու, քան, ասենք, լավ բժիշկը կամ ցանկացած մասնագետ, որը, հանգստի անցնելով, ստիպված է լինելու ապրել 38 լարիով:

Մի կողմ թողնենք եւ այն, որ իշխանություններն անընդհատ գլուխ են գովում, թե սկսել են թոշակներն առանց ուշացումների վճարել եւ բարձրացրել են այն: Չեն խոսում այն մասին, որ չկարողացան կանգնեցնել գների աճը, որ ամեն ինչի գների համատարած թանկացումն արժեզրկում է թոշակների բարձրացումն ընդհանրապես: Եվ ի՞նչ ունենք մենք հիմա: Ոչինչ:

Այս իրավիճակը մի փոքր հիշեցնում է հին անեկդոտն այն մասին, թե ինչպես դեկաբրիստի թոռնուհին, տեսնելով բոլշեւիկների՝ հարուստներից ազատվելու կոչերով կարգախոսները, հիշում է պապի երազանքը՝ որ չլինեն աղքատներ: Եթե խոսենք խնդրի բարոյական կողմի մասին, ապա ինչո՞ւ պիտի աղքատ երկրի պատգամավորը կամ նախարարը (երկրի, որն աղքատ է հենց վատ օրենքների ու դրանց վատ գործելու, այսինքն՝ հենց նրանց նմանների անտաղանդության պատճառով), մի քանի անգամ ավելի շատ ստանա սովորական քաղաքացուց, որը նույն այդ վատ օրենսդիրների ու գործադիրների զոհն է: Փոքր-ինչ մտածելու դեպքում, ստացվում է, որ կուսակցական ցուցակներով խորհրդարանում հայտնված ոմն պատգամավոր, ի նշան երախտագիտության, որ դրոշ է թափահարել ու «Վարդերի հեղափոխության» մասին կոկորդ ճղել, կամ իր գործունեությամբ առանձնապես աչքի չընկած ոմն գործիչ իշխանության վերին օղակներում լինելու փաստով՝ ներկայիս հասարակության համար` ուսուցչից, բժշկից, փոքրաթիվ վետերաններից ավելի արժեքավոր է: Իսկ եթե դիմենք որեւէ փորձագետ-տնտեսագետի, ապա կարելի է լսել մոտավորապես այն, ինչ «168 Ժամ»-ին ասաց պրոֆեսոր Ալեքսանդր Թվալչրելիձեն. «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, չի կարելի բարեփոխում կոչել, սա ինչ-որ սուռոգատ է: Սոցիալական բարեփոխումներն ընդհանրապես Վրաստանի ներքին քաղաքականության ամենաթույլ տեղն են: Սոցիալական ապահովագրությունը հիմնվում է երեք սյուների վրա՝ պարտադիր պետական ապահովագրություն, կամավոր պետական եւ մասնավոր ապահովագրություն: Վերջին օղակն ընդհանրապես չի գործում, մնացածներն էլ թերություններ ունեն: Եվս մի խնդիր կա. Վրաստանում չկան կենսաթոշակային բարեփոխումների մասնագետներ, եւ դա` այն դեպքում, երբ մենք ունենք 750.000-ից ոչ պակաս թոշակառուներ՝ բնակչության մոտ 25%-ը: Բոլոր նորմալ երկրներում թոշակներն ուղիղ համեմատական են աշխատավարձին: Իշխանություններն իրենք իրենց համար դանդաղ գործող ական են պատրաստում. հիմա Վրաստանում նորմալ արհմիություններ գոյություն չունեն, բայց վաղ թե ուշ հայտնվելու են»:

Իսկ առայժմ «արհմիութենական առաջնորդի» դերը ստանձնել է Կոբա Դավիթաշվիլին, որն արդեն մի քանի անգամ թոշակների վճարման առիթով դատի է տվել իշխանություններին: Հիմա նա մտադիր է ստեղծել թոշակառուների հասարակական շարժում, ինչի մասին հայտնեց մամուլի ասուլիսի ժամանակ: Միխայիլ Սահակաշվիլիի արդեն նախկին կողմնակիցը հայտարարեց, որ եկել է այն եզրակացության, որ նման կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտություն կա: «Այս օրինագիծը ժողովրդին խաբելու համար է եւ կառավարության կողմից ուղղակի լկտիություն է: Այն հակասում է իշխանությունների նախընտրական խոստումներին»,- հայտարարեց Դավիթաշվիլին:

Իրավիճակը շիկանում է: Կրքերը հանդարտեցնել չհաջողվեց նույնիսկ Սահակաշվիլիի հատուկ կարգադրությամբ, որով նախագահի թոշակը հավասարվում է նվազագույն կենսաթոշակին՝ 38 լարի: