Զմայլանքի գինը

23/06/2012

«Զմայլվում եմ Հայաստանի տնտեսությամբ»,- երեկ Երեւանում կայացած գործարար համաժողովի ժամանակ նման հայտարարություն է արել Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի գլխավոր քարտուղար Օրսալիա Կալանցոպուլոսը: «Հայաստանը միակ երկիրն է, որ կարողացել է հասնել ծրագրված հարկաբյուջետային ցուցանիշներին նախընտրական փուլում»,- ասել է նա` ավելացնելով, որ հարկաբյուջետային ցուցանիշների կատարողականը ցույց է տալիս, որ Հայաստանում կա կարգապահություն եւ ունակություն` դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք ծառացած են ողջ աշխարհի առջեւ: Ավելորդ է ասել, որ երեկվա այս միջոցառումից առաջ եւ հետո տիկին Կալանցոպուլոսը հանդիպել է Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ եւ իր «զմայլանքը» նաեւ ստացիոնար փոխանցելու առիթներ է ունեցել: Հայաստանի քաղաքացիների ու Հայաստանում ոչ օլիգարխիկ բիզնեսով զբաղվող մարդկանց ուղղված ծաղրի հասնող այս հայտարարության տակ թաքնված է այն մոտեցումը, որով աշխարհն «աշխատում» է Հայաստանի իշխանությունների հետ: Այդ մոտեցումը նույնն է բոլոր ոլորտներում: Ինչպես միջազգային դիտորդական կազմակերպություններն են հերթական խայտառակ ընտրություններից հետո գովասանքի խոսքեր հնչեցնում ՀՀ իշխանությունների հասցեին, հայկական ընտրությունները համեմատում եվրոպականի հետ, այնպես էլ Հայաստանին «փող տվող» կառույցներն են վարվում տնտեսության բնագավառում: Ի վերջո, բոլոր այդ կառույցները մեկ ընդհանուր համակարգի մաս են կազմում եւ գործում են միասնական քաղաքականության շրջանակներում: Նման հայտարարությունները գին ունեն, շատ որոշակի գին, որը իշխանությունները վճարելու են «փողով ընտրություններ» անցկացնելու ու «եվրոպական չափանիշներին համապատասխանելու», մենաշնորհների վրա հիմնված, ֆեոդալական տիպի տնտեսություն հաստատելու ու «զմայլանքի» արժանանալու համար: Վճարելու են Հայաստանի Հանրապետության հաշվին: