Չի լինի քնած հանձնաժողով

23/06/2012

ԱԺ մշտական հանձնաժողովները երեկ ընտրեցին հանձնաժողովի նախագահի տեղակալներին: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը: Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում կան անսահմանափակ խնդիրներ: Արդյոք Մ.Եսայանը պատկերացնո՞ւմ է, թե ինչ գործունեություն է սպասվում իրեն, եւ ինչ խնդիրներ կարող է լուծել, հատկապես որ, գրեթե բոլոր ոլորտներում ամեն քայլափոխի ոտնահարվում են մարդու իրավունքները: «Երբ ես ընտրեցի այս, շատ լավ գիտակցում էի, թե ինչ պատասխանատվություն է դա: Լրագրող աշխատած տարիներին բոլորս բախվում ենք հատկապես մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին եւ տեսնում ենք, որ այդ ոլորտում մենք շատ անելիքներ ունենք: Մարդու իրավունքների խնդիրը շատ է կարեւորվում եվրոպական եւ միջազգային կառույցների կողմից: Ես` որպես ԱԺ պատգամավոր, այսօր արդեն, ինչպես նախկինում` որպես լրագրող, շատ լավ ընկալում եմ, որ բավականին շատ անելիքներ ունենք: Իմ ընտրությունը պատահական չէ, ես հատուկ եմ ընտրել այս հանձնաժողովը, որովհետեւ գիտակցել եմ, որ այդ ոլորտում բավականին բաց կա: Հուսով եմ, որ իմ աշխատանքով այդ բացը ինչ-որ չափով կլրացնեմ: Շատ ուրախ եմ, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաեւ ընդդիմադիր ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների երկու հայտնի գործիչներ` Ստեփան Դեմիրճյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Համոզված եմ, որ նրանց մասնակցությունն այս հանձնաժողովի աշխատանքներին միայն օգտակար է լինելու, հատկապես, երբ այսօր իշխող քաղաքական ուժը` ՀՀԿ-ն, շատ լավ գիտակցում է, որ մենք ճանապարհ ունենք անցնելու եւ բավականին լուրջ բարեփոխումներ ունենք իրականացնելու այդ ոլորտում»,- ասաց Մ.Եսայանը:

Մարդու իրավունքների խոչընդոտման հետ կապված հարցերում մարդիկ բախվում են պետական կառույցներին, այն իշխանությանը, որի ներկայացուցիչն է Մ.Եսայանը: Արդյո՞ք նման պայմաններում նա կարող է ազատ լինել այդ խնդիրները բարձրացնելիս: «Այս ընթացքում, երբ ստացել եմ պատգամավորական մանդատ, արդեն բազմաթիվ հեռախոսազանգեր ու նամակներ եմ ստացել ՀՀ տարբեր բնակավայրերի քաղաքացիներից: Մարդիկ ինձ դիմում են ակնկալիքով, որ իրենց խնդիրների լուծմանը աջակից կլինեմ: Դա ինձ համար նոր դաշտ չէ, գրեթե նույնանման վիճակ էր այն ժամանակ, երբ լրագրող էի: Այդ խնդիրների մեծ մասը կապված են սոցիալ-կենցաղային, դատաիրավական համակարգի հետ: Եվ երբեմն թեթեւ միջամտությունը, խնդիրներին ծանոթանալուց հետո` պատկան մարմինների հետ զրույցներն օգնում են որոշ չափով լուծել դրանք: Բացի այդ, մեր քաղաքացիները նաեւ մարդկային շփման կարիք ունեն: Արդեն ունենք ընդունելությունների օրեր, եւ մեր հանձնաժողովների անդամները կհանդիպեն քաղաքացիների հետ, կլսեն նրանց բողոքները: Սա չի լինելու քնած հանձնաժողով, հանձնաժողովի անդամների հետ մտադիր ենք ակտիվացնել այն»,- ասում է պատգամավորը: