Միջազգային Ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցն ու ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանի վերջերս տված հարցազրույցն աստիճանաբար լուրջ քննարկման առարկա է դառնում նաեւ Արցախի շրջաններում: Վերջերս ԼՂՀ Հադրութ քաղաքում կազմակերպված քննարկումներին մասնակցում էին Արցախյան շարժման ակտիվիստներ, պատերազմի մասնակիցներ, հաշմանդամներ, կանայք, ովքեր ծառայում էին պաշտպանության բանակում:
Հավաքվածների եզրահանգումը միակն է`զեկույցն ու Հ. Քոթանջյանի պլանն անընդունելի են Ղարաբաղի ժողովրդի համար: Ինչպես նշվել է քննարկման ընթացքում, 1988-ին, երբ ղարաբաղցիները, գործող օրենքի համաձայն, բարձրացրել են Ադրբեջանի կազմից դուրս գալու հարցը, որն Արցախի հանդեպ վարում էր սպիտակ ցեղասպանության քաղաքականություն (ինչպես Նախիջեւանում), Ադրբեջանի կառավարությունը հայերին դուրս հանեց Շահումյանի եւ Գետաշենի շրջանից: Եվ այդ ամենը կատարվել է խաղաղարար ուժերի ներկայությամբ, որոնց Ղարաբաղ էին ուղարկել իբր թե վերահսկելու իրավիճակը: Նրանց ներկայությամբ Հադրութի շրջանի Տող գյուղում 5-ամյա տղայի աչքի առաջ ադրբեջանցի համագյուղացիները սպանել են ընտանիքի 5 անդամներին:
Քննարկման մասնակիցները որոշեցին դեպքի մասին գրել ՄՃԽ-ի Կովկասյան ծրագրի ղեկավար Սաբինա Ֆրայզերին, որը համարձակորեն երաշխավորում է հարյուր հազարավոր ղարաբաղցիների անվտանգությունը: Եվ այդ տղայի ճակատագրին արժանացած մարդիկ Ղարաբաղում շատ կան: Հավաքվածների խոսքերով, խաղաղարար ուժերի մուտքը կբերի նոր պատերազմի, քանի որ անցյալի փորձը ցույց է տալիս, որ խաղաղարարները զբաղվում են հատուկ մարդկանց «որսով»: Ներկաները զարմանում էին հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային կազմակերպությունների կողմից ցուցաբերվող վերաբերմունքից: Միջազգային ճգնաժամային խումբն ինչպե՞ս կարող է ազատագրված տարածքների Ադրբեջանին վերադարձնելու դեպքում համոզված պատասխանատվություն կրել ղարաբաղցիների կյանքի համար, երբ Եվրոպայի կենտրոնում արդեն ծագում են ազգային անվտանգության խնդիրներ: «Վատ չէր լինի, եթե տիկին Ֆրայզերը հանդիպեր այն մարդկանց հետ, որոնց ճակատագիրը նա այդքան թեթեւությամբ ուզում է որոշել»,- այս կարծիքն արտահայտվեց հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանի նորից հանրաքվե անցկացնելու հայտարարությանը` ներկաները նշեցին, որ ոչ ոք նրան իրավունք չի տվել որոշում կայացնել ղարաբաղցիների փոխարեն:
Հարցի առնչությամբ մեկնաբանություն է տվել նաեւ Շուշիում գործող «ԼՂՀ փախստականների կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Սանասար Սարյանը, որը նշել է. «Ցավալիորեն, պարոն Քոթանջյանի հնչեցրած գաղափարները նման են Միջազգային ճգնաժամային խմբի դիրքորոշմանը, մասնավորապես՝ լրացուցիչ հանրաքվե անցկացնելու մասով: Սակայն ուրախացնում է այն, որ փախստականների վերադարձի հարցը դիտարկվում է տրամագծորեն հակառակ լույսի ներքո: Հիշեցնենք, որ ՄՃԽ զեկույցում պերճախոսորեն լուռ են Ադրբեջանի կես միլիոն հայ փախստականների մասին, ինչպես նաեւ` պատերազմի արդյունքում տուժած բոլոր բնակափոխ անձանց` անկախ ազգային եւ աշխարհագրական դիրքից, համապատասխան եւ կշռադատված օգնության տրամադրման անհրաժեշտության մասին: Թե՞ զեկույցի հեղինակների կարծիքով, հայ փախստականները չունեն մարդկային որեւէ իրավունք: Իսկ գուցե նրանք հասկանում են հայ փախստականների Ադրբեջան` իրենց նախկին բնակատեղեր վերադառնալու անհեռանկարային լինելը, որտեղ ոչ միայն չի դադարում, այլեւ ավելի է ուժեղանում հակահայկական հիստերիան եւ արմատավորվում է հայի` որպես ադրբեջանական ժողովրդի թշնամու կերպարը»:
Պարոն Քոթանջյանն առաջարկում է չշտապեցնել փախստականների վերադարձի գործընթացը. «Մեզ համար առավել ընդունելի է նախկին մշտական բնակավայրեր «երկկողմանի հոժարակամ վերադարձ» ձեւակերպումը»: Ս. Սարյանի խոսքերով, Փախստականների կոմիտեն բազմիցս փորձել է միջազգային հանրությանը հիշեցնել Ադրբեջանից հայ փախստականների ոտնահարված իրավունքների վերականգնման հարցի նկատմամբ իրավահավասար մոտեցման անհրաժեշտության մասին. «Մենք չենք կարող անվերջ մնալ մեր քաղաքաիրավական գոյության անցողիկ կարգավիճակում: Եթե Ադրբեջանն այսուհետեւ հրաժարվի քննարկել ԼՂՀ հետ այդ հարցը, մենք` փախստականներս, մեզ իրավունք ենք վերապահում որոշակի ժամանակով բնակեցնել Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկվող տարածքները, արդեն որպես ԼՂՀ լիիրավ քաղաքացիներ: Ղարաբաղում 15 տարուց ավելի բնակվելով` հայ փախստականները եւ ժամանակավոր բնակափոխ անձինք լիակատար իրավունք ունեն ինտեգրվելու ղարաբաղյան հասարակության մեջ: Ադրբեջանից փախած կես միլիոն հայերից մոտ 100 հազարը սկզբնական շրջանում Ղարաբաղում ապաստան եւ որոշակի նյութական աջակցություն են գտել: Սակայն մեր ներկայիս դրության համար լիովին պատասխանատվություն է կրում ադրբեջանական պետությունը, որը պատերազմ է սանձազերծել հայ բնակչության դեմ: Այս գործում վճռական դեր պետք է խաղա միջազգային հանրությունը` Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, ինչպես` քաղաքական իրավունքների վերականգնման, այնպես էլ` փախստականների եւ ժամանակավոր բնակափոխ անձանց բոլոր կատեգորիաների բարոյական եւ նյութական փոխհատուցումների գործում»,- ասաց պարոն Սարյանը: