Սեւանով՝ Ենիսեյ ու Բոսֆոր

23/06/2012

Երեկ ԱԺ-ն երկու ընթերցմամբ ընդունել է Սեւանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր բաց թողնելու մասին օրինագիծը: Ընդ որում` օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի է ունեցել բավական արագ:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ՀՀ կառավարության նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը հանդես էր եկել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով: Ըստ դրանց` այս տարի Սեւանա լճից ջրի բացթողումները հասցվելու են 320 մլն խմ-ի, որից 170 մլն խմ-ն թույլատրվում է` համաձայն «Սեւանա լճի մասին» օրենքի: Երեկ ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու նշյալ օրինագծին, քանի որ դա բնապահպանական լուրջ խնդիր է: «Կառավարությունը պարտավոր է նախապես ճշտել հնարավորությունները, եւ այդ առումով մենք ունենք ռեսուրսներ, որոնք օգտագործելով` կարող էր ջրի դեֆիցիտ չառաջացնել, ինչն էլ պատճառ դարձավ Սեւանից ջուր վերցնելուն: Պատճառներից մեկը դա էր: Կառավարությունը մտել է ԱԺ որոշակի կարգախոսով, որը ես բնորոշեցի` որպես «ժողովրդի էմոցիան գողանալու» կարգախոս: Իսկ դա հետեւյալն էր` պետք է կողմ քվեարկել այս նախագծին, այլապես ժողովուրդը ջուր չի ունենա, Արարատյան դաշտում եւ մյուս շրջաններում սպասում են ջրի: Այսինքն` մի իրավիճակ է ստեղծել, որ եթե դեմ քվեարկես, ապա ժողովուրդը կասի, թե` այդ մարդիկ չե՞ն հասկանում, որ ջրի կարիք ունենք: Եվ այս պահին դժվար է բացատրել գյուղատնտեսությունում ընդգրկված մարդկանց, որ Կառավարության քաղաքականության պատճառով է, որ Կառավարությունը նման դեպքերի չի նախապատրաստվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում ջրի դեֆիցիտ չառաջանա: Եվ 3-րդ, 4-րդ կարգի պետություններին է հատուկ` օգտագործել ընդերքը, կամ ընդերքից վերցնել եւ ոչինչ չտալ ընդերքին: Ցավոք, ոչ միայն Սեւանա լճի, այլեւ հանքարդյունաբերության առումով դա մոտեցում է դարձել, որը պատիվ չի բերում որեւէ պետության»,- մեզ հետ զրույցում ասաց Ռ. Հակոբյանը: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ` իրենց կուսակցությունը կողմ է քվեարկել օրինագծին, քանի որ խոսքը վերաբերում էր գյուղացու շահերին: «Մեր խմբակցությունում բավական բուռն է եղել քննարկումը, որովհետեւ որոշակի խնդիրներ կային: Բայց մեկ բան հստակ է` քարոզարշավի ընթացքում մենք եղել ենք հանրապետության բոլոր մեծ եւ փոքր գյուղերում, եւ հիմնական խնդիրներից մեկը, որ գյուղացիները բարձրացնում էին` ոռոգման ջրի խնդիրն էր: Այսօր, իսկապես, գյուղական համայնքները կանգնած են ծայրահեղ խնդիրների առջեւ: Գյուղական համայնքներում աղքատությունն ուղղակի կատաստրոֆիկ է: Մենք, իհարկե, հասկանում ենք, բավական խնդիրներ կան Սեւանի ընդհանրապես պրոբլեմը կարգավորելու համար: Այսինքն` պետք է հասկանանք, որ հիմա գյուղացուն չպետք է թողնենք առանց ոռոգման ջրի: Մեզ դիմել էին Շիրակի, Տավուշի, Լոռու, ինչպես նաեւ` Արարատի մարզերի գյուղացիներ, եւ նաեւ նրանց առաջարկն էր, որ չփորձենք նախագիծը քաղաքականացնել, որովհետեւ իրենց այսօր հետաքրքրում է մեկ խնդիր, որպեսզի իրենք կարողանան ոռոգել իրենց հողը»,- ասաց Ն. Զոհրաբյանը: Նրա հետ միակարծիք է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ում գնահատմամբ` 2002-ից Սեւանա լիճը սկսել է աննախադեպ տեմպերով բարձրանալ: «Սեւանը 2002թ. մինչ օրս բարձրացել է 4 մետր 15սմ, եւ հիմա մեր կառավարությունը ջուր է ուզում մեր ժողովրդին տալու համար: Հիմա ի՞նչ` չտա՞նք»,- երեկ

ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց Վ. Այվազյանը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը Վ. Այվազյանի այս ելույթից հետո հարց ուղղեց նրան` «Պարոն Այվազյան, կարո՞ղ եք այնպես անել, որ Ենիսեյ գետն էլ Հայաստանով հոսի»: Վ. Հովհաննիսյանի խոսքն աժիոտաժ առաջացրեց Նիստերի դահլիճում, ինչի պատճառով Վ. Այվազյանի պատասխանը չլսվեց: Վերջինս, սակայն, ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասաց, թե իր պատասխանը Վ. Հովհաննիսյանին հետեւյալն է. «Երբ որ դուք Բոսֆորը կսարքեք արյան ծով, այն ժամանակ էլ մենք Հայաստանը կսարքենք ծովից ծով: Ենիսեյն էլ Հայաստանով կհոսի»:

Երեկ, երբ Վ. Այվազյանից հետաքրքրվեցինք, թե վերոնշյալ օրինագծերին կողմ քվեարկելու պատճառը որն է, պատասխանեց, թե դեմ քվեարկելու պատճառ չի տեսնում: Իսկ մեր այն դիտարկմանը, թե որոշ ջրաբանների խոսքով` նախ Սեւանա լճից բաց թողնված ջրի առավելագույնը 20%-ն է հասնում գյուղացիներին, եւ, որ մնացյալ 80%-ը կորում է, եւ երկրորդ` նշյալ օրինագծի ետեւում բացառապես մասնավոր շահեր են թաքնված, պատգամավորը պատասխանեց. «Բնապահպանները հիմա Սեւանի համա՞ր են մտահոգ, թե՞ մտահոգ են, որ գյուղացուն չի հասնելու: Բացարձակապես մասնավոր շահ չեմ գտնում, եթե խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը ջրամատակարարումով ապահովելուն: Հիմա Դուք որի՞ կողմնակիցն եք` գյուղացուն ջուր տա՞նք, թե՞ չտանք»: «Այսինքն` օրինագիծն ընդունել եք ի շահ գյուղացիների՞»` հարցրեցինք Վ. Այվազյանին: «Համենայնդեպս, ոչ ի շահ ինձ»,- պատասխանեց պատգամավորը: Նա նաեւ նշեց Սեւանի ջրի մակարդակի բարձրացման գործում կատարած իր աշխատանքի մասին` ասելով. «Ինչքան գիտեմ, պարոն Այվազյանն էլ ա աշխատել: Երբ որոշում է կայացվում, ուրեմն` բնական ռեսուրսների բանական օգտագործումն է ռեալ, ոչ թե այն, թե բնապահպանական ձեւով չի կարելի ոչ մի բանի ձեռ տալ: Էնպես որ` գյուղացուն պետք ա ջուր: Ժամանակին նույն մեր հայրենիքին էլ հոսանք էր պետք: Այսինքն` ջրամատակարարման համար պետք է թույլտվություն, այլ խնդիր է, թե դա ինչպե՞ս է իրականացվելու»:

Ի դեպ, մենք փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ նաեւ ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանից, սակայն չհաջողվեց, քանի որ, ըստ նրա օգնականի, պարոն Բալասանյանը հարսանիք էր գնացել: Ինչեւէ, «Կանաչների միություն» հ/կ-ի նախագահ Հակոբ Սանասարյանի դիտարկմամբ էլ` Սեւանա լճից 320 մլն խմ ջուր բաց թողնելը նախապես ծրագրվել էր: «Անցյալ տարի գիտեինք, որ Սեւանա լճի մակարդակը չպետք է բարձրանա, եւ մոտակա 3 տարիներին եւս լճի մակարդակը չպետք է բարձրանա: Դա ներքին պայմանավորվածություն էր: Իսկ հետո, երբ սկսեցին ներքին հիմնավորումներ տալ, թե երաշտ է, ջրամբարները լցված չեն, դրանք պարզապես ձեւակերպումներ են: Սեւանա լճի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովը Կառավարություն է ներկայացրել Սեւանա լճի մակարդակի բարձրացման մասին ժամանակացույց, ըստ որի` ջրի մակարդակը տարեկան չպետք է բարձրանա 20 սմ-ից ավելի: Իսկ հիմա գտնում են, թե այդ թիվը գերազանցել է: Այս ուղղությամբ նրանք կատարել են նույն աշխատանքը` ափամերձ թփերն ու ծառերը գիտակցաբար չեն մաքրել, որպեսզի անընդհատ մատնանշեն, որ պետությունը մեծ ծախսեր պետք է կրի այդ տարածքները մաքրելու համար»,- նշեց Հ. Սանասարյանը: Նրա փոխանցմամբ` ջրի մակարդակը չբարձրացնելու երկու հիմնական պատճառներ կան: «Համաշխարհային բանկը մատնանշում է, որ լճի մակարդակը չպետք է բարձրանա: Դա ամրագրված է 1996-97թթ. Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրում, որտեղ գրվում է, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը բերելու է տնտեսական բազմաթիվ վնասների, իսկ Որոտանի թունելի շահագործումն աննպատակահարմար է, եթե անգամ այդ շահագործման համար ծախսվի զրո դրամ»,- նկատեց բնապահպանը` երկրորդ պատճառը համարելով Սեւանա լճի ափին կառուցված մի շարք պաշտոնյաներին պատկանող կառույցների հանգամանքը:

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ