Давай, до свидания!

23/06/2012

Բրիտանական հեղինակավոր «Chatham House» վերլուծական կենտրոնն այս շաբաթ հետաքրքիր զեկույց է հրապարակել «Տեւական հրաժեշտը. Ռուսաստանի թուլացող ազդեցությունը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում» («The Long Goodbye:

Waning Russian Influence in the South Caucasus and Central Asia»), որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվում Ռուսաստանի` Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում վարած քաղաքականության եւ ունեցած քաղաքական, տնտեսական, մշակութային ազդեցության մասին:

Մեզ համար, իհարկե, առավել հետաքրքրական է Հայաստանի վերաբերյալ վերլուծությունը: Նախօրեին հայկական լրատվամիջոցներն, իհարկե, անդրադարձել են զեկույցի` Հայաստանին վերաբերող որոշ հատվածներին, սակայն այդ փաստաթղթում կան մի շարք այլ հետաքրքիր դրվագներ եւս: Զեկուցող Ջեյմս Նիքսին, խոսելով Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության մասին, գրում է. «Ռուսաստանի ազդեցության լծակներն այստեղ տարբեր են: Հայաստանում Ռուսաստանն ունի տնտեսական եւ ռազմական ներկայություն: Ռուսական ազդեցությունը Հայաստանում այնքան մեծ է, որ նրա ինքնիշխանության բացակայությունը պետք է Հայաստանի ամենագլխավոր մտահոգությունը դառնա»,- նշված է զեկույցում: Իսկ Հայաստանի հարեւան երկրներում ռուսական ազդեցությունը շատ ավելի թույլ է բնութագրվում: «Ադրբեջանի եւ հատկապես Վրաստանի կառավարություններն ավանդաբար ավելի մեծ մտահոգություն ունեն Ռուսաստանի վերաբերյալ, իսկ Հայաստանը չի կիսում այդ մտահոգությունը (համենայն դեպս, հրապարակայնորեն)»: Զեկույցում անդրադարձ է կատարվում նաեւ ղարաբաղյան հիմնահարցին: Նշվում է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հարցում աջակցում է Հայաստանին` Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու, Ադրբեջանում հակառուսական տրամադրություններին հակազդելու նպատակով եւ նաեւ Ռուսաստանում հայ համայնքի կարեւոր նշանակությունը հաշվի առնելով: Ի դեպ, զեկուցողը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի ամենամեծ լծակն է համարում այստեղ աշխատող միլիոնավոր ներգաղթյալների աշխատուժը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, զեկուցողը գրում է, որ Ադրբեջանը Ռուսաստանին համարում է «անազնիվ միջնորդ` միգուցե մասամբ հաշվի առնելով Ռուսաստանի արտգործնախարար եւ գլխավոր բանակցող Սերգեյ Լավրովի հայկական ծագումը», այնուհետեւ շարունակում է. «Ղարաբաղյան հակամարտության ամբողջական վերսկսումը կարող է վտանգել Ռուսաստանի դիրքերն Ադրբեջանում եւ Թուրքիայում, մասնավորապես, եթե հայերը ռազմական օգնություն խնդրեն»: Հայաստանի հարեւան երկրների հետ Ռուսաստանի ունեցած կապերի մասին զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում Ռուսաստանն «ավելի քիչ հաջողությունների է հասել եւ, մասնավորապես, այնտեղ Ռուսաստանի միջամտությունը էներգետիկ ոլորտին ավելի փոքր է: Ռուսաստանը վերահսկում է միայն Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը եւ ոչ մի գազամուղ: Իսկ 2003թ. Ռուսաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացումից հետո Ադրբեջանն ազատվեց Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից»:

Վրաստանի մասին նշվում է, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո ռուսական զորքերն այստեղից դուրս բերվեցին, «սակայն գնացին ոչ թե Ռուսաստան, այլ Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմաբազա»: Միաժամանակ նաեւ ասվում է, որ 2008 թվականից հետո «ռուսական բիզնեսը Վրաստանում չդադարեց գործել. մինչեւ 2008թ. կատարված ներդրումների մի մասը շարունակեցին գործել, եւ մինչ օրս էլ երկու երկրների միջեւ իրականացվում է սահմանային առեւտուր»: Անդրադառնալով Հայաստանի` Ռուսաստանից ունեցած տնտեսական կախվածության պատճառներին` Ջեյմս Նիքսին գրում է, որ «2003թ. Ռուսաստանի «Միացյալ էներգետիկ համակարգի» գլխավոր տնօրեն Անատոլի Չուբայսը ծրագրեց Հարավային Կովկասի երկրներն ինտեգրել Ռուսաստանի գլխավորությամբ գործող ավելի քան 10 նախկին խորհրդային պետությունների էներգամատակարարման ցանցին (…) եւ, ի վերջո, հենց նրա ջանքերի շնորհիվ Ռուսաստանն ամբողջական վերահսկողություն հաստատեց Հայաստանի էներգետիկ շուկայի նկատմամբ»: Սակայն առավել ուշագրավ է այն փաստը, որ, ըստ զեկույցի, Հայաստանում Ռուսաստանի հսկայական ազդեցության հաստատման գլխավոր մեղավոր է ներկայացվում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ռոբերտ Քոչարյանը` 1998-2008թթ. ՀՀ նախագահը, Հայաստանն արդյունավետ կերպով վաճառեց Չուբայսին եւ այլ ռուսական քաղաքական եւ առեւտրային շահերին: «Գազպրոմի» հայկական մասնաճյուղի` «ՀայՌուսգազարդի» շնորհիվ Ռուսաստանը վերահսկողություն սահմանեց Հայաստանի էներգետիկ համակարգի 80 տոկոսի նկատմամբ` ներառյալ Իրան-Հայաստան գազամուղի գերակշիռ մասը` այդպիսով հնարավորություն չտալով Հայաստանին դառնալու անկախ տարանցիկ երկիր իրանական գազը եվրոպական շուկա հասցնելու համար: Բացի այդ, Ռուսաստանը գնել է Հայաստանի հիդրոէլեկտրակայաններից երկուսը եւ ատոմակայանը` Հայաստանի պարտքի դիմաց»,- ասված է զեկույցում: Այնուհետեւ նշվում է ռուսական «Սիբիր» ավիաընկերության կողմից հայկական «Արմավիայի» 70 տոկոս բաժնեմասի, ռուսական «Վնեշտորգբանկի» կողմից «Հայխնայբանկի» 70 տոկոս բաժնեմասի վերահսկման եւ այլ ոլորտներում ռուսական տնտեսական գերակշռության մասին: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը հաջորդած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` զեկուցողը նրան բնութագրում է որպես «ակնհայտորեն ավելի քիչ ռուսամետ գործիչ»` ասելով, որ «մինչեւ նրա նախագահ ընտրվելը` 2008 թվականը, Հայաստանի մեծ մասն արդեն վաճառված էր»: Զեկույցի այս գնահատականն, անշուշտ, հետաքրքիր է, առավելեւս, եթե այս ամենը դիտարկում ենք վերջին շրջանում Արեւմուտքի` Սերժ Սարգսյանի վարչակարգի նկատմամբ բավական ջերմ, եթե չասենք` հիացական վերաբերմունքի ֆոնին (հիշենք, օրինակ, վերջերս` հունիսի 4-ին` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած այցի ժամանակ նրա` Ս. Սարգսյանին տրված բնութագիրը` «հիանալի առաջնորդ» կամ Հ. Քլինթոնի բարձր գնահատականը ՀՀ վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, իսկ մինչ այդ էլ` եվրոպական դիտորդների հիացական եւ, նույնիսկ, Կենտրոնական Եվրոպայի հետ համեմատության մեջ դրվող գնահատականները նույն ընտրությունների վերաբերյալ): Այս համատեքստում ուշագրավ է, որ ՀՀ նախագահին «ակնհայտորեն ավելի քիչ ռուսամետ գործիչ» որակող փորձագետները շրջանցել են այն հարցը, թե իր նախագահության չորս տարիների ընթացքում Ս. Սարգսյանը ի՞նչ լուրջ քայլեր է ձեռնարկել Հայաստանը տնտեսապես եւ քաղաքականապես ավելի անկախ դարձնելու համար: Իրան-Հայաստան գազամուղի իրավունքները, նրանով մղվող գազի չափը եւ գինը սահմանելու իրավունքներն առաջվա պես վերահսկում է «ՀայՌուսգազարդը», որն իրականում վերահսկում է «Գազպրոմը», որի պատճառով, ինչպես նշվել էր զեկույցում, Հայաստանը հնարավորություն չունի դառնալու անկախ տարանցիկ երկիր եւ, բացի այդ, չի կարող ավելի մատչելի գներով գազ ներմուծել Իրանից, քան ներմուծում է Ռուսաստանից: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման կոնցեսիան ձեռք է բերել «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, ի դեպ, Սերժ Սարգսյանի` նախագահ դառնալուց հետո, եւ այլն: Հիշեցնենք, որ հայ-ռուսական բարեկամության եւ համագործակցության մասին առաջին մեծ պայմանագիրը կնքվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ` 1997թ., Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանն անդամակցել է ավելի վաղ` դեռեւս 1992թ., իսկ ռուսական ռազմաբազան Հայաստանում միշտ ներկա է եղել` եւ՛ ԽՍՀՄ ժամանակաշրջանում, եւ՛ նրա փլուզումից հետո: Իսկ կրկին Ս. Սարգսյանի նախագահության օրոք` 2010 թ., 49 տարով երկարաձգվեց Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման պայմանագիրը: Այսինքն` իրականում Հայաստանի «ռուսականացման» գործընթացը սկսվել է Լ. Տեր-Պետրոսյանի օրոք, ամրապնդվել` Ռ. Քոչարյանի պաշտոնավարման շրջանում եւ շարունակվում է նաեւ այսօր: Հետեւաբար` բոլոր այս երեւույթները պետք է դիտել մեկ օրգանական միասնության մեջ, եւ պետության քաղաքականությունն անձնավորելը սկզբունքորեն սխալ մոտեցում է: Իսկ «Chatham House»-ի զեկույցի նման քաղաքական գնահատականները եւս մեկ անգամ ընդգծում են նախագահական ընտրություններից առաջ արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցող ուժերի միջեւ հակասությունները եւ վերջիններիս վրա արտաքին ուժերի ազդեցության փաստը: Ակնհայտ է, որ Արեւմուտքից եկող այս ազդանշանները ՀՀ իշխանությունները հարկ եղած դեպքում կօգտագործեն եւս մեկ անգամ իրենց իշխանությունը լեգիտիմացնելու եւ ներքին հակառակորդների դեմ ուղղելու համար, ինչը կարող է, իր հերթին, ազդել արեւմտամետ եւ ռուսամետ կողմնորոշում ունեցող ուժերի միջեւ պայքարի սրման վրա:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ