Հունիսի 21-ը ՀՀ կառավարության կողմից հատուկ սահմանված է` որպես բուժաշխատողի օր: Այդ օրը բուժաշխատողների համար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, տեղի են ունենում մրցանակների հանձնումներ: Այս տարի էլ բացառություն չէր: Հունիսի 21-ին, երեկոյան ժամը 19:00-ին Օպերայի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում պետական բարձր հովանու ներքո տեղի է ունեցել տոնական համերգ, որին հաջորդել է նախարարության ղեկավար կազմի խնջույքը: Պարզվում է` բուժաշխատողներն իրենց խնջույքն անցկացրել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Այս մասին երեկ մեր թղթակցին տեղեկացրել է «Մուրացան» հոսպիտալի քիթ-կոկորդի բաժանմունքի վարիչ, ավագ մայոր Վահե Ավետյանի քույրը` Վերոնիկա Ավետյանը: Այս տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են նաեւ Առողջապահության նախարարության աշխատակազմում: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Վ. Ավետյանն ու իր ընկերները դաժան ծեծի էին ենթարկվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, եւ մինչ օրս նրա վիճակը ծայրահեղ ծանր է: