Եթե լսես երկրի նախագահի խոսքը` արտասանած նորանշանակ կառավարության ներկայությամբ` առանց իմանալու` ով է գեղեցիկ այդ տողերի հեղինակը, կարող ես վկայել` բավականին ներկայանալի տեքստ է: Նախ` լսում ես` առանց հոգնելու: Եվ հետո` ինքդ էլ չես նկատում` ինչպես ես տեղ-տեղ գլխով համաձայնության նշաններ անում: Սակայն ամեն ինչ միանգամից փոխվում է, երբ գիտակցում ես` տեքստի հեղինակը ՀՀ նախագահն է: Նրան ունկնդրող նախարարները, հասկանալի է, նոթատետրում գրառումներ չէին անում: Անհրաժեշտություն չկար. եթե այն, ինչ ասում էր նախագահը, իրականություն լիներ, մեր շատ բարձրաստիճան պաշտոնյաներ առավոտյան կարթնանային գործազուրկ, իսկ օրեր անց իրենց կգտնեին անազատության մեջ:
Արդեն երկրորդ անգամ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակային ելույթում գործածում է «անբարոյական» բառը: Առաջին անգամ 2011թ. մարտի 14-ին, հանդիպելով ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ, անդրադառնալով մասնավոր մի դեպքի, ասաց. «Եթե դուք համակարգի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեք, ինչում ես վստահ եմ, համակարգի պատիվը համարում եք ձեր պատիվը, ինքներդ պետք է անձնական վիրավորանք զգաք եւ ինքներդ առաջինը պետք է գայիք ու այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք. «Ա՛յ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը» (խոսքը Ոստիկանության գնդապետ Հովիկ Թամամյանի մասին էր):
ՀՀ նորանշանակ կառավարության հետ հանդիպման ժամանակ էլ երկրի նախագահն ուղղակի ասաց. «Ով աչք ունի պետական բյուջեի վրա, պետական սեփականության վրա, ով ձեռքը մեկնում եւ ենթակայից փող է վերցնում, նա անբարոյական մարդ է»: Իհարկե, դժվար է կարծել, թե ոստիկանները, պետական բարձրաստիճան չինովնիկները, օլիգարխներն «անբարոյական» որակավորումից կարմրում են կամ անհարմար զգում: Նրանք, առհասարակ, երկրի նախագահից պատրաստ են լսել վերջին լուտանքները, միայն թե մնան իրենց պաշտոններին, այսինքն` ունենան լծակներ: Անհատականության սուր պակասը դահլիճում ներկա գտնվողներից եւ ոչ մեկին թույլ չտվեց որոշակի անհամաձայնություններ հայտնել, թեեւ նախագահի բոլոր մտքերն էլ վիճարկելի էին: Տպավորություն է, թե երկրի նախագահը մինչեւ վերջ չի պատկերացնում, որ ինքն է առաջին եւ հիմնական պատասխանատուն, որ իր ոչ այնքան եռանդուն, իսկ երբեմն` հոգնած աշխատանքի հետեւանքով երկրում ծաղկում է կոռուպցիան: Եվ, որ կոռուպցիան ընդունվում է որպես սովորական իրադարձություն, որի վրա առիթից առիթ զարմանում է միայն ինքը: Հիշենք, թե ժամանակին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ինչպես հրապարակավ հայտարարեց, թե ծրարով գումար է տալիս իր կուսակից նախարարներին, որպեսզի վերջիններս գայթակղություն չունենան հայացքներն ուղղել պետական գանձարանին: Հետեւաբար, այնպես էլ չէ, թե կառավարությունում չկան մարդիկ, ովքեր եկել են «մեկ տարի, երկու տարի, երեք տարի ժամանակ անցկացնելու, ինչ-որ բան ձեռք գցելու ու փախչելու»:
Երբ նախագահը խոսում է կոռուպցիան արմատախիլ անելու մասին, դահլիճում անխտիր բոլոր պաշտոնյաները գիտեն` ում դիմաց են այդ պահին նստած ամենակաշառակեր պետական ծառայողները: Ովքեր են հնարամտորեն թաքցնում պետական գանձարան ուղղվելիք միջոցները` նախընտրելով դրանք ունենալ սեփական հաշվեհամարներին: Ներկաներից բոլորը գիտեն` ո՛ր պաշտոնյաներն են անձեռնմխելի, ո՛ր օլիգարխն ունի արտոնյալ կարգավիճակ: Սերժ Սարգսյանն ինքն էլ անձամբ գիտի, սակայն ավելի հեշտ է ձեւացնել, թե ճանապարհիդ երբեւէ կաշառակերի չես հանդիպել: Հակառակ դեպքում` ստիպված ես վերհիշել նախընտրական խոստումներդ կամ հրաժարական տալ:
Այն ազատությունը, որով նախագահն իրեն թույլ է տալիս չկաշկանդվել հասարակական կարծիքից, անսահման է: Եվ դրությունն ամենեւին չի փոխում այն, որ «Մեր հասարակությունը հիմա արդեն շատ ավելի բաց հասարակություն է: (…) Մենք հպարտանում ենք դրանով եւ պետք է կարողանանք աշխատել այդպիսի պայմաններում»:
Նախագահական նստավայրում օրերս երկրի նախագահը խորհրդակցություն էր հրավիրել` այս անգամ էլ դատաիրավական համակարգի բարեփոխումների թեմայով: Ոլորտի պատասխանատուները տարբեր տարիքի են` երիտասարդ եւ տարեց, սակայն, դատելով նրանց խոնարհված ու հեզ հայացքից, բոլորն էլ հոգնած մարդկանց տպավորություն էին թողնում: Երբ նախագահը բարձրացնում է դատավորի անկախության հարցը, ներկաներից ոչ մեկը չի հակադարձում` քանի՞ գլուխ ունի դատավորը, որպեզի կարողանա ինքնուրույն վճիռ կայացնել: Պատկերացնո՞ւմ եք մի դատավորի, ով, դիցուք, Մարտի 1-ից հետո, լսելով կեղծ վկաներին կամ ուսումնասիրելով գործի նյութերը, իրեն թույլ տար ազատ լինել եւ արդար վճիռ կայացնել` ազատ արձակել քաղբանտարկյալներից որեւէ մեկին:
Կարճ ասած` նախագահի նման ելույթները կարող են կշիռ ունենալ մի դեպքում` եթե դրանց թիկունքին կան սկզբունքներ: Իսկ ելույթների թիկունքին մարդիկ են, որոնց մի մասն աչք ունի պետական գանձարանի վրա, հոգնած է կամ խայտառակում է իր համակարգը: Նրանց երկրի նախագահը տալիս է մեկ բնորոշում` անբարոյական: