Այս օրերին Հայաստանում է գտնվում ամերիկահայ ռոք երաժիշտ-կոմպոզիտոր Դերեք Շիրինյանը: Նա նվագել է ռոքի աստղերի հետ: Օրինակ, աշխարհահռչակ Էլիս Քուփերի հետ նվագել է նրա «Թրեշե մուլտիպլատին» սկավառակի համար: Դերեքը Progressive metal է նվագել հռչակավոր «Dream seatre»-ի կազմում` մասնակցելով խմբի 3 լավագույն ալբոմների ձայնագրմանը եւ գրեթե 400 համերգի: Իր սոլո կարիերայի առաջին փորձը` Planet X ալբոմը, նշանավորվեց համանուն խմբի ձեւավորմամբ, որից հետո նա 5 ձայնասկավառակ է թողարկել: Դրանից հետո Դերեքը եւս 7 սոլո ալբոմ է ձայնագրել: Նա աշխատել է այնպիսի հռչակավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են փանք-ռոք երգիչ Բիլլի Այդլը, «Guns NգRoses» խմբի բասկիթառահար Սլեշը, վիրտուոզ կիթառահար Ինգվի Մալմստինը: Դերեք Շիրինյանն այժմ ղեկավարում է «Leopard Room» ձայնագրման ստուդիան` օգնելով եւ բացահայտելով շնորհալի երիտասարդ երաժիշտների:
– Կպատմե՞ք մի փոքր` որտե՞ղ եք ծնվել, ինչպե՞ս եք սկսել Ձեր երաժշտական կարիերան:
– Ես ծնվել եմ ԱՄՆ-ում` Կալիֆոռնիա նահանգում: Մեր տանը մշտապես դաշնամուր կար դրված, եւ ես իմ երաժշտական կարիերան սկսել եմ փոքր տարիքից` հենց դաշնամուր նվագելիս: Երբ 5 տարեկան էի` մայրս ինձ համար դաշնամուրի ուսուցչուհի վարձեց, եւ ես սկսեցի հաճախել դաշնամուրի դասերի: Հենց այդպես էլ սկսվեց իմ երաժշտական կարիերան: Արդեն դպրոցի բարձր դասարաններում ռոք խմբերում էի նվագում ու երազում էի ռոք աստղ դառնալու մասին: Հետո ընդունվեցի Ամերիկայի լավագույն երաժշտական քոլեջներից մեկը: Վստահ կարող եմ ասել, որ բախտն ինձ ժպտացել է. 1989թ. համագործակցության առաջարկ ստացա հայտնի Էլիս Քուփերից եւ նրա հետ մասնակցեցի երկու համաշխարհային շրջագայությունների, այնուհետեւ 2 ալբոմ թողարկեցի` 1989թ. եւ 1991թ.: Ես նվագել եմ նաեւ լեգենդար «Kiss» խմբի հետ 1992թ., եւ այդպես շարունակ: Այժմ ինձ ասես օրհնված եմ զգում, քանի որ գտնվում եմ Հայաստանում. այստեղ ինձ բերել է իմ երաժշտությունը ու ուրիշ ոչ ոք: Հասկանո՞ւմ եք, ոչ ոք իմ ընտանիքից այստեղ` Հայաստանում չի եղել: Պատիվ է ինձ համար գալ Հայաստան, հանդիպել իմ ընկերներին եւ պարզապես մարդկանց:
– Գիտենք, որ հիանալի պատմություն կա Ձեր տատիկի մասին, նրա խիզախության եւ թուրքերի դեմ մղած նրա պայքարի մասին: Կպատմե՞ք այդ մասին:
– Տատիս մայրը` Եղիսաբեթը, Ցեղասպանության ժամանակ կորցրել է ամուսնուն: Երբ թուրքերը գյուղի գրեթե բոլոր տղամարդկանց սպանում են, կանայք հարկադրված զենք են վերցնում եւ կռվում: Ես ունեմ մի լուսանկար, որտեղ Եղիսաբեթը պատկերված է մարտից հետո, զենքը ձեռքին: Իսկ տատս այդ ժամանակ երկու-երեք տարեկան էր: Մեր ընտանիքի մոտ մի ընկեր խոստանում է աղջկան, այսինքն` տատիս, դուրս բերել Թուրքիայից եւ հասցնել Ամերիկա` Բոստոն, ուր ծանոթ մարդիկ պետք է պահեին նրան: Սակայն այդ մարդը Բոստոնում տատիս վաճառում է մի շատ հարուստ հայ ընտանիքի: Այնուհետեւ Եղիսաբեթը` հրաշքով փրկվելով Ցեղասպանությունից, երկար ժամանակ փնտրելուց հետո վերջապես կարողանում է գտնել իր աղջկան` տատիս: Մեծ տատիս պատմությունը մշտապես ինձ հուզում է, նրա մարտական ոգին մշտապես ոգեշնչում է ինձ, ես անգամ նրան նվիրված երգ գրեցի, որը կոչվում է «Մարտից առաջ»: Այն հայկական հնչերանգներ ունի, եւ նվագակցելու համար դիմեցի Ջիվան Գասպարյանին, ով սիրով համաձայնեց համագործակցել ինձ հետ:
– Ի՞նչ եք կարծում` ի՞նչ է պետք անել Հայաստանում Progressive ռոքը զարգացնելու համար: Արդյո՞ք ծանոթ եք, եւ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ռոքի զարգացումը:
– Կարծում եմ` Հայաստանում պետք է շատ շոուներ լինեն, շատ խմբեր գան ու համերգներով հանդես գան, դա դրական եւ լավ ազդեցություն կունենա Հայաստանում ռոքի զարգացման համար: Դրսի հետ շփումն ու փորձի փոխանակումը նոր աշխուժություն կբերի Հայաստանին: Հայ երաժիշտներից ծանոթ եմ եւ հպարտանում եմ «System of a Down» խմբի տղաների աշխատանքով: Շատ խանդավառված եմ «Դորիանս» խմբի հետ համագործակցությամբ: Երբ ինձ հրավիրեցին համագործակցել այդ խմբի հետ, եւ երբ առաջին անգամ լսեցի խմբի վոկալիստի` Գոռի ձայնը, իրոք, ֆանտաստիկ էր: Նա շատ հզոր ձայն ունի, եւ խումբն էլ յուրահատուկ է: Սեպտեմբերի 10-ին «Դորիանսը» Հայաստանում մեծ համերգ է ունենալու, դա իմ եւ խմբի համագործակցության առաջին փորձն է լինելու, եւ այդպիսով դրվելու է մեր համագործակցության սկիզբը: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ես ցանկանում եմ օգնել «Դորիանսին»` ներկայանալու նաեւ Հայաստանից դուրս. մեր հաջորդ քայլը լինելու է խմբի ներկայացումը Լոս Անջելեսում:
– Փաստորեն, Ձեզ տեսնում եք նաեւ պրոդյուսերի կարգավիճակում: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր երաժշտական կարիերան ապագայում` խմբո՞ւմ, մենա՞կ, թե՞ որպես որեւէ խմբի պրոդյուսեր: Հետաքրքիր է նաեւ, արդյո՞ք Ձեր երաժշտական ոճի մեջ փոփոխություններ կլինեն:
– Ես սիրում եմ նվագել, սիրում նաեւ պրոդյուսերություն անել: Դժվար թե, ասենք, 60 տարեկանում համերգային շրջագայությունների գնամ աշխարհով: Ես ունեմ իմ ձայնագրման ստուդիան, կարծում եմ` ապագայում եւս զբաղված կլինեմ երաժշտությամբ: Ինչ վերաբերում է երաժշտական ոճը փոխելուն, ապա ես միշտ փոփոխում եմ այն, սակայն այդ ոճը մշտապես պտտվում է ռոքի շուրջ, քանի որ ռոքն իմ արյան մեջ է, սակայն այն երբեմն-երբեմն տարբեր ձեւեր է ընդունում` երբեմն` ծանր ռոք, երբեմն` պրոգրեսիվ, երբեմն մոտ է լինում ջազին: Ես սիրում եմ ոճերի խառնուրդը. երաժշտության մեջ հստակ կանոններ չկան:
– Իսկ ինչի՞ մասին եք երազում:
– Իմ երազանքը… Ճիշտ այս պահին, երբ նստում եմ իմ հյուրանոցային սենյակում եւ նայում եմ Արարատ լեռանը, ահավոր ուզում եմ լեռը հետ վերադառնա, մեր հողերը ետ գան: Եվ իմ երազանքն այս պահին նաեւ այն է, որ ուզում եմ այլ ռոք կատարողների հետ հզոր ռոք համերգ կազմակերպել Ցեղասպանության 100-ամյակին նվիրված, եւ 2015թ. համերգ կազմակերպել Հայաստանում: Իմ երազանքը նաեւ Ցեղասպանության ճանաչումն է աշխարհի եւ թուրքերի կողմից: Ինձ խենթացնում է, երբ նայում եմ լեռանը:
Լուսինե ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ.Գ. Վերջում ռոք երաժիշտը նաեւ երկտող գրեց հատուկ «168 Ժամի» ընթերցողների համար. «Դերեք Շիրինյան. «Այնքան լավ է լինել այստեղ` Հայաստանում: Շնորհակալություն»»: