Կովկասցիների իմիջը կբարելավեն կինոյի միջոցով

23/06/2012

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը նպատակ ունի դիմել կինոյի օգնությանը` երկրում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջեւ բախումներին վերջ տալու համար: «Իզվեստիա» թերթը գրում է, որ կինոյում երկրի ազգային փոքրամասնություններին «կստիպեն համերաշխ ապրել կողք կողքի», ինչն էլ կնպաստի նրանց դրական կերպարի ձեւավորմանը: Այս կապակցությամբ, ըստ թերթի, ռուսական կինեմատոգրաֆի զարգացմանն ուղղված ներկայիս ծրագիրը կնորացվի:

Պետդումայի` Ազգությունների հարցերի հանձնաժողովի անդամ Միխայիլ Մարկելովի խոսքով` այս գաղափարը կօգնի ձեւավորել մասնավորապես կովկասցիների դրական կերպարը: «Ժամանակին մենք ունեինք հրաշալի ֆիլմեր` «Միմինո», «Կովկասի գերուհին», որոնցից հետո Կովկասի իմիջ ձեւավորելու ոչ մի կարիք չկար»,- ասել է նա: Վերջին ժամանակներում Ռուսաստանի տարածքում հաճախակի են դարձել Կովկասի ներկայացուցիչների միջեւ կռիվները: Օրերս Մոսկվայում կրակահերթ են բացել ինգուշներն ու չեչենները: Սակայն կռիվների «հարթակ» է ոչ միայն Մոսկվան, այլեւ ռուսական հեռավոր քաղաքները, ինչն անհանգստացնում է ռուսական իշխանություններին. գրում է թերթը: