Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն անհասկանալի է

23/06/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Սողանք» ֆիլմի պատմությունը գնալով առավել հետաքրքիր զարգացումներ է ունենում: Հիշեցնենք, որ «Սողանք» վեպի, ինչպես նաեւ` համանուն ֆիլմի սցենարի համահեղինակ Վահրամ Մարտիրոսյանը մեր թերթին տված հարցազրույցում Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանին մեղադրել էր «պայմանագրային կետերը պատշաճ չկատարելու եւ պետական ֆինանսավորմամբ անիրավ ճանապարհով ֆիլմարտադրություն կազմակերպելու մեջ»: Վ. Մարտիրոսյանը մասնավորապես պնդում է, որ յոթ տարի շարունակ արտադրվող «Սողանքի» էկրանավորման իրավունքի պայմանագրային ժամկետները վաղուց լրացել են, իսկ որպես սցենարիստի (կամ սցենարի համահեղինակի)` իր հետ Կինոկենտրոնն առայսօր պայմանագիր չի կնքել: Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն էլ մեր թերթին տված հարցազրույցում ոչ միայն հերքել էր Վ. Մարտիրոսյանի ներկայացրած փաստերը, այլեւ` հավաստիացրել էր, որ «Սողանք» ֆիլմը վաղուց արտադրվել, էկրանավորվել է, որի արդյունքում` պայմանագրային ժամկետների խախտում չի արձանագրվել: Նա նաեւ հավաստիացնում էր, թե Կինոկենտրոնը Վ. Մարտիրոսյանից վեպը գնել է, բայց ֆիլմի սցենարը գրել է այլ սցենարիստ, ում հետ էլ, որպես սցենարիստի` կնքվել է պայմանագիր: Այսպիսով` Գ. Գեւորգյանը պնդում էր, որ «Սողանք» վեպի հեղինակ Վ. Մարտիրոսյանից Կինոկենտրոնը գնել է միայն վեպը, իսկ համանուն վեպի հիման վրա սցենար գրած սցենարիստից` սցենարը: Գ. Գեւորգյանն այս առնչությամբ ասել էր հետեւյալը. «Ինձ համար շատ զարմանալի էր, որ Վ. Մարտիրոսյանը Ձեր թերթում տված հարցազրույցում նման միտք է արտահայտել: Ֆիլմը վաղուց պատրաստ է, ինքն իր պայմանագիրը վաղուց ստորագրել է: Իր հետ սցենարի պայմանագիր չի էլ կնքվելու: Մենք իր հետ պայմանագիր կնքելով` վեպը գնել ենք: Սցենարիստը բոլորովին ուրիշ մարդ է, որի հետ պայմանագիր կնքելով` սցենարը գրել ենք: Նա սպասում է, որ իր հետ` որպես համահեղինակի, պայմանագիր կկնքենք: Ես առաջին անգամ իմացա Ձեր հրապարակումից, որովհետեւ Վ. Մարտիրոսյանն ինձ երբեք չի ասել, որ պետք է համահեղինակի հետ պայմանագիր կնքվի: Մենք ունենք սցենարիստի հետ պայմանագիր, ով գումարի դիմաց վեպի հիման վրա սցենար է գրել: Մարդը վաճառել է իր վեպը, իսկ սցենարիստը լրիվ այլ անձ է»:

Այն, որ ֆիլմը վաղուց թողարկվել, էկրանավորվել է` շատ զարմանալի է մի պարզ պատճառով. «Սողանք» վեպի հեղինակը պաշտոնապես չի հրավիրվել ֆիլմի դիտմանը, ավելին` մենք չկարողացանք առհասարակ որեւէ տեղեկատվություն գտնել «Սողանք» ֆիլմի էկրանավորման կամ պրեմիերայի մասին: Փոխարենը` գտանք շատ ուշագրավ մի տեղեկատվություն, որի ֆոնին Գ. Գեւորգյանի հավաստիացումների արժանահավատության մասին խոսելն անգամ ավելորդ է: Ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքէջի` «Կինոարտադրություն» տվյալների բազայում զետեղված է խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մասին ողջ տեղեկատվությունը: Տեղեկատվության հոսքի արխիվում Կինոկենտրոնը պաշտոնապես արձանագրում է. «Սողանք», ժանրը` դրամա, նկարահանման ֆորմատ` 2372 մ, տեւողություն` 105 ր. ձայն` Dolby SR, նկարահանման վայրը` Հայաստան, ֆիլմի ավարտը` 2009թ.: Սինոփսիս…», եւ այլն: Այնուհետեւ Կինոկենտրոնի կայքէջում կարդում ենք. «Սցենարի հեղինակներ` Վահրամ Մարտիրոսյան, Միքայել Դովլաթյան: Կարգավիճակ` ավարտուն»: Ստացվում է, որ Կինոկենտրոնի տնօրենը, թեեւ բանավոր հերքում է Վ. Մարտիրոսյանի` սցենարի նկատմամբ հեղինակային իրավունքները` վստահեցնելով, որ այդ իրավունքը պատկանում է մեկ այլ սցենարիստի, բայց պաշտոնական կայքէջում, որպես «Սողանք» ֆիլմի սցենարի հեղինակներ, ներկայացնում է Վ. Մարտիրոսյանին եւ Մ. Դովլաթյանին (վերջինը նաեւ ֆիլմի ռեժիսորն է): Ընդ որում` նույն կայքէջում ֆիլմը ներկայացվում է որպես ավարտուն արտադրանք, սակայն մինչեւ օրս այն ոչ ոք չի տեսել, նույնիսկ վեպի կամ սցենարի հեղինակը:

Գ. Գեւորգյանից փորձեցինք պարզել, թե «Սողանքի» հետ կապված իր կողմից արված հայտարարություններն ու իր ղեկավարած հաստատության պաշտոնական կայքէջում զետեղված տեղեկատվությունն ինչո՞ւ են հակասում իրար: Գ. Գեւորգյանն անակնկալի գալով` ասաց. «Որտե՞ղ եք նման բան կարդացել, ես տեղյակ չեմ, չգիտեմ` կայքում ինչ է դրված, Ձեզնից եմ իմանում, որ մեր կայքում «Սողանքի» մասին ինֆորմացիա կա: Հիմա կփորձեմ նայել, թե ինչ է գրված»: Տարակուսած հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք չի տիրապետում Կինոկենտրոնի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվությանը, մանավանդ որ, լրատվամիջոցներին մշտապես Կինոկենտրոնից հորդորում են հետեւել կայքէջի թարմ հաղորդագրություններին: Հիշեցրինք, որ կայքէջն արտացոլում է Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Կինոկենտրոնի պաշտոնական տեղեկատվությունը, որի հավաստիությունը, փաստորեն, Կինոկենտրոնի ղեկավարը կասկածի տակ է դնում: Նաեւ Գ. Գեւորգյանին հիշեցրինք, որ մեր թերթին տված հարցազրույցում ինքը հայտարարել էր, թե Վ. Մարտիրոսյանը «Սողանքի» սցենարի համահեղինակը չէ, մինչդեռ կայքէջում գրված է` «սցենարի հեղինակներ Վ. Մարտիրոսյան, Մ. Դովլաթյան»: Մեր դիտարկմանը, թե այս ամենից կարելի է եզրակացնել, որ գոյություն ունեն փաստաթղթեր, համաձայն որոնց` Վ. Մարտիրոսյանը սցենարի համահեղինակն է, հետեւաբար` ֆիլմի սուբտիտրերում նույնպես, որպես սցենարի համահեղինակ, նշվում է Վ. Մարտիրոսյանի անունը, հետեւեց Գ. Գեւորգյանի հետեւյալ, մեղմ ասած` ոչ պրոֆեսիոնալ պարզաբանումը. «Չէ, նման փաստաթուղթ չկա, դե, ուղղակի էդպես երեւի գրվել ա: Եվ հետո, էն, ինչ որ կայքէջում գրված ա, այսինքն` Վ. Մարտիրոսյանը որպես սցենարի համահեղինակ, պարտադիր չի, որ սուբտիտրերում գրվի: Սուբտիտրում կարող ա լրիվ ուրիշ մարդու անուն գրվել: Բայց գիտե՞ք, Ձեր գրելուց հետո ես մտածում եմ, որ «Սողանքի» հետ կապված ինչ-որ բան կա, որ ես չգիտեմ, բայց անպայման պարզելու եմ: Միկան ինձ չի ասել, որ Վահրամի հետ են գրել սցենարը, ես Ձեզնից եմ իմանում ու, զարմանում եմ, թե ինչո՞ւ Վահրամն էսքան տարի լռել ա, ինձ չի ասել, այլ` Ձեզ ա ասել: Ես անպայման բացահայտելու եմ էս պատմությունը: Ափսոս, Միկան հիմա անձնական խնդիրներով չի կարող գալ մեզ մոտ, բայց մի երկու օրից ես Միկային ու Վահրամին հրավիրելու եմ էստեղ, որ հասկանամ` ինչ է կատարվել: Ես Վահրամին շատ եմ հարգում ու չէի ցանկանա, որ էսպիսի բան կատարվեր: Իմացա, որ Ցեղասպանության թեմայով սցենար ունի, ու պիտի նաեւ խնդրեմ, որ քննարկենք այդ թեման»:

Այսքանից հետո` ասել, թե Ազգային կինոկենտրոնը պայմանագրային կամ փաստաթղթային շրջանառության ինչ սկզբունքներով է աշխատում` գոնե մեզ համար անհասկանալի է: Այս ամենից հետո անհասկանալի է նաեւ Կինոկենտրոնի տարածած այն հաղորդագրությունների բովանդակությունը, որտեղ մատնանշվում է զարգացած կինեմատոգրաֆիա ունեցող երկրների հետ կնքված դիստրիբյուտորական, պրոդյուսերական ընկերությունների, կինոֆոնդերի հետ իրականացվող ծրագրերի իրավացիությունը: Աշխարհի կինոֆոնդերն ու կինոընկերությունները համատեղ ծրագրերն իրականացնում են իրավական դաշտի յուրաքանչյուր փաստաթղթի, ստորագրության, կնիքի ու հազարումի մանրուքի վրա խոշորացույցով նայելով: Արդյո՞ք Ազգային կինոկենտրոնը լուրջ է ընկալվում կինոընկերությունների կողմից` ադմինիստրատիվ նման անփույթ գործելաոճով: Եվ, մասնավորապես, հեղինակավոր փառատոներին, կինոշուկաներին մասնակցելով` հայկական պատվիրակությունները պետք է կարողանան փաստերով համոզել, որ Հայաստանում ֆիլմարտադրությունը զարգացման հեռանկար ունի, որի վրա արժե ներդրում կատարել, համատեղ արտադրություններ կազմակերպել եւ շահույթ ակնկալել: Ինչպե՞ս է, օրինակ` Ազգային կինոկենտրոնն աշխարհին ներկայացնելու, թե մեր երկրում քանի ֆիլմարտադրող ընկերություն կա, քանի ֆիլմ է տարեկան արտադրվում, եւ այլն: Բանն այն է, որ ՀՀ-ում գոյություն չունի կինոոլորտի վերաբերյալ վիճակագրություն` թիվ ու փաստ: Կա՞ մեկը, ով տիրապետում է այդ տվյալներին: Ի վերջո, բացի Ազգային կինոկենտրոնի, «Հայկ» կինոստուդիայի, հեռուստաընկերությունների արտադրած ֆիլմերից` նաեւ անհատներն ու մասնավոր ստուդիաներն են ֆիլմեր արտադրում, մասնակցում միջազգային փառատոներին եւ մրցանակներ ստանում: Մենք ունե՞նք տվյալներ, թե ֆիլմերից քանի՞սն են ժապավենով, քանի՞սը` այլ ֆորմատով, քանի՞սն են խաղարկային, վավերագրական, մուլտիպլիկացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, եւ այլն: Չունենք… Մենք չունենք նաեւ տվյալներ, թե որքան գումար է կազմում ֆիլմի միջին արժեքը Հայաստանում, կամ` տարեկան որքա՞ն գումար է կազմում ֆիլմերի արտադրության ընդհանուր ծախսը: Կարո՞ղ է արդյոք որեւէ մեկը հավաստի տվյալ տրամադրել, թե քանի՞ համատեղ արտադրության ֆիլմ է նկարահանվել, ո՞ր երկրների հետ, գումարային ի՞նչ համեմատությամբ, կամ` ինչպիսի՞ն են Հայաստանում ծառայությունների գները (տեխնիկա, տաղավար, հատուկ տրանսպորտի վարձակալություն, հնչյունային եւ մոնտաժային աշխատանքներ, եւ այլն):

Նշենք, որ վիճակագրական տվյալների բացակայությամբ մտահոգված Հայաստանի մի շարք կինոգործիչներ մշակել էին «Հայկական կինո» վերլուծական զեկույցը (որը կազմել էին վարչապետի եւ Մշակույթի նախարարի խնդրանքով) եւ հայեցակարգը ներկայացրել էին «Ոսկե ծիրան» հիմնադրամին: Սակայն այդ զեկույցի քննարկումն առայսօր տեղի չի ունեցել: Այն, առաջին հերթին, պետք է ուսումնասիրեր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով բարեփոխման ծրագրեր էր սպասում, իսկ այդ զեկույցում մանրամասն նկարագրվում են ֆիլմարտադրության եւ այդ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ քայլերը: Գ. Գեւորգյանը «Կաննի» կինոշուկայի մասնակցության ընթացքում հանդիպել էր նաեւ եվրոպական աուդիո-վիզուալ օբզերվատորիայի տնօրեն Վոլֆգանգ Քլոզի հետ եւ քննարկել էր Հայաստանի անդամակցության հարցն այդ կինոկազմակերպությանը, որին անդամակցում են աշխարհի 38 կինոֆոնդեր եւ կինոընկերություններ: Հնարավո՞ր է սեփական երկրի ներսի տվյալներից «բոբիկ» կարգավիճակով մտնել այդ տարածք ու աշխարհին համոզել, որ` թեեւ մենք պաշտոնական տվյալներ չունենք, այդուհանդերձ, մեր երկրում կինոն զարգանում է: Բայց քանի որ Գ. Գեւորգյանն ընտրել է «դրսից ներս» կինոն զարգացնելու «չտեսնված» մոդելը, հավանաբար, մտածում է, որ կարելի է «բոբիկ» մտնել ֆիլմարտադրության գիգանտների տարածք: Երեւի դա է պատճառը, որ մինչեւ հիմա նա ոչ դրսում է, ոչ էլ ներսում: