Հունիսի 22-ի գիշերը ժ. 01:35-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երեւանի Նալբանդյան եւ Արամի փողոցների խաչմերուկում, ինչի հետեւանքով «Թաթա պրոդաքշն» ընկերության գլխավոր պրոդյուսեր, 1971թ. ծնված Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր, հայտնի շոումեն եւ հաղորդավար, 1971թ. ծնված Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում տեղափոխվել են Մխիթար Հերացու անվ. թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության` դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Օպել Աստրա» մակնիշի 30 ՏԼ 173 եւ «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշով ավտոմեքենաները: Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ «Ֆոլկսվագեն Գոլֆ» ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրային», ապա էլեկտրասյանը:
Թիվ մեկ համալսարանական կլինիկայի Նյարդավիրաբուժության ամբիոնի եւ կլինիկայի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ Գ. Նազարյանի եւ Մ. Սաղաթելյանի վիճակը միջին ծանրության է, նրանց մոտ կան զուգակցված գանգուղեղային եւ ողնաշարային, ողնուղեղային վնասվածքներ, գլխուղեղի ցնցում: Իսկ Մ. Սաղաթելյանի մոտ կա ողնաշարի, պարանոցի եւ գոտկատեղային հատվածի ողերի ելունների կոտրվածք, բայց որեւէ ֆունկցիոնալ խանգարում, այսինքն` ողնուղեղի վնասվածք չկա: Ռ. Ֆանարջյանի խոսքով` երեկվա դրությամբ որեւէ վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն չկար: «Որեւէ ֆունկցիոնալ խանգարում չկա, բոլոր հիվանդությունները պահանջում են ժամանակ, եւ, համոզված եմ, որ կունենանք լավ արդյունք»,- ասել է նա: Իսկ Տրավմատոլոգիայի եւ օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արսեն Ազիբեկյանի խոսքով` Մ. Սաղաթելյանի մոտ առկա է կոնքի ոսկրերի կոտրվածք, որն ուղղվել է, իսկ Գ. Նազարյանի մոտ` կոնքի կոտրվածքներ: Նաեւ հավելել է, թե նրանց երկուսին էլ անհրաժեշտ է երկարատեւ կոնսերվատիվ բուժում:
ԵՊԲՀ Անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանն էլ նշել է, որ թե Մ. Սաղաթելյանը, թե Գ. Նազարյանը պարզ գիտակցության մեջ են, լավ կողմնորոշվում են շրջապատում, բայց շարունակվում են հետազոտությունները եւ ինտենսիվ թերապիայի միջոցառումները: Նրա փոխանցմամբ` Սաղաթելյանի մոտ առկա է գլխուղեղի ցնցում` կտրված վերքով ճակատային մասում: «Անմիջապես անցկացված հետազոտություններն ի հայտ բերեցին ողնաշարի պարանոցային շրջանի մի քանի ողի կոտրվածք, կոնքոսկրի բարդ կոտրվածք եւ տրավմատիկ շոկ»,- ասել է նա: Իսկ Գ. Նազարյանի մոտ առաջնային հետազոտությունները ցույց են տվել գլխուղեղի ցնցում, ճակատային շրջանում բարդ կտրված վերք, երկու թոքերի ծանր սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, ազդոսկրի ոսկրի տեղաշարժում, ձախ ստորին վերջույթի, ծնկոսկրի կոտրվածք, նա եւս գտնվում էր ծանր շոկային վիճակում: Ի դեպ, երեկ, այնուամենայնիվ, փոքրիկ վիրահատական միջամտություններ արվել են, իսկ այսօր առավոտյան կվիրահատվի Մ. Սաղաթելյանը:
Սյուզաննա ԽԱԼԱԹՅԱՆ