Օրեր առաջ գրվեց, որ ապակյա տարաներ արտադրող հայկական ընկերությունները հրաժարվում են արտադրանք վաճառել տեղական շուկայում, ինչի արդյունքում խնդիր էր ստեղծվել պտուղբանջարեղեն արտադրողների համար։ Գյուղնախարար Սերգո Կարապետյանը հունիսի 13-ին այդ հարցով խորհրդակցություն էր հրավիրել եւ մասնակիցներին առաջարկել էր մեկ-երկու օրվա լուծում գտնել։ Անցել է 6 օր, սակայն ոչ մի իրական քայլ չի արվել։ «Մենք չենք կարող որեւէ բան անել, մենք պարզապես հորդորել ենք, որպեսզի մարդիկ ինչ-որ աշխատանք կատարեն, կառույցների ուշադրությունն ուղղել ենք առկա խնդրի վրա, սակայն լուծման որ փուլում է գտնվում խնդիրը, տեղյակ չենք»,- մեզ փոխանցեցին ՀՀ գյուղնախարարությունից: Փաստորեն, խորհրդակցությունը ոչ այլ ինչ էր, քան սովորական PR։ Իսկ այդ PR-ի «օգուտն» այն է, որ հայկական ընկերություններից մի քանիսը որոշել են ապակյա տարաներ գնել արտերկրից։