«Եթե Դուք լինեիք երկրի ղեկավարը, ինչպե՞ս կվարվեիք այն վարչապետի հետ, որը հայտարարում է, թե «ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ մարդիկ չփախչեն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա ու հեղափոխությո՞ւն անի»,- երեկ ԱԺ-ում Կառավարության 2012-2017թթ. ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին այսպիսի հարց է ուղղել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` միաժամանակ ներկայացնելով այս տարվա արտագաղթի աճող տեմպերը: Ի պատասխան Ա.Մանուկյանի հարցին` Տ. Սարգսյանը ասել է, թե ինքը նման հայտարարություն չի արել, «խմբագրությունն էլ ներողություն է խնդրել, որ այդ հատվածը ճշգրիտ չի ներկայացրել»: «Վերագրել ընդդիմախոսին գաղափարներ, որ նա չի ասել, եւ հետագայում դա ասել, շատ ընդունված ու տարածված ձեւաչափ է: ՀՀ վարչապետը երբեւիցե այդպիսի հայտարարություն չի արել: Եվ եթե խոսքը գնում է այն հարցազրույցի մասին, որ տպագրվել է «168 Ժամում», ապա խմբագրությունն ինքը ներողություն խնդրեց, որ այդ հատվածը ճշգրիտ չի ներկայացրել: Ընդամենը պետք է հարգեք խմբագրի հայտարարությունը եւ վարչապետի պաշտոնական մեկնաբանությունները, որ չի կարելի աղավաղել ուրիշի խոսքերը, որովհետեւ դա ոչինչ չի տալիս»,- երեկ հայտարարել է նա: Տիգրան Սարգսյանն ուղղակիորեն ստում է: «168 Ժամը» այդ հարցազրույցի առնչությամբ նրանից երբեւէ ներողություն չի խնդրել: Այն պարզ պատճառով, որ Տ. Սարգսյանն ինքը չէր հրաժարվել այդ արտահայտությունից: Ավելին` հարցազրույցի հրապարակումից հետո, երբ այդ արտահայտության շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, վարչապետի մամլո ծառայությունը պաշտոնապես պարզաբանում ներկայացրեց, որում նշված էր, թե Տ.Սարգսյանը կատակել է, մինչդեռ լրագրողը դա հաշվի չի առել: «168 Ժամը» ընդամենը տպագրել էր վարչապետի մամլո ծառայության ներկայացրած այդ պարզաբանումը: