Ընդդիմություն ընդդիմությանց

21/06/2012

Ազգային ժողովի երեկ մեկնարկած արտահերթ նստաշրջանը կարեւոր էր ոչ այնքան կառավարության ներկայացրած ծրագրի քննարկման ու քվեարկության առումով (իշխանությունն այն ընդունելու խնդիր չունի), այլ հասկանալու համար` վերջապես ինչ է իրենից ներկայացնում կամ ներկայացնելու խորհրդարանական երկրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստանը»: Պարզվեց` ոչինչ: Կամ` ամեն ինչից մի քիչ: ԱԺ կանոնակարգ-օրենքով` գործադիր իշխանությանը մաս չկազմող խմբակցությունը պետք է հայտարարի ընդդիմություն լինելու մասին: Երեկ այդպես վարվել են ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն: «Բարգավաճ Հայաստանը» ոչինչ էլ չի հայտարարել: Խնդիրն այստեղ, իհարկե, ԱԺ կանոնակարգ-օրենքը չէ, քանի որ դա ոչ այնքան օրենքի իմպերատիվ պահանջ է, որքան քաղաքականության խաղի կանոն. խորհրդարանական ուժերը գործում են կամ իշխանության, կամ ընդդիմության կարգավիճակում: ԲՀԿ-ն, սակայն, զանազան լիրիկական զեղումներով (այլընտրանք, կառուցողական ընդդիմություն, խիստ կառուցողական ընդդիմություն եւ այլն) այդպես էլ խուսափել է պաշտոնապես հայտարարել իր ընդդիմություն լինելու մասին այն պարզ պատճառով, որ այդպիսին չէ: Սա, ըստ էության, նոր իրողություն է հայաստանյան քաղաքական կյանքում: Ոչ այն իմաստով, որ նախկինում այդպիսի ուժեր չեն եղել: Տարբեր ժամանակներում իշխանությունները ստեղծել են տարբեր` հիմնականում մանր քաղաքական ուժերի, որոնք իրենց հռչակել են «կառուցողական ընդդիմություն»: Ներկայիս իրավիճակն աննախադեպ է այն առումով, որ նման կարգավիճակում է հայտնվել ոչ թե մարգինալ ինչ-որ կուսակցություն, այլ խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը, որը, թերեւս, գործելու է «իշխանություն` ընդդիմության մեջ, ընդդիմություն` իշխանության մեջ» բանաձեւով: