Առանց ռելսերի վրա պառկելու

21/06/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիա չմտավ, սակայն չհայտարարեց, որ ընդդիմություն է: Այս դեպքում ձեր կուսակցությունն ի՞նչ կողմնորոշում ունի:

– ԲՀԿ-ն շարժվում է այն քաղաքական շարժառիթներով, որոնք ընկած են մեր գործունեության հիմքում: Նախ ուզում եմ ասել, որ սխալ է մեկնաբանվում ԱԺ կանոնակարգ-օրենքը: Այնտեղ որեւէ իմպերատիվ եւ հրամայական պահանջ չկա, թե ինչ-որ հայտարարություն պետք է անել: Եվ երբ մենք հետեւում ենք քաղաքակիրթ երկրներում քաղաքական ուժերի հարաբերությունների զարգացմանը, ապա ակնհայտ է այն, ինչի մասին ես խոսում եմ` իրական այլընտրանք: ԲՀԿ-ն լինելու է իրական այլընտրանք, մենք ինքնանպատակ, անիմաստ քննադատությամբ չենք զբաղվելու, մենք չենք ընդդիմանալու միայն նրա համար, որ ասեն, թե` տեսեք` ընդդիմանում են: Եվ մեզանում ունենք ընդդիմության ընկալման բազմաթիվ օրինակներ, թե անպայման պետք է այս ամբիոնից ճղճղան, իսկ իրականում ստվերային բազմաթիվ կապեր հաստատեն իշխանությունների հետ: ԲՀԿ-ն նման գործելաոճ չի որդեգրելու: Բոլոր այն նախաձեռնությունները, որտեղ մենք կտեսնենք, որ ժողովրդի շահին չեն ուղղված, հիմնավոր փաստարկներով, առանց գոռգոռալու, առանց ռելսերի վրա պառկելու, ընդդիմանալու ենք: Եվ մեր ծրագրերին համահունչ բոլոր նախաձեռնություններն անպայմանորեն կպաշտպանենք` անկախ նրանից, թե քաղաքական դաշտի որ բեւեռն է այն ներկայացնում:

– Իսկ Կառավարության ծրագրին անպայման դե՞մ եք քվեարկելու` անկախ այն հանգամանքից, թե ինչ փոփոխություններ կկատարվեն:

– Մենք առաջարկ չենք արել, որովհետեւ նպատակահարմար չենք գտել: Դեմ քվեարկելու համար մեզ համար կա 6 սկզբունքային խնդիր` քաղաքական թիմը չի փոխվել, վարչապետ Տիգրան Սարգսյանը չի փոխվել, այն քաղաքական թիմը, որը, մեղմ ասած, չի հաջողել 2008-2012թթ. ծրագիրն իրագործելուց, մեր գնահատմամբ` իրավունք չունի ժողովրդից, խորհրդարանից ակնկալել վստահության քվե:

– Եթե դեմ եք այս ծրագրին, միգուցե այն տապալելու համար չմասնակցեք քվեարկությանը:

– Ոչ, մենք նման խնդիր մեր առջեւ չենք դրել: Մեզ համար սկզբունքային է, որ հայտնենք մեր դիրքորոշումը եւ քվեարկենք դրան համահունչ:

– Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար նշանակվեց Հրաչյա Ռոստոմյանը, ով ՀԱՕԿ-ում աշխատել է Գ.Ծառուկյանի ենթակայությամբ: Քաղաքական դաշտում կարծիքներ հնչեցին, թե ԲՀԿ-ն անուղղակիորեն կոալիցիայի անդամ է:

– ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կերպով: Հ.Ռոստոմյանի դեպքում սենսացիաներ փնտրել պետք չէ: Ամեն ինչ շատ պարզ է` պիտի ընտրվեր եւ նշանակվեր մի թեկնածու, որի հետ կցանկանար աշխատել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իսկ որ Գ.Ծառուկյանը հսկայական ներդրումներ է արել հայկական սպորտում եւ շարունակելու է անել, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Այսինքն` հաշվի առնելով նաեւ հայկական սպորտում առկա վիճակը, որը շարունակական լրջագույն ներդրումներ է պահանջում, ընտրվել է մի թեկնածու, որի հետ կցանկանար աշխատել ՀԱՕԿ նախագահը:

– ԲՀԿ-ն կարծես թե ակտիվ կերպով չի պաշտպանում ձեր խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին` նրա դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ:

– Մենք բոլորս ասել ենք, նաեւ Գ.Ծառուկյանը արտերկրից վերադառնալուց անմիջապես հետո հանդիպել է Օսկանյանի հետ եւ ասել, որ մենք մեր թիմակցի կողքին ենք, որեւէ հիմք չունենք կասկածելու Վ.Օսկանյանի հայտարարության մեջ հնչած մոտիվացիաներին եւ տեսակետներին:

– Այսինքն` ընդունո՞ւմ եք, որ Վ.Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

– Ես կարծում եմ, որ բազմաթիվ հարցեր են առաջանում, թե ինչու ընտրվեց հատկապես այս փուլը: Դրանց պատասխանները մենք ակնկալում ենք ստանալ առաջիկայում:

– Վ. Օսկանյանի շուրջ կատարվող իրադարձություններն անձամբ իրե՞ն, թե՞ ԲՀԿ-ին են վերաբերում:

– Հիմա կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետեւ ինձ համար եւս որոշակի խնդիրներ դեռ պարզ չեն: Դրանց պարզաբանվելուց հետո, կարծում եմ, որ մեր գնահատականը շատ ավելի համապարփակ կլինի:

– Կարծիք կա, թե Վ. Օսկանյանի նկատմամբ ճնշում է իրականացվում, որովհետեւ նա նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործիչներից է: Եվ այդպիսով իշխանությունները փորձում են կանխել 2013թ. նախագահական ընտրություններին նրանց առաջադրվելու հնարավորությունը:

– Մեր քաղաքական իրականության լրջագույն խնդիրներից մեկն է ամեն տեղ եւ ամենուր դավադրությունների տեսություն փնտրելը: Ես խորհուրդ կտամ շատ ավելի պարզ նայել իրողություններին, եւ նրանք, ովքեր մշտապես առաջնորդվել են դավադրությունների տեսությամբ, չեն հաջողել: