Սեպտեմբերը Գյումրիում թեժ է լինելու

21/06/2012

Դատելով նրանից, թե ովքեր են պատրաստվում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին առաջադրել իրենց թեկնածությունները, արդեն իսկ կարելի է ենթադրել, որ սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունները բավական լուրջ զարգացումներ են ունենալու:

Նախ` քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունը արդեն չորրորդ անգամ պատրաստվում է առաջադրել գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: ՀԱԿ-ից իր թեկնածությունն առաջադրելու է Գյումրիի համակարգող Մուրադ Գրիգորյանը: Նաեւ խոսակցություններ կան, որ իրենց թեկնածություններն են առաջադրելու նաեւ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը եւ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը: Երեկ մենք փորձեցինք որոշ տեղեկություններ ճշտել գործող քաղաքապետից, ում հեռախոսը, սակայն, անհասանելի էր: Փոխարենը` մեր հարցերին պատասխանեց նրա մամուլի քարտուղարը` Լիլիթ Աղեկյանը, ում երեկվա դրությամբ դեռեւս հայտնի չէր, թե բացի իր վերադասից` ովքեր են քաղաքապետի պաշտոնում առաջադրվող մյուս հավանական թեկնածուները: «Գյումրեցիները երբեք պատահական ընտրություն չեն անում: Չեմ կարծում, թե 14 տարի` եթե մարդը ղեկավարում է, գյումրեցիների սրտով չէ: Վերջապես, բոլոր ընտրություններին քաղաքապետը մեծ առավելությամբ է հաղթում: Գյումրեցիները տեսնում են գործն ու ոմանց անգործությունը, եւ քաղաքապետի գործն է հավասարակշռում-հակակշռում այդ անգործությանը»,- Վ. Ղուկասյանի «անփոխարինելիության» մասին նշեց Լ. Աղեկյանը: Մեր դիտարկմանը, թե գյումրեցիները չեն սխալվել նաեւ խորհրդանակա՞ն ընտրություններին` ՀՀԿ-ին անհամեմատ քիչ քվեներ տալով, ինչը ՀՀԿ կուսակցության ղեկավարների մոտ դժգոհություն էր առաջացրել, Լ. Աղեկյանը պատասխանեց, թե քաղաքապետ Ղուկասյանը` ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավար լինելով, միշտ էլ նվիրված է եղել կուսակցությանը: «ՀՀԿ-ն կհավաքեր այն ձայները, եւ ուներ այդ հեղինակությունը, եթե իր մրցակից կուսակցությունը, դուք գիտեք այդ կուսակցությունը (նկատի ունի

ԲՀԿ-ն.-Մ.Մ.), չվարվեր այնպես, ինչպես վարվեց, եւ ինչպես գրվեց մամուլում ընտրակաշառքի ահագնացող չափերի մասին, եւ արդյունքը դա եղավ»,- ասաց Աղեկյանը: Ինչ վերաբերում է լուրերին, թե Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը նույնպես դժգոհ է խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վ. Ղուկասյանի կատարած աշխատանքից, ուստի ՏԻՄ ընտրություններին չի աջակցելու վերջինիս, Լ. Աղեկյանը նշեց. «Ով որ ցանկանում է մարզպետի եւ քաղաքապետի միջեւ սեպ խրել, զուր ջանքեր է գործադրում: Նրանց հարաբերությունները նորմալ աշխատանքային հարաբերություններ են»:

Մ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ