Օսկանյանը դիմել է Գլխավոր դատախազին

21/06/2012

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը «Սիվիլիթասի» գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Օսկանյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ներկայացրած բողոքում իրենք Գլխավոր դատախազին խնդրում են «վերացնել քրեական գործ հարուցելու մասին որոշումը եւ քրեական գործով վարույթը կարճել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»: «Որպեսզի լինի փողերի լվացման հանցակազմ, պետք է լինեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողեր։ Փողերի լվացման հանցակազմը ինքնուրույն գոյություն չունի, նրան անպայման պիտի նախորդի որեւէ հանցագործություն, որի արդյունքում առաջացել է այդ գումարը: Այստեղ դա չկա: Ամեն ինչ պարզ է` ինչ փող եկավ, որտեղ գնաց, ում գնաց, ինչու գնաց»,- ասել է Տ.Աթանեսյանը: ԱԱԾ-ն պնդում է, որ ԱՄՆ-ում գրանցված «Փոլիմեր Մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը շուրջ 2 միլիոն դոլարով վաճառվել են, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձեւակերպումների արդյունքում հարկային մարմնին չի ներկայացվել, հարկային պարտավորությունները չեն կատարվել, Հայաստանում թողնված եւ բացառապես բարեգործության համար նախատեսված այս գումարների մի մասը բարեգործական նպատակներին չի ուղղվել, այլ փոխանցվել է «Սիվիլիթասի» նախագահ Վարդան Օսկանյանի եւ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարներին: Բացի այդ, «Սիվիլիթասն» անցած տարի հաշվետվություն չի ներկայացրել ֆինանսավորման աղբյուրների, օգտագործած միջոցների եւ այդ բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2 միլիոն դոլարի վերաբերյալ: «Սա պարզապես հարկային օրենսդրության բացարձակ չիմացության հետեւանք է: Իրենք չեն էլ ստուգել, չեն էլ խորհրդակցել հարկային ոլորտի մասնագետների հետ»,- ասել է Տ. Աթանեսյանը: Նրա խոսքով` Վ. Օսկանյանը ցանկանում է հրապարակել այդ գործարքների, գումարների շարժի վերաբերյալ իրենց բոլոր փաստաթղթերը: Քանի որ քրեական գործի հարուցման պահից դրանք համարվում են հրապարակման ոչ ենթակա, Օսկանյանը համապատասխան թույլտվություն ստանալու համար դիմել է Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչություն: «Ոչ մի գաղտնի բան, ոչ մի թաքցնելու բան չկա: Հասարակության մասնակցությունը նման քննարկմանը, ամեն դեպքում, օգուտ է։ Մենք խոսում ենք քաղաքական գործչի մասին, քաղաքական գործչի ապագայի, նաեւ անցյալի մասին։ Նա պատրաստ է այդ ամենը ցույց տալու»,- ասել է նա: