Երեկ միանգամից մի քանի պետական կառույցներ շտապեցին բնակչությանը ուրախացնել հերթական լավատեսական զեկույցներով։
Հիշեցնենք, որ երեկ նաեւ Կառավարությունն էր ԱԺ-ին ներկայացնում իր գործունեության ծրագիրը։
Հետաքրքիր զուգադիպություն էր։ Սակայն ավելի լավ է անցնենք կոնկրետ տվյալներին։ Նախ` սկսենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2012թ. նախնական մակրոտնտեսական ցուցանիշներից։ Ըստ ԱՎԾ-ի, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` աճել է 7.4%-ով։ 2011թ. հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.2% էր: Տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ էության, նույն տնտեսական աճի ցուցանիշն է, որն այս տարվա համար նախատեսված էր 4.2%։ Փաստորեն, պլանավորվածից ահագին առաջ ենք ընկել։ Տնտեսական ակտիվության ցուցանիշի բարելավումը մյուս կողմից ցույց է տալիս, թե ինչով է պայմանավորված կառավարության վստահությունը, որ այս տարի պետք է ունենանք 7% տնտեսական աճ։ Այդ մասին 2 օր առաջ հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը։ Իսկ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիներին ապահովել տարեկան 5-7% տնտեսական աճ։
Մի կողմից, տնտեսական աճի 5-7% ցուցանիշը հավակնոտ է թվում։ Մյուս կողմից, իրական զարգացում ապահովելու համար այն ինչ-որ տեղ նաեւ անբավարար է։ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ սրա վերաբերյալ ասել է. «Կառավարությունը պլանավորում է 5-7 տոկոսի տնտեսական աճ։ Մի րոպե պատկերացնենք, որ դա կհաջողվի։ Լավ, բայց աշխարհն աճում է տարեկան 4%-ով։ Իսկ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով մենք 3 անգամ համաշխարհային միջինից ետ ենք մնում։ Եթե մեր աճի տեմպերը սոսկ
2%-ով ավելին լինեն, քան աշխարհինը, ապա աշխարհի միջինին հասնելու համար մեզ կպահանջվի` 57, իսկ զարգացած երկրների մակարդակին հասնելու համար` 228 տարի»։
Հիշեցնենք նաեւ, որ ըստ ՀՀԿ ծրագրի, տնտեսական աճի փոխարեն կառավարությունը այսուհետ թիրախավորել է տնտեսական զարգացումը։ Ասել է թե՝ կարեւորը ոչ թե աճի մեծությունն է, այլ դրա որակը եւ դրական էֆեկտը։ Թե ինչպես դա կդրսեւորվի իրական կյանքում, ցույց կտա ժամանակը։
Ինչեւէ, վերադառնանք ԱՎԾ զեկույցի մյուս ցուցանիշներին։ Տնտեսական աճի լոկոմոտիվը կրկին արդյունաբերության ոլորտն է։ Հունվար-մայիս ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15%-ով։ Երկնիշ աճ է գրանցել նաեւ ծառայությունների ոլորտը՝ 10.4%։ Գյուղատնտեսությունը աճել է 3.2%-ով։ Բացասական ցուցանիշ շարունակում է գրանցել միայն շինարարությունը։ Թեպետ այս ոլորտում նախորդ ամսվա համեմատ մայիսին արձանագրվել է 55.5% աճ, սակայն առաջին 4 ամիսների կտրվածքով առկա է 8% անկում։
ԱՎԾ զեկույցից ստացվում է, որ ահագին բարձրացել է Հայաստանի բնակչության գնողունակությունը։ Այսպես, մայիսին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 0.5%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը` 4.7%-ով` կազմելով 114.756 դրամ:
Վատը չեն նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշները։ Այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն ավելացել են 9%-ով, ընդ որում` արտահանման աճը կազմել է 15.2% (հունվար-մայիսի արտահանման ծավալը` 561.7մլն դոլար), իսկ ներմուծմանը` 7.1% (1.6 միլիարդ դոլար): Այդուհանդերձ, արտաքին առեւտրի սալդոն բացասական է 1.1 մլրդ դոլարով:
Սրանք ԱՎԾ-ի հրապարակած տվյալներն էին։ Սակայն այս կառույցից ետ չի մնացել նաեւ Կենտրոնական բանկը։ Ըստ ԿԲ-ի, տնտեսական ակտիվության եւ գործարար միջավայրի 2012 թ. երկրորդ եռամսյակի ինդեքսները բարելավվել են։ Տնտեսական ակտիվության ինդեքսի նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ աճը պայմանավորված է եղել բոլոր ոլորտներով, առաջին հերթին՝ արդյունաբերության ոլորտի աճով։ Այստեղ էլ բացասական է եղել միայն շինարարության ոլորտի ցուցանիշը։
Շինարարության ոլորտի ցուցանիշը բացասական է եղել նաեւ գործարար միջավայրի ինդեքսում։ Չնայած այս հանգամանքին, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ինդեքսն աճել է` 118.4%: Իսկ թե որքանով են այս ինդեքսներն ու ցուցանիշները հետաքրքիր ու կարեւոր շարքային քաղաքացու համար, դրա համար կարելի է, թերեւս, առանձին ինդեքս հրապարակել։