ԱԺ-ում գո՞հ են

21/06/2012

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը երեկվա նիստում քննարկել է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Հիշեցնենք, որ այդ նախագծերն ԱԺ է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթով կառավարությունն առաջարկում է 2012թ. Uեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչեւ 320 մլն խմ` 150 մլն խմ-ով ավելացնելով օրենքով սահմանված ծավալը: Ա. Անդրեասյանը նախաձեռնությունը հիմնավորել է ոռոգման ջրի սակավությամբ, Ապարանի, Ազատի ջրամբարներում, Հրազդան գետում սպասվածից քիչ ջրային պաշարներով, ինչի հետեւանքով դեֆիցիտը կկազմի 150 մլն խմ:

Քննարկելով Սեւանա լճից լրացուցիչ ծավալով ոռոգման նպատակով ջրի բացթողնման հարցը` ԱԺ վերոնշյալ հանձնաժողովն առաջարկել է հաշվարկները ներկայացնել տեղեկանքի տեսքով` առավել հիմնավոր պատկեր ունենալու համար: ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանը նշել է, որ հարցը քննարկվել է նաեւ հասարակական կազմակերպությունների հետ, եւ եկել են այն եզրակացության, որ «սակավաջրության խնդիրն իսկապես արդիական է»: Նրա խոսքով, սակայն, պետք է անպայման շեշտել մինչեւ 320 մլն խորանարդ մետր ծավալը, քանի որ չի բացառվում` հնարավոր լինի բավարարվել ավելի քիչ քանակությամբ:

Հիշեցնենք, որ մեր թերթի նախորդ համարում «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի նախագահ, Էկոլոգիական-հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը այս նախագծերի վերաբերյալ ասել էր. «Մենք ջուրը բարձրացնում ենք, փորձում ենք վերականգնել էկոհամակարգը, բայց կրկին ջուրն իջեցնում ենք` ստեղծելով բացարձակ ոչ ստաբիլ վիճակ Սեւանա լճի էկոհամակարգի եւ շրջապատի համար»: Նրա խոսքով` ջրի նման բացթողնման հետեւանքով լճի ափային մասերում կստեղծվի ճահճացում, ինչը նաեւ բացասական հետեւանքներ կունենա թռչնաշխարհի վրա: «Հիմա մենք ի՞նչ ենք ուզում անել: Կառավարությանը հարց ենք տալիս. հիմա ուզում ենք Սեւանը Սեւան դառնա՞, թե՞ խաղ ենք անում, եւ քարտը դրել ենք խաղասեղանին: Մենք նաեւ նշել ենք մեր նամակում, որ չենք կարծում, թե ջրի այդ քանակի դուրսբերումը Սեւանից անհրաժեշտություն է»,- ասել էր նա: Ի դեպ, նա նաեւ հայտարարել էր, թե այս տարվա եղանակային պայմաններն անձրեւային են, ինչը բացառում է երաշտը Արարատյան դաշտավայրում: «Միանշանակ կարող եմ ասել, որ այս տարի ոչ մի երաշտ չի սպասվում: Կարծում եմ` խնդիրն այն է, որ Սեւանի ջրի մակարդակի բարձրացմանը զուգահեռ` բավական լուրջ մարդկանց սեփականաշնորհված տարածքներ` լողափեր, հանգստավայրեր եւ այլն, անցնում են ջրի տակ: Սա է խնդիրը»,- նշել էր նա:

Իսկ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում` անդրադառնալով կառավարության այս նախագծերին, տարակուսանք էր հայտնել` ասելով. «Այդ դեպքում ինչո՞ւ են ընդունել այդ օրենքը: Իմաստն այն է, որ էկոհամակարգն ադապտացվի, իսկ եթե պետք է բարձրացվի-իջեցվի, ապա ադապտացում չի լինի: Բացի դրանից, ես շատ եմ կասկածում, որ մի անգամ իջեցնելուց հետո էլի նորից չեն իջեցնելու, եւ դա չի դառնա տենդենց, որովհետեւ պետք է լուրջ հիմնավորումներ լինեն: Նրանք նշում են, թե երաշտ է, բայց թվերը կարծես ցույց չեն տալիս, որ երաշտային է տարին»: