Երեկ մեր թղթակցի հետ զրույցում «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հրաժարվել է մեկնաբանել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Ցպահանջ արդարություն» հոդվածը, որում վերջինս անդրադարձել էր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին` հայտարարելով, որ իրենից կախված ամեն ինչ անելու է, որ «Վ. Օսկանյանը նստի»: «Ես այդ հոդվածի հետ կապված ոչ մի բան չունեմ ասելու: Այդպես էլ կարող եք գրել»,- ասել է Ս. Ղազարյանը: Հարցին, թե ի՞նչ նոր զարգացումներ կան կապված այդ քրեական գործի հետ, Սալբի Ղազարյանը պատասխանել է. «Պարբերաբար նոր արձանագրություններ, հաշվետվություններ են պահանջվում, եւ սպասում ենք ընթացքին»: «Այս պահին միայն գիտենք, որ աջակցությունը, որ ստացել են պրն Օսկանյանը եւ «Սիվիլիթաս» հիմնադրամը, միայն լավ բան է նշանակում, եւ այն մարդիկ, ովքեր լավ փոփոխություն են ուզում, հասկացել են, որ իրենց ջանքերը պետք է միավորված ուղղորդեն: Իսկ թե այդ ամենը ուր կտանի քաղաքական առումով, դեռ ժամանակ կա, Աստված գիտի»,- անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում Վ. Օսկանյանի հնարավոր առաջադրման եւ հարուցված քրեական գործի միջեւ կապին` ասել է Ս. Ղազարյանը: