Ընդամենը 4 ձերբակալված

21/06/2012

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով դաժան ծեծի ենթարկված ՀՀ պաշտպանության նախարարության Երեւանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանի վիճակը երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր է: Կայուն ծանր է նաեւ հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանի եւ դեպքի հաջորդ օրը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխվել եւս մեկ ռազմական բժիշկ` Գարիկ Սողոմոնյանի վիճակը: Մեզ հետ հեռախոսազրույցում ՊՆ լրատվական բաժնի աշխատակից Մուշեղ Աղեկյանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու է Գ. Սողոմոնյանը հիվանդանոց դիմել դեպքի հաջորդ օրը: Նշենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 20-ին ձերբակալվել են «Հարսնաքարի» անվտանգության 2 աշխատակից, մեկ կառավարիչ եւ մեկ մատուցող: Այս պատմության մեջ, ի թիվս բազմաթիվ այլ հարցականների, ուշագրավ է նաեւ քրեական գործի հարուցման «ընթացակարգը»: Սկզբում Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի` միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելըգ, որը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Հունիսի 20-ին արդեն Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրեց, որ հանցագործությունը համապատասխանում է 112-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին, քանի որ նախաքննության ընթացքում պարզ դարձավ, որ տուժածների քանակը մեկից ավելին է, ծեծողների թիվը` նույնպես: Ուշագրավ էր նաեւ այն, որ մեկ օր անց ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ վերացվեց «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկներին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ըստ քննչական ենթակայության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու մասին որոշումը: Ըստ այդմ, քրեական գործը հետ է վերադարձվել Ոստիկանություն` նախաքննությունը շարունակելու: Հունիսի 19-ին նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությանը: Թե ինչու է հունիսի 17-19-ը այն գտնվել ՊՆ ենթակայության տակ, այդպես էլ պարզ չի դառնում: Երեկ Գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանն այդ առթիվ նշեց միայն, որ տվյալ գործը ենթակա չէ ՊՆ Քննչական ծառայության կողմից քննության, քանի որ համաձայն ՀՀ Քր. Դատ. Օր.-ի 190-րդ հոդվածի 2-րդ կետի, 112-րդ հոդվածով (որով անցնում է գործը) նախատեuված հանցագործությունների վերաբերյալ գործերով քննությունը կատարում են Ոuտիկանության քննիչները, իսկ պաշտպանության բնագավառում պետական լիազոր քննիչների (ՊՆ Քննչական ծառայություն) կողմից նախաքննության են վերապահված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաեւ զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային ծառայության զինծառայողներին վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերը:

Սյուզաննա ԽԱԼԱԹՅԱՆ