Շշերի անհասկանալի պատմությունը

21/06/2012

Մոտ մեկ շաբաթ առաջ մեծ աղմուկ բարձրացավ ապակյա տարաների հետ կապված։ Ապակյա տարաներ արտադրող հայաստանյան երկու ընկերությունները՝ «Սարանիստը» եւ «Գլաս Ուորլդ Քամփնին», տարբեր պատճառներով հրաժարվում էին ապակյա տարաներ վաճառել տեղական շուկայում։

Արդյունքում՝ պտուղբանջարեղենային արտադրությամբ զբաղվող ընկերությունները կանգնել են խնդրի առաջ եւ չեն կարողանում իրենց արտադրանքը հանել շուկա:

Դժվար է ասել, թե խնդիրը որքանով է լուրջ ապակյա տարաներ սպառող կազմակերպությունների համար, սակայն, ՀՀ գյուղատնտեսության նախարարության մոտեցումը խնդրին բավականին լուրջ էր։ Համենայնդեպս, այդպես էր ներկայացվում։ Հունիսի 13-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել բոլոր շահագրգիռ կողմերին եւ առաջարկել էր մեկ-երկու օրվա ընթացքում ներկայացնել արտադրության վերսկսման եւ իրավիճակի կարգավորման համար ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվություն` ապակյա տարաների ներքին շուկայի պահանջարկն առաջնահերթ կերպով բավարարելու համար:

Երեկ մենք փորձեցինք տեղեկություն ստանալ Գյուղնախարարությունից, թե խնդրի լուծման ուղղությամբ ի՞նչ է արվել, առավելեւս, որ երկու օրվա փոխարեն` արդեն անցել է շուրջ մեկ շաբաթ։ Սակայն այս գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ իրենք որեւէ միջոց չեն կարող կիրառել, քանի որ դա իրենց իրավասության սահմանների մեջ չէ։ «Մենք չենք կարող այդտեղ որեւէ բան անել։ Մենք պարզապես հորդորել ենք, որպեսզի մարդիկ ինչ-որ աշխատանք կատարեն, կառույցների ուշադրությունը ուղղել ենք առկա խնդրի վրա»,- փոխանցեցին մեզ՝ ավելացնելով, որ իրենք տեղյակ չեն, թե խնդիրը լուծման որ փուլում է գտնվում։ Կարճ ասած, պատասխանի իմաստն այն էր, որ Գյուղնախարարությունը փորձում է ինչ-ինչ խնդիրներ լուծել, սակայն կոնկրետ շշերի արտադրության հետ կապված խնդիրը չեն կարող լուծել, իրենց իրավասությունների շրջանակից դուրս է: Այսինքն՝ անհասկանալի է, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ խորհրդակցություն անցկացնել, այն էլ՝ նման հնչեղությամբ։

Ուշագրավ է նաեւ այն, որ մասնավոր զրույցներում համապատասխան ոլորտի մասնագետները հետեւյալ կարծիքն են արտահայտում՝ քանի որ ապակյա տարաներ արտադրող ընկերությունները հայկական են եւ օգտագործում են հայկական հումք, ապա պարտավոր են ապահովել Հայաստանի արտադրող ընկերությունների ապակյա տարաների պահանջարկը: Սա, իհարկե, բարոյախրատական հարթությունից է։ Փորձեցինք Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) ճշտել, թե այդ հարթությունից դուրս, զուտ իրավական տեսանկյունից, արտադրող ընկերությունները որեւէ պարտավորություն ունե՞ն տեղական սպառողների հանդեպ։ ՏՄՊՊՀ-ից պատասխանեցին, որ իրականում չեն գտնում որեւէ օրենքի խախտում, ինչի արդյունքում պետք է կիրառվեն պատժամիջոցներ այդ կազմակերպությունների հանդեպ: Եթե նրանք իրականում արտադրում եւ արտահանում են ապակյա տարաներ այլ երկրներ, համագործակցում են արտասահմանյան կազմակերպությունների հետ, դա արդեն այդ կազմակերպությունների անձնական խնդիրն է եւ բխում է նրանց շահերից, եւ ՏՄՊՊՀ-ն իրավունք չունի որեւէ պատժամիջոց կիրառել նրանց հանդեպ:

Փորձեցինք լսել նաեւ ապակյա տարաներ արտադրող ընկերությունների մեկնաբանությունները։ «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերության հետ կապվել չհաջողվեց, քանի որ իրենց իսկ վեբկայքում տեղադրված հեռախոսահամարները չէին գործում։ Հիշեցնենք, որ այս ընկերությունը հունիսի 13-ին հայտարարել էր, որ խոշոր պատվեր ունեն Վրաստանից («Բորժոմի» ընկերությունից), եւ մինչեւ օգոստոս տեղի շուկայում արտադրանք չեն վաճառելու։ Ինչ վերաբերում է «Սարանիստին», ապա ընկերությունից մեզ պատասխանեցին, սակայն արդյունքում ամեն ինչ ավելի խճճվեց։ «Սարանիստի» ներկայացուցիչը հունիսի 13-ին գյուղնախարարի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իրենք դադարեցրել են արտադրությունը տեխնիկական վերազինման պատճառով եւ կկարողանան արտադրանք տալ միայն հաջորդ տարի։ Սակայն ընկերությունից մեզ պատասխանեցին, որ այդ ամենը իրականում դատարկ աղմուկ է, որից իրենք անգամ տեղյակ չեն: Այն հարցին, թե ե՞րբ կավարտեն տեխնիկական վերազինումը եւ կսկսեն ապակյա տարաների արտադրությունը, հնչեց հետեւյալ պատասխանը. «Այո, մենք սպառազինվում ենք, դա չեմ ժխտում, սակայն մեր արտադրությունը ոչ կանգնել է, ոչ էլ նվազել են արտադրության ծավալները: Մենք ունենք պայմանավորվածություններ մի շարք հայկական պահածոներ արտադրողների հետ, ում եւ մատակարարում ենք իրենց պատվիրած շշերի համապատասխան քանակությունները»: Սակայն ամենից ուշագրավն այս եռանկյունու երրորդ կողմի՝ ապակյա տարաներ սպառող ընկերությունների մեկնաբանություններն էին։ «Արտֆուդ» ընկերությունում, ինչպես պարզվեց, անգամ տեղյակ էլ չէին, որ կա նման «անլուծելի» խնդիր: Սա` այն դեպքում, երբ Սերգո Կարապետյանը մինչեւ նախարար դառնալը այս ընկերության տնօրենն էր, եւ այժմ էլ նրա ընտանիքին է պատկանում «Արտֆուդի» բաժնետոմսերի մի մասը։ Փոխարենը, պահածոներ արտադրող «Նիկոլա Ինթերնեյշնլում» ոչ միայն խնդրին տեղյակ էին, այլեւ արդեն հասցրել էին լուծում գտնել։ Ընկերությունում որոշում են կայացրել ապակյա տարաները ներկրել Եգիպտոսից: Իսկ դա զարմանալի չէ։ Եթե Գյուղնախարարությունը, խորհրդակցությունից բացի, այլ քայլեր չի ձեռնարկում, ընկերությունները շարժվում են «եղունգ ունես՝ գլուխդ քորի» սկզբունքով։

Ելենա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ