«Ժողովրդի համար, ի հեճուկս ժողովրդի»

21/06/2012

Այս կարգախոսով բնութագրեց թուրքական ազգայնականությունը Ստամբուլի Բիլգի համալսարանի համեմատական գրականության բաժանմունքի ղեկավար, գիտնական եւ հրապարակախոս Մուրատ Բելգեն, ով երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Փորձենք հասկանալ Թուրքիան» թեմայով քննարկման հյուրն էր:

Նշենք, որ Բիլգի համալսարանը այն նույն համալսարանն է, որտեղ 2005-ի սեպտեմբերին կազմակերպվել էր հասարակական լայն շրջանակներում մեծ աղմուկ հանած «Օսմանյան հայերը կայսրության անկման ժամանակաշրջանում. գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցերը» թեմայով գիտաժողովը: Բելգեն ինքն իրեն համարում է ձախակողմյան սոցիալիստ, դիրքորոշում, որ նա հակադրում է կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության աջակողմյան, իսլամիստական կողմնորոշմանը: Ի թիվս այլ հարցերի, Բելգեն, անդրադառնալով Թուրքական պաշտոնական ժխտողականության քաղաքականությանը եւ Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի համատեքստում հայերի` հաճախ իռացիոնալ պահվածքի պատճառներին, նշեց, որ պատճառները պետք է փնտրել հենց թուրքերի մեջ, թուրքական քաղաքականության շրջանակներում: Քննարկման համակարգող եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի այն հարցին, թե ինչի հետ են կապված թուրքական իռացիոնալության այնպիսի դրսեւորումներ, ինչպիսիք են Ախթամարի եւ Անիի վերականգնումը եւ կանխամտածված ձեւով հայկական որեւէ հետքերի մատնանշումից խուսափումն այդ տարածքներում, Բելգեն դա կապեց թուրքական ազգայնականության եւ դրա անկառավարելի հետեւանքների հետ: Քննարկմանը մասնակցող Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի պատվո հյուպատոս Ավետիք Ղուկասյանը նշեց. «Ակնհայտ է, որ եւ Հայաստանում, եւ Թուրքիայում բոլոր ողջամիտ մարդիկ ցանկանում են, որ լինի հաշտություն: Անձամբ ինձ համար կա մի բանաձեւ, առանց որի նման անկեղծ հաշտություն չի լինի»: Այդ բանաձեւն, ըստ հյուպատոսի, հետեւյալն է. «հաշտություն, ճանաչում, հատուցում»: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Թուրքիայի մտահոգություններից շատերը բխում են վերոնշյալ բանաձեւի երկրորդ մասի շուրջ առկա հայկական տեսակետների լուրջ տարաբաժանումներից: Հյուպատոսը Բելգեին հարց ուղղեց` արդյո՞ք առկա խնդիրների հնարավոր ելք կարող է լինել թուրքական իշխանությունների նախաձեռնողականության մեծացումը հայկական կողմի պահանջների հստակեցման գործում, ինչն առավել կհեշտացնի ճանաչման գործընթացը եւ Թուրքիային կօգնի Եվրոպայի առջեւ առավել դրական լույսի ներքո ներկայանալ: Բելգեն պատասխանեց, որ թուրքական իշխանություններն, իհարկե, կարող են որոշել նախաձեռնողականություն ցուցաբերել եւ Եվրոպայի աչքին ներկայանալ դրական լույսի ներքո, այնուամենայնիվ, շատ ավելի կարեւոր են ներքեւից եկող զարգացումները, որոնք առնչվում են սովորական մարդկանց, նրանց միջեւ հարաբերությունների զարգացմանը, փոխադարձ հարգանքի ձեւավորմանը: Ընդունելով, որ քաղաքակիրթ իշխանությունները պետք է մտածեն նման տրամաբանության շրջանակներում, բանախոսն այնուամենայնիվ անուղղակիորեն չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ «վերեւից»` իշխանություններից եկող նախաձեռնողականությունը կարող է հարցի վերջնական լուծում ապահովել: Ըստ Բելգեի, հիմնական աշխատանքը տեղի է ունենում հենց առօրյա մարդկային հարաբերությունների մակարդակում, եւ մենք այս իմաստով դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:

Մարիամ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ