Երեկ տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման հեռանկարները» թեմայով համաժողով, որի ընթացքում ամփոփվեցին կատարված եռամյա ծրագրի արդյունքները: ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանի խոսքով` մասնագիտական կրթական բարեփոխումները Հայաստանում մեծապես պայմանավորված են Բոլոնյան գործընթացներին մեր երկրի մասնակցությամբ, որին Հայաստանն անդամակցեց 2005թ.: Հայաստանում իրականացված «Մասնագիտական կրթություն եւ ուսուցում (ՄԿՈՒ) ոլորտի ղեկավարներին եւ ուսուցիչներին» ծրագրի նպատակն էր մշակել կայուն ուսումնական ձեռնարկներ, որոնք կփոխանցվեն Կրթության եւ գիտության նախարարությանը: Գիտելիքի անմիջական փոխանցման արդյունքում ծրագիրը հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում հասնելու ցանկալի արդյունքի: Ըստ ԿԳՆ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանի, կան բազմապրոֆիլ ծրագրեր, որոնք իրականացվում են եւ ԿԳՆ-ի, եւ եվրոպական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: «Ակտիվ ներգրավում ենք նաեւ գործատուներին, որովհետեւ ակնհայտ է, որ ուսումնական հաստատություններն ավարտած ու միջին մասնագիտական կրթություն ստացած մասնագետները եւ արհեստավորները առաջին հերթին իրենց գիտելիքներն ու հմտությունները կիրառում են տնտեսության տարբեր ոլորտներում»,- ասաց Աբրահամյանը: Բացի եռամյա գործունեությունից, ՄԿՈՒ-ն ունի նաեւ հեռանկարային ծրագրեր: Այն է` առաջիկա տարիներին կազմակերպել ղեկավարման եւ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ տնօրենների համար, եւ դասավանդման մեթոդներին վերաբերող կուրսեր` ուսուցիչների համար: Նշենք, որ ծրագրի շրջանակներում արդեն վերապատրաստվել են դպրոցների 20 ղեկավարներ եւ 45 ուսուցիչներ: Դպրոցի ղեկավարները զարգացրել են ղեկավարման եւ անձնակազմի ու աշակերտության հետ հարաբերվելու իրենց կարողությունները, իսկ ուսուցիչները սովորել են ուսման նոր մեթոդներ եւ ուսուցողական գործընթացի նոր մոտեցումներ: