Մշակույթի նախարարությունը կշարունակի գործել ժամանցային գերատեսչության գործառույթներով

21/06/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանում ժամանակակից արվեստը ոչ միայն չի ադապտացվում ժամանակի մեջ (այդպիսով կորցնելով բազմաշերտ` դաստիարակչական, քարոզչական եւ ստեղծարար կենսունակությունը), այլեւ` հայտնվել է փակուղում:

Մենք ունենք ժամանակակից արվեստ, որը, սակայն, մշակութային քաղաքականության բացակայության պատճառով, համակարգված չէ, հետեւաբար` նաեւ զրկված է զարգացման հեռանկարից: Մշակույթի նախարարի պորտֆելը կրկին վերապահվեց Հասմիկ Պողոսյանին, եւ ենթադրվում է, որ առաջիկա տարիներին արվեստի դաշտն էլ ավելի «ցամաքելու» է, քանի որ նախարարուհին ժամանակակից արվեստին շարունակելու է վերաբերվել այնպես, ինչպես նախորդ տարիներին: Մի խումբ արվեստագետներ պատրաստվում են նամակներով եւ առաջարկություններով դիմել ՀՀ իշխանություններին` ահազանգելով նախ` նախարարության կադրային քաղաքականության խնդիրների, ինչպես նաեւ` այս ոլորտի վերաբերյալ նախարարուհու չեզոք դիրքորոշման մասին: Մենք մեր առաջիկա համարներում պարբերաբար կանդրադառնանք արվեստագետների, արվեստաբանների կողմից ներկայացվող փաստարկներին եւ կներկայացնենք Մշակույթի նախարարության ներքին խոհանոցի վերաբերյալ հրապարակումներ: Արվեստագետներից շատերը նախ իշխանություններին հորդորում են` Հ. Պողոսյանին կրկին Մշակույթի նախարարի պորտֆելը վստահելով, վերջապես պարզել, թե նախարարությունն ինչպիսի՞ կառույց է` ադմինիստրատի՞վ, գումար բաժանո՞ղ, թե՞ մշակութային քաղաքականություն մշակող: Հակառակ դեպքում` մշակութային քաղաքականության բացակայության պայմաններում նախարարությունը չի կարող աշխատել երկարատեւ ծրագրերի վրա, որոնց պտուղները հնարավոր կլինի քաղել տարիներ հետո (աշխարհում մշակույթի զարգացման մոդելը այդպես է` ներդրումների արդյունքը տարիներ հետո է ի հայտ գալիս): Ներկայումս մենք ունենք ադմինիստրատիվ գործառույթ իրականացնող գերատեսչություն, որը պետական փողերը մսխում է միջոցառումների ու հրավառությունների վրա: Նախկինում ԱՕԿՍ-ի միջոցառումների կազմակերպումը համակարգող Հ. Պողոսյանը` նախարարի իր գործառույթները կատարում է նախկին աշխատանքի բնազդով: Այլ կերպ ասած` տիկին Պողոսյանը դեռեւս չի ձերբազատվել միջոցառում կազմակերպողի բարդույթից: Արդյունքում` ստեղծագործական ներուժն արտագաղթում է` իր ստեղծագործական պաշարը դարձնելով օտար երկրի սեփականություն: Նման պարագայում հայ արվեստագետներն առաջարկում են ընդհանրապես լուծարել Մշակույթի նախարարությունը, քանի որ պետական ֆինանսավորմամբ ոչ թե արժեքներ են ի հայտ գալիս եւ դրանց համար ճանապարհ բացվում, այլեւ միջոցառումային տրամաբանության մեջ ֆորմալիզացվում է արվեստն` իր բոլոր ճյուղերով: Օրինակ` նախարարությունում փորձաշրջան անցնող աշխատակիցներից մեկը հավաստիացնում է, որ նախարարուհին միջոցառումներն այնքան է կարեւորում, եւ դրանց իրականացման վրա այնքան ռեսուրսներ են մսխվում, որ գրեթե բոլոր վարչությունների աշխատակիցները կարեւորագույն փաստաթղթերի վրա աշխատելու ժամանակ չեն ունենում: Այս ամենի արդյունքում` շոուն հաստատուն քայլերով ներխուժում է մշակութային դաշտ, ընդ որում` պետական կառույց: Արմենչիկներն ու թաթուլները, որոնք ողջ աշխարհում գոյություն ունեն, բայց համարվում են երրորդ «սորտի» երգիչներ` մեր երկրում ընկալվում են որպես պետական մշակութային քաղաքականության «արտադրանքներ»: Այդ ընկալումը նաեւ հիմնավորվում է շատ պարզ պատճառով. Հ. Պողոսյանն է վաստակավորի կոչման հավակնողների ցանկը ներկայացնում ՀՀ նախագահին: Մինչդեռ ակնհայտ է, որ ոչ մի երկրում չի կարող արվեստը զարգանալ, եթե երկրի Մշակույթի նախարարը` որպես վաստակավորի կոչման հավակնորդ, երկրի նախագահին ներկայացնում է Արման Հովհաննիսյանի անունը: Ի դեպ, Սովետական Միության ժամանակաշրջանում գեղխորհուրդը նույնիսկ թույլ չէր տալիս, որ նման երգիչներին հեռուստատեսությամբ եւ ռադիոյով պրոպագանդեն, իսկ մեր օրերում` նրանց պրոպագանդում է հենց պետությունը` ի դեմս մշակույթի նախարարի: Արդյունքում` ՀՀ մշակույթի նախարարությունը վերածվում է ժամանցային նախարարության, իսկ որպես մշակութային գործչի «ֆիգուր» ընկալվում են արմանհովհաննիսյանները: Չնայած այս ամենին, մեր տեղեկություններով` Ա. Հովհաննիսյանը ՀՀ նախագահականում «կադրավիկ» ընկերներ ունի, եւ չի բացառվում, որ նրան վաստակավորի կոչման ցանկում ընդգրկելու հրահանգը Հ. Պողոսյանին տրվել է նախագահականից:

Արդիականացման քողի տակ կադրային քաղաքականության «հերն անիծեց»

ՀՀ մշակույթի նախարարության ռազմավարությունն ու առաջնահերթությունն առայսօր տրամաբանությունից զուրկ է: Խնդիրն այն է, որ տիկին Պողոսյանը ժամանակակից արվեստի նկատմամբ չունենալով սեփական դիրքորոշում` չի կարող նաեւ ապահովել այդ դաշտի զարգացումը: Այդ գերատեսչության վարչության պետերի պաշտոնները զբաղեցնում են ոչ կոմպետենտ մարդիկ, իսկ ժամանակակից արվեստի համակարգողը մասնագիտությամբ իրավաբան փոխնախարար Արթուր Պողոսյանն է, ում հեղինակավոր նկարիչների ու երաժիշտների անուններն անգամ կարող են ոչինչ չասել: Նրանք համարվում են քաղծառայողներ, ուստի ընտրվող պաշտոնյաների գնահատման չափանիշը ոչ թե մշակութային գիտելիքներն են, այլ` իրավական դաշտի իմացությունը: Օրինակ` Մշակույթի նախարարությունում պաշտոն կամ հաստիք զբաղեցնելու համար տվյալ անձը պարտավոր է քաղծառայության համակարգում քննություն հանձնել 60-ից ավելի իրավական հարցերի վերաբերյալ, մինչդեռ մշակույթի ոլորտի կառավարման մոդելի դեպքում առաջնահերթությունը պետք է տրվի տվյալ դաշտին տիրապետելու սկզբունքի վրա: Ստացվում է` նախարարության կադրային սխալ քաղաքականության արդյունքում մշակույթը ոչ միայն կառավարելի չէ, այլեւ զրկվել է իր առաքելությունից: Իր պաշտոնավարման տարիներին Հ. Պողոսյանը երբեւիցե ՀՀ կառավարությանը` քաղծառայության համակարգում գործող ոչ արդյունավետ ընտրակարգը վերանայելու առաջարկությամբ հանդես չի եկել, որով հնարավոր կլիներ նախ իր ենթակայությամբ գործող գերատեսչությունը համալրել մասնագետներով, իսկ մասնագիտական ներուժը կօգտագործեր մշակութային քաղաքականություն, ռազմավարություն մշակելու համար: Նշենք նաեւ, որ տարիներ առաջ Մշակույթի նախարարությունում գոյություն ուներ Արվեստի բաժին, որի ենթակայությամբ գործում էին առանձին` Կինոյի, Թատրոնի, Դրամատուրգիայի, Երգարվեստի, Պարարվեստի, Կերպարվեստի, Հրատարակչական գործի եւ այլ բաժիններ (համենայնդեպս, այդ մոդելն արդյունավետ էր այնքանով, որ առանձին բաժիններ համակարգում էին մասնագիտական խմբերը): Այնուհետեւ Հ. Պողոսյանը, պաշտոնը ստանձնելուց հետո, «բարեփոխման» քողի տակ` կառուցվածքային փոփոխություններ կատարելով, նախարարության կադրային քաղաքականության «հերն անիծեց»: Ներկայումս Մշակույթի նախարարությունում գոյություն ունի Ժամանակակից արվեստի վարչություն, իսկ նախկինում գործող առանձին բաժինները նախարարուհին լուծարեց եւ մեկ հոգու` վարչության մասնագետին վերապահեց ՀՀ ժամանակակից արվեստի ներքո համախմբված ոլորտների կառավարումը: Բնականաբար, հարց է ծագում` արդյո՞ք կոնկրետ Ժամանակակից արվեստի վարչության պետն ի զորու է միայնակ ոչ միայն ղեկավարել, այլեւ այս բոլոր ոլորտների միջոցառումներին մասնակցելով` նախագծեր իրականացնել, դաշտը զտել, աշխարհի հետ համագործակցության կապեր ստեղծել եւ առհասարակ` միաժամանակ տիրապետել թատրոնի, կինոյի, երաժշտարվեստի, պարարվեստի եւ արվեստի բոլոր ճյուղերի մանրամասներին:

Ի դեպ, հավանաբար ստեղծված քաոսի պատճառով է, որ թատրոնի կամ կինոյի ոլորտին առնչվող որեւէ հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով նախարարության լրատվական ծառայություն դիմելու դեպքում` ստիպված ենք լինում շաբաթներով սպասել պատասխանին: Նախարարությունում չգիտեն, թե ով որ ոլորտի պատասխանատուն է, հետեւաբար` լիազորությունների շրջանակը հստակեցված չլինելու պատճառով, նույնիսկ կոնկրետ թեմայի պատասխանատուին չեն գտնում:

Նախարարը որոշումները կայացնում է միանձնյա

Այնուամենայնիվ, մեզ դիմած արվեստագետները վստահեցնում են, որ Մշակույթի նախարարություն ներկայացված գրեթե բոլոր նախագծերը Հ. Պողոսյանը հաստատում կամ մերժում է միանձնյա որոշումներով, քանի որ նախարարությունում մասնագիտական քննարկումների ավանդույթ գոյություն չունի: Օրինակ, եթե Կինոկենտրոնը մասնակցության հայտ է ներկայացնում Կաննի փառատոնին, ապա նախարարն է որոշում այդ մասնակցության նպատակահարմարությունը, քանի որ այդ գերատեսչությունում Կինոյի բաժին եւ կինոոլորտի մասնագիտական խումբ գոյություն չունի: Նախարարության հետ նախագծեր իրականացրած արվեստագետները վստահեցնում են, որ այդ գերատեսչությունում սուբորդինացիան չի պահպանվում, հետեւաբար` նախարարուհին, միանձնյա որոշումներ իրականացնելով հանդերձ, իր ենթականերին զրկում է կոնկրետ իրավասություններից: Արդյունքում` պետական ֆինանսավորմամբ իրականացվող նախագծերն ու միջոցառումներն իրականացվում են արվեստի տրամաբանությունից դուրս եւ բացառապես նախարարուհու պատկերացումներով: «Օրինակ, եթե կոնկրետ ոլորտի հետ կապված ինչ-որ հարցով, ես գիտեմ, որ վարչության պետը` տիրապետելով ոլորտին, կարող է ինչ-որ բան անել, բայց քանի որ նա դերակատարում չունի որոշումներն ընդունելու հարցում, բնականաբար, ես ուղիղ մտնում եմ նախարարի մոտ»,- ասում է արվեստագետներից մեկը` խնդրելով չհրապարակել իր անունը` հասկանալով, որ դրանից հետո առհասարակ նախարարուհու մոտ մտնելու հնարավորությունից էլ կզրկվի: Այսինքն` Մշակույթի նախարարության վարչության պետերն ընդամենը կատարողներ են, որոնց մասնագիտական կարծիքը կամ դիրքորոշումը չի կարող ազդել Հ. Պողոսյանի որոշումների վրա: Ընդ որում, նախարարությունում ոլորտի գեղարվեստական խորհրդի ներկայացուցիչները փաստում են, որ խորհուրդների գործունեությունը պրոֆորմա է: Մեծ հաշվով, Հ. Պողոսյանն է որոշում` նախագծերը ֆինանսավորե՞լ, թե՞ չֆինանսավորել, հետեւաբար` իր վարչության պետերին զրկելով իրենց իրավասություններից` Հ. Պողոսյանը նախարարությունում սովորական ֆաշիզմ է հաստատել: Իսկ, եթե հաշվի առնենք, որ Հ. Պողոսյանի` ժամանակակից արվեստի եւ առհասարակ մշակույթի ընկալումը միջոցառումային կոնտեքստում է, ուրեմն` պատճառաբանված է նաեւ հայաստանյան մշակութային աղետի ֆենոմենը:

Ինչեւէ, Հ. Պողոսյանը վեց տարի ղեկավարելով այդ գերատեսչությունը, այդպես էլ չկարողացավ հանրությանը ներկայացնել, թե նախարարությունն ինչ կառույց է եւ ինչ գործառույթներ է իրականացնում: Նախարարության վարչությունները նույնիսկ տվյալների բազաներ չունեն: Իսկ մասնագետները ոչ միայն չեն ուսումնասիրում դաշտը, այլեւ նրանց, ովքեր փորձում են արվեստագետների հետ հանդիպումների արդյունքում ուսումնասիրել, տիրապետել դաշտին` նախարարի կողմից անմիջապես ազատման դիմում գրելու պահանջ է ներկայացվում: Ընդ որում, ասում են` նա իր ենթականերին խստագույնս հանձնարարել է նստել գրասենյակներում եւ պատասխանել նամակներին: