Միայնակ մոր կացարանը՝ 82 տարվա վեճի առարկա

21/06/2012 Գայանե ԼԱԼԱՅԱՆ

Մեր թերթի հունիսի 14-ի համարում հրապարակված` «Միայնակ մորը զրկում են միակ կացարանից» նյութի հետքերով խմբագրություն էր զանգահարել Ջափարիձե 1 (այժմ՝ Ուլնեցու փողոց) հասցեում գտնվող կացարանի սեփականատերը` Ներսես Խաչատրյանը:

Նա վրդովվել էր կացարանում բնակվող Վարդուհի Հակոբյանի այն հայտարարությունից, թե սեփականատերն իրեն հանում է տնից: «Ես չեմ հանի, մատով իրավունք չունեմ ձեռք տալու: Ես այդ մարդը չեմ: Ո՛չ փող եմ ուզելու նրանից, ո՛չ էլ հանելու եմ: Թող մնա, եթե մնալու է, բայց ո՞վ է պատասխան տալու, ես չեմ կարող ասել: Էդ տունը որ մտար, դա ապրելու տո՞ւն էր: Որ քանդվի, չե՞ն ասի` տանտեր ես, ինչո՞ւ ես բերել, լցրել էդտեղ: Ի՞նչ պիտի ասեմ ես»,- մեզ հետ զրույցում ասաց 87-ամյա Ներսես պապը: Նա իր հետ բերել էր բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, շինությունների հատակագծերը, սեփականության իրավունքի պատճեններն ու դատական որոշումներ: Պատմեց, թե ինչպես է տարիներ շարունակ դատարաններում պաշտպանել սեփականության իր իրավունքը` 1870-ից իր պապին պատկանող տարածքում տեղավորված Արմենակ Մելիքյանից ու նրա ժառանգներից: «Կոմունիստների ժամանակ տնից հանել չկար: Մտավ` վերջացավ, ո՞վ պետք է հանի: Հիմա էլ չեն հանում»,- ասաց նա: Ն. Խաչատրյանը հիշեց, որ 1930-ին, երբ հողերը պետական էին, իրենք խոտանոցում ապաստան են տվել Մելիքյանների ընտանիքին, ինչից հետո անօրինական կերպով ավելացվել են շինությունները, որտեղ այժմ ապրում են Վարդուհին ու իր հարեւանուհին: Վերջինս 70 տարի ապրել է այդտեղ ու նույնպես վարձ չի տվել տանտիրոջը: Դեռեւս 1983թ. սանէպիդկայանն արձանագրել էր, որ կացարանում 75 տոկոս խոնավություն կա: Հետագայում դատարանի որոշմամբ օգտագործման իրավունք է տրվել Արմենակ Մելիքյանի որդուն` Արամին, ապա՝ թոռին՝ Տիգրանին՝ պայմանով, որ շինության հետ կապված ոչ մի գործարք չեն կարող անել: Որոշ ժամանակ կացարանում հաշվառված են եղել Արամի անչափահաս թոռները, ինչի պատճառով եւս Ն. Խաչատրյանը 2 տարի շարունակ դատական նիստերի է մասնակցել։ «1930 թվից ապրում են: 82 տարի անընդհատ վեճի մեջ ենք եղել: Հիմա ես ուզում եմ ամեն ինչ անել, որ իմ թոռներին չմնա էս գործը, փակենք միանգամից: Ուրիշ ճար չկա»,- նշեց նա: ՀՀ կառավարության 1998թ. որոշմամբ` «գույքը գտնվում է պետության կարիքների համար վերցվող օտարման գոտում»: Իսկ օգտագործման իրավունք ունեցող տերերը 7 տարի առաջ այն վարձակալության են տվել միայնակ մորը: «Կեղտոտ բաներով են զբաղվում: Տներում նստում են, վարձով են տալիս: Ոչ պետությանն են հարկ տվել, ոչ էլ ինձ են փող տվել: Իրենց տունը չի: Ապրող չի եղել, բարձիթողի տուն է եղել: Էդ խեղճերին գտել են, ամսական 15.000 փող են վերցրել: Բանալի էլ չի եղել վրան, Վարդուհին է կողպեքը սարքել: Մի կոպեկ չէին դրել, բաց էր դուռը: Իրավունք չունեին այդ վթարային, անտանելի պայմաններում վարձով տալ,- ասաց Ներսես պապը՝ ավելացնելով, -Ճար արեք, էդ փողը վերցրեք, տվեք Վարդուհուն: Ինքը մեղք է: Հիվանդացել է: Այդ տան մեջ մի օր մնաս, կհիվանդանաս: Ինչո՞ւ է այդ դաժան պայմաններում այդքան տարի այդտեղ պահել»:

1996թ. ՀՀ Գերագույն դատարանի որոշման մեջ նշված է, որ վիճելի հարցը կրում է քաղաքացիա-իրավական բնույթ, որը պետք է լուծել օրենքի սահմաններում՝ դատական կարգով: Սակայն 2-րդ կարգի հաշմանդամ Ն. Խաչատրյանն ասում է, որ այդ հարցով 10 անգամ դատարան են տարել, ու այլեւս ի վիճակի չէ մասնակցել այդ գործընթացներին. «Ես մտնեմ դատարան՝ ի՞նչ ասեմ: Ոչ առողջություն ունեմ, ոչ` փող, իմ ճարն ի՜նչ պիտի լինի: Իսկ դատարանը սենց կեղտոտ գործերը վերցնում է: Տան հարց կա, տան վրա պետք է փող աշխատեն: Ես այդ փողը չեմ տեսել, չեմ էլ տեսնելու: Իսկ իրենք դրա վրա մեծ փողեր են վերցնում: Էդ որ գրում են, խոսում են` փոխվել է, չի փոխվել: Եթե մտար դատարան, դատավորը տեսնում է` դու այն մարդը չես, ուզում ես պառկելով, չոքեչոք մտի, չի տեսնում քեզ: Ասում է` գնա, նիստի ժամանակ կգաս: Գլուխն էլ չի բարձրացնում: Մարդ չեն հաշվում այնտեղ: Դատապաշտպան պետք է բռնել, իսկ նրանք 1000 դոլարից պակաս չեն վերցնում, դատավորն ամենաքիչը 2000 է վերցնում, դա արդեն մի մլն փող արեց: Ես կյանքում չեմ տեսել այդքան փող: Այդ տունը ե՞րբ պիտի ծախվի, որ ես փող ունենամ, կծախվի՞, թե՞ ոչ, ինձ բան կտա՞ն, թե՞ չեն տա: Գրած է` պետական կարիքների համար: Պետության ձեռքում է այդ տարածքը, իշխանությունն է ղեկավարում»:

Ն.Խաչատրյանը նշեց, որ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ նրան նախկինում էլ էին օգնել՝ փաստաթղթեր ձեւակերպելիս: