Եթե ձմռան վերջում ձորակների, բլուրների արեւկող լանջերին, ճանապարհի եզրերին նկատեք վառ դեղին ծաղիկներ, որոնք երբեմն ավելի արտահայտիչ են դառնում դեռ չհալած ձյան ճերմակի կողքին, ապա կարող եք համոզված լինել, որ դուք հանդիպել եք տատրակ կոչվող բույսին։
Երբ մոտենաք, կնկատեք, որ բույսի վրա չկան տերեւներ` դրանք կհայտնվեն ծաղկման շրջանից հետո, որը տեւում է յուրաքանչյուր ծաղկազամբյուղի համար 5-6 օր։ Սակայն իրականում տերեւներ կան` դրանք ծիրանագույն կամ մանուշակագույն երանգ ունեցող թեփուկներ են, որոնք խիտ պատում են ծաղկակիրը։
Տատրակը անգին նվեր է մոտակայքում ձմեռող մեղվաընտանիքի համար, թեեւ բույսի մեղվատվությունը բարձր չէ (8-30 կգ/մեկ հա), այնուամենայնիվ, մատակարարում է ծաղկահյութ եւ փոշի, որոնք շատ կարեւոր են` որպես վաղ գարնանային հումք մեղվահաց պատրաստելու համար։
ՀՀ բնական պայմաններում տարածված է Սեւանի ավազանում, Վայքում, Իջեւանի տարածաշրջանում, հիմնականում` տղմոտ, կավային հողերի վրա։
Աճման վայրից կամ եղանակային պայմաններից կախված` կարող է ծաղկել մարտ-ապրիլին կամ մայիս-հունիսին, մեկ բույսի ծաղկման շրջանը 30-40 օր է։
Գիտական անվանումն է` Tussilgo farfara, պատկանում է բարդածաղկավորների (աստղածաղկավորների) ընտանիքին։ Արմատային համակարգը շատ հզոր է, արմատային ընձյուղները տարածվում են գետնի մակերեսին զուգահեռ, դրանց խտությունը առավելագույնն է` մոտ 1 մ խորության մակարդակում։ Եթե բույսը հայտնվում է մշակովի ցանքերում, ապա դրանից շատ դժվար է ազատվել։ Գլխավոր ընձյուղը առաջացնում է շառավիղներ, որոնք ձեւավորում են սեփական արմատային համակարգը։ Նոր սերնդի բույսերը սնելու համար արմատային համակարգում կուտակվում են բոլոր անհրաժեշտ պաշարները։ Ամռան վերջում անմիջապես հողի մակերեսի վրա առաջանում են ծաղկաբողբոջներ, որոնք կծաղկեն ձմեռելուց անմիջապես հետո եւ կանհետանան ծաղկման շրջանի վերջում։ Ծաղիկների տրամագիծը 2,5-3,5 սմ է։ Պտուղը գլանաձեւ փոմփոլիկավոր սերմիկ է։ Մեկ բույսը տալիս է 8000 սերմ, հասունացածները կարող են ծլել հողում հայտնվելուց մի քանի ժամ հետո։ Ծլունակությունը պահպանվում է ընդամենը 3 ամիս։ Ծաղկման շրջանի սկզբում ի հայտ է գալիս տերեւավարդակը։ Տերեւները խոշոր են, լայն, հիմքում` սրտաձեւ, երկարակոթուն, արտահայտված մանուշակագույն ճղերով։ Դիմային կողմը հարթ է, մուգ կանաչ, որի մակերեսից գոլորշիանում է հեղուկը եւ հետեւաբար` ցածր է ջերմաստիճանը։ Ստորին մասը պատված է փափուկ, սպիտակ խավով, որը տաքացնում է տերեւի մակերեսը։ Այս հատկության հետ է կապված բույսի ռուսերեն անվանումը` «մայր եւ խորթ մայր»` «տաքացնող եւ սառը»։
Բույսի farfara անվանումը նշանակում է ալյուրակիր` կապված տերեւի ստորին կողմի խավապատ, սպիտակ մակերեսի հետ, իսկ Tussilago անվանումը կապված է բուժիչ հատկություններից մեկի հետ. «հազը հանող»։ Հայերեն անվանումներից երկուսն ունեն նույն իմաստը. «Հազի խոտ եւ հազի դեղ»։
Ծաղկազամբյուղները մթերեք վաղ գարնանը, ժամը 9։00-16։00-ն, չոր եղանակին` երեկոյան, եւ խոնավ եղանակին դրանք փակվում են։ Տերեւները պետք է հավաքել, երբ դրանց չափը մոտ 5 սմ է (ոչ ավելի մեծ)։ Չորացումը պետք է կատարել արագ` հեռացրեք անորակ հումքը, փռեք բարակ շերտով օդափոխվող ծածկի տակ։ Պահեք թղթե պարկիկի մեջ չոր, օդափոխվող տարածքում` մինչեւ 3 տարի։
Ծաղիկներում պարունակվում է 6-10 տոկոս թթու լորձանյութ, մոտ 5 տոկոս տանին, հակակարկամային հատկություն ունեցող ֆլավոններ, կարոտինոիդներ, ասկորբինաթթու, դաբաղանյութեր, բույսին բնորոշ այլ նյութեր։
Տերեւը հարուստ է թթուներով (խնձորի, գինու, գալլի), պարունակում է ինուլին, սապոնիններ, կարոտինային, դառը եւ դաբաղանյութեր, այլ։
Ծաղիկներն ունեն նաեւ փափկեցնող, խորխաբեր, հականեխիչ հատկություններ, տերեւը` պարուրող, խորխաբեր եւ հակաբորբոքային։
Որպես դեղաբույս կիրառվում է առնվազն երկու հազար տարի, հիմնականում` հազի դեմ եւ թոքերի հիվանդությունների դեպքում։
Պաշտոնապես գրանցված է 15 երկրների դեղաբանական ձեռնարկներում, մաս է կազմում ժամանակի փորձություն անցած մոտ մեկ տասնյակ դեղաբուսային փնջերի մեջ։
Տերեւի թուրմով եւ եփուկով դնում են թրջոցներ, կատարում լոգանքներ` ֆուրունկուլյոզի, ինֆեկցիոն վերքերի դեպքում, տատրակի եւ եղինջի խառնուրդի (1։1) թուրմով բուժում են մազաթափությունը եւ չոր սեբորեան (թեփոտում)։
Ժողովրդական բժշկությունը կիրառում է բույսը նաեւ միզապարկի եւ երիկամների բորբոքման, ջրգողության, փորկապության, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի դեպքում։
Պարունակում է թունավոր նյութեր։ Խստորեն պահպանեք դեղատոմսերում նշված չափաբաժինները։
Հակացուցված է հղիներին, մինչեւ 2 տարեկան երեխաներին, լյարդի հիվանդությունների դեպքում։
Թուրմ-1ճ/գ մանրացրած տերեւը 30 րոպե թրմեք ջերմապահում 500 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 5-6 անգամ։
Եփուկ- 2 ճ/գ տերեւը լցրեք 500 մլ եռջրի մեջ, եփեք եւս 10 րոպե թույլ կրակի վրա։ Քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ։ Կարելի է 2 օր պահել սառնարանում։ Խմեք միայն գոլ վիճակում։
Քրոնիկ ռինիտ, հարբուխ՚
– Թարմ տերեւը մի քանի վայրկյան պահեք եռջրի մեջ, աղացեք, զտեք հյութը։ Ավելացրեք եռջուր (1։1), 1-3 րոպե եռացրեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց հետո, շարունակեք 7 օր։
– Հյութը կաթեցրեք քթանցքները` 2-ական կաթիլ` օրը 2-3 անգամ։
Թոքախտ.
– Հյութը խառնեք շաքարի փոշու հետ (2։1` ըստ ծավալի)։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4-6 անգամ։ Պահեք մութ, հով տեղում։
– Ապակե տարայի մեջ հավասար շերտերով (մոտ 1 սմ) լցրեք տատրակի թարմ տերեւներ եւ շաքարավազ` մինչեւ տարան լրիվ լցվի։ Կիպ ծածկեք, 20 օր պահեք հով տեղում, խորհուրդ է տրվում հողի մեջ` 50 սմ խորության վրա։ Պետք է ստացվի համասեռ զանգված, ավելացրեք մեղր (2։1) եւ լավ խառնեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց կես ժամ առաջ։ Նպաստում է թոքերի վրա բացված վերքերի (կավերնա) ապաքինմանը։
Մրսածություն, թոքերը մաքրող. Մանրացրեք, խառնեք տատրակի եւ ջղախոտի տերեւները, վաղենակի ծաղիկը, ուրցի խոտը, մատուտակի արմատը (4։4։3։3։2)։ Հումքի 1 ճ/գ-ն կես ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ տաք տեղում (փաթաթեք տարան)։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց առաջ։ Շարունակեք 7-14 օր։
Մրսածություն, գրիպ. Մանրացրեք, խառնեք տուղտի արմատը, տատրակի տերեւը, խնկածաղկի խոտը (2։2։1)։ 2 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ, գոլ վիճակում։
Քրոնիկ բրոնխիտ. Մանրացրեք, խառնեք 2-ական մաս տատրակի տերեւ, վուշի սերմ, ուրցի եւ թոքախոտի (Pulmonaria) խոտերը, 1-ական մաս տատրակի եւ երիցուկի ծաղիկներ, քարխոտի (Symphytum) արմատը։ Հումքի 1ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, եփեք 20 րոպե (ջրային բաղնիք) մարմանդ կրակի վրա։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 5 անգամ, 100 մլ թույլ մեղրաջրի հետ։
Պլեւրիտ. Խառնեք 1-ական թ/գ տատրակի տերեւ, թանթրվենու ծաղիկ, մատիտեղ թռչնի խոտը։ Հումքի 1 թ/գ-ն թրմեք 200 մլ եռջրում` մինչեւ հովանալը։ Քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ, գոլ վիճակում։
Շնչուղիները մաքրող, հակաթարախային.
– Մանրացրեք, խառնեք 50-ական գ սոճու բողբոջ, չամանի սերմը, հոռոմ-սամիթի եւ մանուշակի խոտերը, տատրակի տերեւը, կղմուխի արմատը։ Հումքի 2ճ/գ-ն երկու ժամ թրմեք 600 մլ սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ, 5 րոպե եռացրեք։ Քամեք։ Խմեք 150-ական մլ, օրը 4 անգամ։ Շարունակեք մինչեւ հումքի վերջանալը։
– Փոշիացրեք, խառնեք 1թ/գ խնկածաղկի խոտը, 1-ական ճ/գ սեւ հաղարջենու եւ տատրակի տերեւները, 2թ/գ տատրակի ծաղիկը, ավելացրեք 500 մլ եռջուր, եփեք 20 րոպե (ջրային բաղնիք) մարմանդ կրակի վրա։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։ Շարունակեք 2-4 շաբաթ։
Խորխաբեր միջոց. Մանրացրեք, խառնեք հնդկացորենի խոտը, տատրակի տերեւը, մասուրի պտուղը (2։2։1)։ Հումքի 10 թ/գ-ն 2 ժամ թրմեք 1 լիտր եռջրի մեջ` ջերմապահում։ Քամեք խմելուց առաջ։ Խմեք 100 մլ, օրը 5 անգամ` սնվելուց առաջ, գոլ վիճակում` 1թ/գ մեղրով (ցանկալի է` հնդկացորենի)։
Հակաբորբոքային. Խառնեք 1-ական թ/գ տատրակի եւ ազնվամորու տերեւները, խնկածաղկի խոտը, 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք քնելուց առաջ, գոլ վիճակում։
Արթրոզ. Հավասար քանակությամբ խառնեք կեչու, դաղձի, եղինջի, տատրակի, հապալասի տերեւները։ 1 ճ/գ փոշիացրած հումքը 15-20 րոպե թրմեք 200 մլ եռջրով, նախօրոք տաքացրած տաք ճենապակե տարայում։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ։ Շարունակեք 4 շաբաթ, ընդմիջեք 2 շաբաթ։
Միգրեն. Խառնեք կեսական թ/գ տատրակի եւ եղինջի տերեւները, կռատուկի արմատը, 5 րոպե եռացրեք 400 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ, սնվելուց 1 ժամ առաջ։
Դիաթեզ. Մաշկի բորբոքված հատվածներին ցանեք տատրակի չոր տերեւի փոշին (տես հակացուցումները)։
Արթրիտ, արթրոզ. Բորբոքված հոդերի վրա դրեք թարմ տատրակի տերեւը կամ եռջրում ընկղմված չորը։
Կոշտուկներ. Մի քանի րոպե կատարեք լոգանք տաք ջրով, կոշտուկին ամրացրեք տատրակի տրորած տերեւ կամ քսեք հյութը։
Ճարպոտ, ծակոտկեն մաշկ. Վերոգրյալ թուրմին կամ եփուկին ավելացրեք օղի (5։1), մաքրեք մաշկը։
Մազարմատներն ամրացնող. Տատրակի եւ եղինջի խառնուրդի 3ճ/գ-ն մեկ ժամ թրմեք 1 լ եռջրի մեջ մութ տեղում։ Քամեք։ Լվացեք գլուխը։ Կատարեք ամիսը 2-3 անգամ։