Մինասի տուն-թանգարանի երկրորդ կյանքը

07/12/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

1988թ. ավերիչ երկրաշարժը հիմնովին քանդել էր Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռում գտնվող տուն-թանգարանը: Ընդգրկվելով «Լինսի» շինարարական ծրագրերի մեջ, Մինասի տուն-թանգարանը նորից կառուցվել է: Թանգարանի վերաբացումը կկայանա երկրաշարժի օրը, դեկտեմբերի 7-ին, ժամը 15-ին: Այն կբացվի նույն այն օրը, երբ հողին է հավասարվել: Մինասի ծննդավայրում գտնվող տուն-թանգարանը ժամանակին սրբավայրի կարգավիճակ էր ձեռք բերել, սակայն 17 տարի այցելուներ չունենալու պատճառով, արդեն սկսել էր մոռացության մատնվել: Տուն-թանգարանի վերաբացումը մեծ նշանակություն ունի: Բացման ընթացքում առանձնահատուկ տոնական ծրագիր չի լինի, քանի որ օրը տոնական չէ: Բայց Ջաջուռի գյուղապետը մատաղի արարողություն եւ հյուրասիրություն է կազմակերպելու: Նկարչի որդի եւ տուն-թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանն ասաց, որ «այդ օրը կերուխում չի լինի, պարզապես հյուրերին խաշլամա կառաջարկվի»: Թանգարանում կցուցադրվեն Մինասի քիչ քանակությամբ նկարներ, քանի որ դրանց անվտանգությունն ապահովելը բավական դժվար խնդիր է: Տուն-թանգարանը Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղն է, եւ հետեւաբար նկարների անվտանգության ապահովությունը Պատկերասրահի խնդիրն է: Ըստ Արման Ավետիսյանի՝ նկարների քանակը բավարար է. «Իսկ այն խոսակցությունները, որ տուն-թանգարանում նկարների կրկնօրինակներն են լինելու, համարում եմ սպեկուլյատիվ խոսակցություններ: Այդ մասին կարող են ասել միայն սկանդալներ փնտրող, անտեղյակ մարդիկ»,- ավելացրեց նա: Մինաս Ավետիսյանը կրկին իր տունը կունենա, եւ կվերականգնվեն իր տան եւ արվեստի հետ կապված հուշերը: