Շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով ձեւավորված կառավարությունը երեկ գումարեց առաջին նիստը, բնականաբար, հաստատեց գործունեության 2012-17 թվականների ծրագիրը, որը վաղը կներկայացվի Ազգային ժողով եւ կհաստատվի մի քանի քննադատական ելույթների պաթոսի ներքո: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ավարտվեց խորհրդարանական ընտությունների շրջափուլը եւ, ըստ էության, անմիջապես մեկնարկեց նախագահական ընտրությունների քարոզարշավը: Իհարկե, ոչ պաշտոնապես, եւ առաջին հերթին` ներիշխանական ճամբարում: Դա պարզորոշ երեւում է նախագահ Սերժ Սարգսյանի` կառավարության երեկվա նիստում ունեցած ելույթում: «2012 թվականի համար կառավարության գործունեությունից առաջնային ակնկալիքը 7 տոկոս տնտեսական աճի ապահովումն է: Տնտեսական աճն ինքնանպատակ չէ. մեր խնդիրն է կայուն եւ մշտական զարգացման համար ամուր հիմքեր դնելը, աղքատության հետեւողական կրճատումն ու տեսանելի ապագայում դրա իսպառ վերացումը: Սա է լինելու ձեր աշխատանքի գնահատման առաջին ցուցիչը: Սահմանադրության պահանջով 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո մենք պետք է կրկին անդրադառնանք կառավարություն ձեւավորելու հարցին: Ճիշտ այդ ժամանակ է, որ վիճակագրական ծառայությունը կամփոփի նախորդ տարվա, այսինքն` 2012թ. տնտեսական իրավիճակը, եւ մենք կունենանք կառավարության գործունեության արդյունքները նաեւ նրա գործունեության 5 տարիների համար»,- ասել է Ս. Սարգսյանը: Այսինքն` Ս. Սարգսյանն ուղիղ տեքստով կառավարության անդամներին ասում է` ով լավ աշխատի նախագահական ընտրությունների ժամանակ, կարող է մտածել պաշտոնում մնալու մասին: Մի կողմից` այս «ուղերձը», իհարկե, կարող է հին եւ նոր նախարարների համար անհանգստանալու առիթ դառնալ: Մյուս կողմից` նրանք կարող են հանգիստ լինել, քանի որ կառավարության անդամ է նաեւ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարը, որի համար «7 տոկոսանոց ակնկալիքն» ապահովելն առանձնապես մեծ բարդություն չի ներկայացնի: Ի վերջո, ժամանակին նման «ակնկալիքները» բավարարելու համար այդ ծառայությունը երկնիշ աճեր էր հրապարակում: