Օսկանյանը` մաֆիոզի վարքագծով

19/06/2012

«Որպես հմուտ դիվանագետ, քաղաքական փորձառություն ունեցող գործիչ` Վարդան Օսկանյանը փորձում է շեղել հանրության ուշադրությունը` փորձելով իրեն ներկայացնել որպես քաղաքական հետապնդումների «անմեղ զոհ»»,- «Արմենպրեսին» ասել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը` անդրադառնալով «փողերի լվացման» եւ հարկերից խուսափելու մեղադրանքով «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: «Հարցաքննության առաջին իսկ օրը Վարդան Օսկանյանը շտապեց հայտարարել, որ հարուցված քրեական գործի հետեւում քաղաքական պատվեր կա: Հմուտ դիվանագետը, քաղաքական փորձառություն ունեցող գործիչը, ստեղծված իրավիճակում այլ ելք չգտնելով, շտապեց նման հայտարարություն անել եւ շեղել հանրության ուշադրությունը` փորձելով քաղաքականացնել քրեական գործը, ստեղծել քաղաքական հետապնդումների «անմեղ զոհի» կերպար: Նշեմ, որ ԱԱԾ-ն հայտարարություն արեց միայն Օսկանյանի` մամուլին դիմելուց հետո»,- ասել է Հակոբյանը: Ինչ վերաբերում է փաստին, որ Օսկանյանն ու «Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը հրաժարվել են ցուցմունք տալ, Գորիկ Հակոբյանն ասել է. «Օրենքը նրանց տալիս է այդ հնարավորությունը, բայց արդյո՞ք տարօրինակ չէ, որ «Սիվիլիթասի» ղեկավարները, որոնց առաքելությունն է քաղաքացիական հասարակության ամրապնդումը, արդարադատության եւ օրենքի կայացումը Հայաստանում, ճշմարտության բացահայտմանն աջակցելու փոխարեն, իրենց համար ընտրում են մաֆիոզ կլանային կառույցի ներկայացուցչին հարիր վարքագիծ: Իսկ ի՞նչ է նշանակում` հրաժարվել ցուցմունք տալուց: Իմ երկարամյա փորձից ելնելով` կարող եմ ասել, որ նման քայլի, որպես կանոն, գնում են բացահայտման վտանգի հնարավոր հետեւանքները զգացող մարդիկ: Կարելի է բազում օրինակներ հիշել, երբ կայացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում քաղաքական տարբեր մակարդակի գործիչներ հայտնվում են նման վիճակում` կամ որպես մեղադրյալներ, կամ որպես վկաներ, բայց նրանցից որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում հրաժարվել քննությանն աջակցելուց, ցուցմունք տալուց եւ այս կերպ խուսափել պատասխանատվությունից»: Հարցին, թե որն է Օսկանյանի նման մարտավարության պատճառը, ԱԱԾ պետը նշել է. «Կարծում եմ որ այս ամբողջ աղմուկը հրահրելով` Վարդան Օսկանյանը հանրության ուշադրությունը փորձում է շեղել գործի հիմնական հարցերից եւ ներկայանալ որպես «քաղաքական հալածյալ»: Այլ կերպ հանրության ուշադրությունը կկենտրոնանար այն փաստի վրա, որ որեւէ հայաստանյան հիմնադրամ կամ քաղաքական գործիչ ամերիկյան ու եվրոպական մի շարք երկրների կառավարությունների, դեսպանատների եւ այլ կազմակերպությունների կողմից չի ունեցել այսպիսի առատ ֆինանսավորում, ինչպիսին ունի «Սիվիլիթասը»: Մեր անկատար օրենսդրական դաշտը չի բացառում նման ֆինանսավորում: Ուշադրության կարժանանար այն փաստը, որ Հայաստանի շահերը երկար տարիներ արտասահմանում ներկայացնող դիվանագետը այսօր Հայաստանում քաղաքական գործունեություն է ծավալում, թերթ է հրապարակում` ֆինանսավորվելով դրսից: Պարոն Օսկանյանը փաստերի հետ խոսելու այլ ճանապարհ է ընտրել` խուսափել դրանցից, քողարկվել այլ հանգամանքներով, բայց գործում առկա հարցերը անպատասխան չեն կարող մնալ` անկախ որեւէ մեկի ցանկությունից»: