Երեկ կայացած կառավարության նիստում հաստատվեց ՀՀ Կառավարության 2012թ. ծրագիրը, որում ընկած են հիմնականում 3 գերակայություններ` Տնտեսության մրցունակության բարձրացում` որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայման, մարդկային կապիտալի զարգացում եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում: Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետությունը պարտավոր է մարդու համար ստեղծել արժանապատիվ ապրելու եւ արարելու լավագույն հնարավորությունները: Կառավարության գործունեության ծրագրի ամենաառանցքային կետերից մեկը, թերեւս, տնտեսական աճի ցուցանիշն է, որը վերանայվել է աճման ուղղությամբ։ Մասնավորապես, ծրագրում նշված է, որ 2012-2017թթ. պետք է ապահովվեն տնտեսական աճի առաջանցիկ տեմպեր՝ զարգացած երկրների համեմատ։ Նախատեսվում է ունենալ համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճ։ Ընդ որում, նախագահ Սերժ Սարգսյանն առավելագույն աճի ցուցանիշ է ակնկալում այս տարվանից սկսած։ «2012թ. համար կառավարության գործունեությունից առաջնային ակնկալիքը 7 տոկոս տնտեսական աճի ապահովումն է»,- կառավարության երեկվա նիստում նշեց նախագահ Սարգսյանը:
7 տոկոսանոց տնտեսական աճի ամրագրումն ուշագրավ է նրանով, որ Համաշխարհային բանկը «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» անվանումը կրող հերթական կիսամյակային զեկույցում 0.2 տոկոսով նվազեցրել է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշի իր հունվարյան կանխատեսումը` 4.3-ից դարձնելով 4.1: Ուսումնասիրելով տարածաշրջանային երկրների տնտեսական ցուցանիշները՝ պարզ է դառնում մի կարեւորագույն հանգամանք. Հայաստանը միակ երկիրն է, որի տնտեսական աճի ցուցանիշը Համաշխարհային բանկի կանխատեսմամբ նվազեցվել է:
Այս հարցի շուրջ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ոլորտի պատասխանատուներից եւ փորձագետներից։ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ հարցով մեկնաբանություններ կտա միայն հունիսի 20-ին, երբ ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով։ Իսկ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ընդհանրապես հրաժարվեց մեկնաբանել, քանի որ կառավարության 2012թ. ծրագրին, իր իսկ խոսքերով, դեռ չի հասցրել ծանոթանալ։
Կառավարության գործունեության ծրագրի շուրջ երեկ արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշ մեկնաբանություններ էր տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Նա նշել էր, որ ծրագրի հիմնական գաղափարը մրցունակությունն է` մրցունակ տնտեսություն, մրցունակ ծառայությունների համակարգ եւ մրցունակ մարդկային կապիտալ՝ ավելացնելով. «Եթե չլինեն այնպիսի շոկային ռիսկեր, ինչպես եղան նախորդ տարիներին, Կառավարությունը պատրաստ է շարունակել այն ծրագրերը, որոնք սկսվել են եւ դեռեւս չեն ավարտվել»: Սակայն մեր հարցին, թե ինչքանո՞վ է իրատեսական 7 տոկոս տնտեսական աճ ապահովել այս տարի, ներկայիս տնտեսական պայմաններում, պրն Մինասյանից կոնկրետ պատասխան ստանալ չհաջողվեց։ Վերջինս խոստացավ ավելի ուշ անդրադառնալ այդ հարցին։ Ամփոփելով, կարելի է նշել, որ այս պահի դրությամբ ոչ մի սպառիչ մասնագիտական հիմնավորում չի տրվել, թե ինչի վրա է հիմնված 7 տոկոսի ցուցանիշը։ Հուսանք, այդ հարցի պատասխանը հնարավոր կլինի ստանալ գոնե հունիսի 20-ին, երբ ծրագիրը կներկայացվի ԱԺ-ի հաստատմանը։
Ելենա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ