ՀՀ նախկին արտգործնախարար եւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի քաղաքական դրդապատճառները բազմաշերտ են: Ամեն դեպքում, կարծես թե կասկած չկա, որ այն ունի քաղաքական ենթատեքստ:
Պարզապես հետաքրքիր է, թե ո՞րն է իրական պատճառը: Այստեղ արդեն կարծիքները բաժանվում են երկու խմբի: Հարուցված քրեական գործի մասին հայտնի դառնալուց հետո հնչած առաջին մեկնաբանություններն այն տեսակետի շրջանակներում էին, թե այդպիսով իշխանությունները կոալիցիա չմտնելու համար սկսել են հետապնդել ու ճնշել ԲՀԿ-ին: Հատկապես, որ ԱԱԾ-ն քրեական գործը հարուցել էր մայիսի 25-ին` կոալիցիային մաս չկազմելու մասին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո: Այդ հանգամանքը քաղաքական դաշտում մեկնաբանությունների տեղիք էր տվել, թե Գ.Ծառուկյանի հայտարարության հաջորդ իսկ օրն իշխանությունները ձեռնամուխ են եղել նրանց ճնշելու գործընթացին: Իհարկե, չի բացառվում, որ Վ.Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործն ինչ-որ չափով ուղղված լինի նաեւ ԲՀԿ-ին, բայց կարծես թե դա չէ հիմնական նպատակը: Այնուամենայնիվ, քաղաքական դաշտում ընթացող զարգացումները հաշվի առնելով, կարծես առայժմ իմաստ չկա սկսել ԲՀԿ-ՀՀԿ նոր առճակատում: Ճիշտ է, ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ, սակայն շրջանառվող լուրերի համաձայն` դրա շուրջ բանակցությունների ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը փոխհամաձայնության են եկել: Այսինքն` կոալիցիային ԲՀԿ-ի մաս չկազմելը փոխհամաձայնության արդյունք է: Բացի այդ, եթե իշխանությունները ցանկանային ԲՀԿ-ին ճնշել, որպես թիրախ` դժվար թե Վ.Օսկանյանին ընտրեին: Կամ հազիվ թե առաջինը ընտրեին հենց Վ. Օսկանյանին: Նրանք կարող էին դա անել, օրինակ, Գ.Ծառուկյանի կամ նրա կուսակից այլ գործարար պատգամավորների բիզնես գործունեությունն ուսումնասիրելով: Առայժմ այդ գործիչների բիզնեսները շարունակում են գործել նախկին ռեժիմով, այսինքն` արտոնյալ պայմաններում: Ոչ մի գործարար չի լքել ԲՀԿ-ն, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, «Օրինաց երկիր» կուսակցության դեպքում: Ավելին, Գ. Ծառուկյանի մտերիմ, ՀԱՕԿ-ում նրա ենթակա Հրաչյա Ռոստոմյանը նշանակվեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: Այսինքն` ԲՀԿ-ն փաստացի կոալիցիայի անդամ է: Կարելի է նաեւ եզրակացնել, որ Հ. Ռոստոմյանն ավելի շուտ նախարար կաշխատի ԲՀԿ ղեկավարի, քան վարչապետ Տիգրան Սարգսյանի ենթակայության տակ:
Հիշեցնենք, որ Վ.Օսկանյանը վերջին մի քանի տարիներին սուր քննադատության էր ենթարկում իշխանությունների տնտեսական ու արտաքին քաղաքականությունը: Դա շարունակում էր նաեւ ԲՀԿ-ին անդամագրվելուց հետո: Եվ նրա հայտարարություններն իրենց խստությամբ տարբերվում էին նույն խնդիրների շուրջ իր կուսակցության արտահայտած բավականին մեղմ տեսակետներից: ԲՀԿ մյուս պատգամավորներն էլ, իրենց հերթին, ասում էին, թե Վ.Օսկանյանի մեկնաբանություններն իր անձնական տեսակետն են: Այսինքն` նախկին արտգործնախարարը վարում էր ԲՀԿ-ից ակնհայտորեն տարբերվող, անկախ քաղաքականություն, կարելի է նույնիսկ ասել, որ նա հաշվի չէր էլ նստում կուսակցության տեսակետների հետ: Ավելին, չի բացառվում, որ Վ.Օսկանյանի նման սուր մեկնաբանությունները դուր չէին գալիս նաեւ այդ կուսակցության ղեկավարներին: Այնպես որ, թերեւս այնքան էլ ճիշտ չէ նրա դեմ հարուցած քրեական գործը միանշանակ կապել ԲՀԿ-ի հետ: Անցած ամիսներին, երբ ձերբակալվում էին ԲՀԿ-ի ոչ քաղաքական դեմքերը, կուսակցությունից սուր քննադատություններ էին հնչում իշխանությունների հասցեին, եւ նման գործընթացները որակվում էին որպես «վհուկների որս», եւ այլն: Իսկ Վ.Օսկանյանի պարագայում կուսակցությունն առայժմ հետեւում է գործի ընթացքին, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ ընդամենը «հետապնդման հոտ» էր զգացել: Երեկ վերջինս մեզ հետ զրույցում ավելացրեց, թե իր համար զարմանալի էր, որ «վարչական տիրույթում ձեւավորվող գործողությունների համար քրեական, եւ ոչ թե վարչական գործ են հարուցում»: «Երբ կա անիրավաչափ գործողություն, արձագանքը լինելու է խիստ, ինչպես եղավ Արամուսի գործում: Երբ չկա, եւ հուսամ, որ չի լինի ոչ իրավաչափ գործողություն, կա համարժեք արձագանք»,- ԲՀԿ-ի մեղմ արձագանքն այսպես բացատրեց Տ. Ուրիխանյանը:
Հակադարձ տեսակետի համաձայն` Վ. Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ կատարվող իրադարձություններն ավելի շուտ ուղղված են անձամբ իրեն եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նախկին արտգործնախարարը համարվում է նախկին նախագահի մերձավոր գործիչը: Եվ նրա մուտքը ԲՀԿ քաղաքական դաշտում պայմանավորում էին այդ կուսակցության վրա Ռ. Քոչարյանի ունեցած ազդեցությունն ամրապնդելու ձգտմամբ, ինչը կարող էր եւ դուր չգալ ԲՀԿ ղեկավարներին: Բացի այդ, դեռ հայտնի չէ` արդյոք 2013թ. նախագահական ընտրություններին Ռ.Քոչարյանը կամ Վ.Օսկանյանը կառաջադրե՞ն իրենց թեկնածությունը: Հասկանալի է, որ եթե Վ.Օսկանյանը առաջադրվի, ապա նա դա կանի Ռ.Քոչարյանի հովանավորությամբ: Երկուսն էլ այդ հարցի հետ կապված հստակ դրական կամ բացասական պատասխան չեն տալիս` պահելով այն խիստ ինտրիգային վիճակում: Իսկ գործող իշխանությունները` Ս.Սարգսյանի գլխավորությամբ, պարզ է, որ իրենց պետք է ապահովագրեն վերահաս «վտանգից»: Արդյո՞ք Վ.Օսկանյանի հետ կապված դեպքերը նման դրդապատճառներ ունեն: Արդյո՞ք այսպիսով իշխանությունները փորձում են Վ.Օսկանյանին ու Ռ.Քոչարյանին հեռացնել նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկությունից: Այդ նպատակի համար նույնիսկ Վ.Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու խոսակցություն է դրվել շրջանառության մեջ: Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, մեր այս հարցերին ի պատասխան` ասաց, որ Ռ. Քոչարյանն այս օրերին Հայաստանում չէ, եւ ինքը նշված թեմաներով նրա հետ քննարկում չի ունեցել: Տ.Ուրիխանյանն էլ հրաժարվեց մեկնաբանել հարուցված քրեական գործը 2013թ. ընտրությունների եւ Ռ.Քոչարյանի հետ կապելու մասին հարցը` ասելով, թե ինքը ԲՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է, իսկ ԲՀԿ-ն դեռ նախագահական ընտրությունների հետ կապված հայտարարություն չի արել:
Մինչդեռ «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Վ.Օսկանյանի ու «Սիվիլիթասի» դեմ հարուցված գործը նպատակ ունի հետապնդել, թե առաջիկայում նրանք ինչ վարքագիծ կդրսեւորեն: «Ես վստահ եմ, որ գործը կփակվի, եթե Օսկանյանը հայտարարի, որ ինքը չի առաջադրվելու, եթե ԲՀԿ-ն առաջադրի, որ սատարելու է Սերժ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ն էլ վստահ լինի, որ Ռ.Քոչարյանը վերադարձի փորձեր չի անում: ՀՀԿ-ն Օսկանյանի թիկունքում տեսնում է Քոչարյանին»,- ասաց Ս.Սաֆարյանը:
Վերջինիս խոսքով` եթե նույնիսկ ԲՀԿ-ի մի հատված փոփոխությունների պահանջ դնի, միեւնույն է, նրանց արմատական ընդդիմություն չես անվանի: «Այլ բան է, որ Վ.Օսկանյանի քաղաքական հոսանքը մի փոքր խախտում է այդ վիճակը եւ չի բացառում ցանկացած մարտահրավերին պատրաստ լինելը: Ինչին, եթե պատրաստ է Վ.Օսկանյանը, պատրաստ չեն ԲՀԿ շատ անդամներ: Այդ կտրվածքով, կարծում եմ, որ ԲՀԿ-ի այդ թեւը երբեք չի կարող լիարժեք սատարել Վ. Օսկանյանին, ոչ էլ կարող է ուրախ լինել, որ նրա քաղաքական գործունեության արդյունքում կուսակցության համար ստեղծվել է այս իրավիճակը»,- եզրափակեց Ս.Սաֆարյանը: