Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հինգ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Իրար հաջորդած հինգ արարողակարգային միջոցառումներից ամենաուշագրավը եղել է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարի ներկայացումը: Ի տարբերություն մյուս նախարարությունների, որտեղ նախկին նախարարները մասնակցել են նորերի ներկայացմանը, առողջապահության արդեն նախկին նախարար Հարություն Քուշկյանը ներկա չի եղել. նա վարչապետի թույլտվությամբ մեկնել է հանրապետությունից: Հետաքրքրական է նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի նշանակումը` այն առումով, որ նախկին նախարարները մինչեւ նշանակվելը անմիջական կապ չէին ունեցել սպորտի հետ, իսկ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը մինչեւ վերջերս Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն էր: Սրանով հանդերձ, նա հասարակությանը բավական անծանոթ գործիչ է, եթե նկատի ունենանք, որ մինչեւ կառավարության նոր կազմի հաստատումը լուրեր էին շրջանառվում, թե հնարավոր է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար դառնա կամ Յուրի Վարդանյանը, կամ էլ նույն նախարարության ներկայիս փոխնախարար եւ «Սյունյաց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը: Երեկ նաեւ տեղի է ունեցել ՀՀ նորաստեղծ կառավարության արտահերթ նիստը, որը նաեւ Կառավարության ձեւավորումից հետո առաջին նիստն էր: Այն վարել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստանի կառավարությունը ձեւավորված է»,- հայտարարել է ՀՀ նախագահը` բացելով կառավարության արտահերթ նիստը: «Ի կատարումն Սահմանադրության պահանջի` ՀՀ վարչապետի ներկայացմամբ ստորագրել եմ ՀՀ կառավարության ձեւավորման անհրաժեշտ բոլոր հրամանագրերը: Կառավարության նոր կազմում շարունակում են աշխատել նախկին նախարարների հիմնական մասը, նշանակվել են նոր նախարարներ, որոնք ունեն բավարար կառավարչական եւ կազմակերպչական հմտություններ»,- ասել է Ս. Սարգսյանը` շնորհավորելով նորանշանակ նախարարներին: Նախագահը նշել է, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո ունենք որակապես նոր, անհամեմատ ավելի բաց հասարակություն: Իսկ դա նշանակում է, որ կառավարության անդամների թե պաշտոնավարման, թե կենցաղավարման քայլերին ամեն պահի հետեւելու են ոչ միայն նախագահն ու խորհրդարանը, այլեւ ողջ հասարակությունը: «Կառավարության կազմում մենք հեղափոխական փոփոխություններ չենք կատարել, դա պայմանավորված է ծրագրերի եւ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների թափը չջարդելու մտադրությամբ: Սակայն սա չի նշանակում, որ հեղափոխական արդյունքներ չենք ակնկալելու գործադիրի աշխատանքից»,- ասել է Ս. Սարգսյանը: Նորանշանակ Կառավարության արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է եղել. առաջինը` Կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրի քննարկում, որը կներկայացվի առաջիկա ԱԺ նիստի քննարկմանն ու հաստատմանը: Օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելուն: