Երեկ Փարիզում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաեւ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ: Հանդիպումից հետո հրապարակված միակ տեղեկատվությունը ԵԱՀԿ-ի` ըստ էության, ոչինչ չասող հայտարարությունն էր: «Համանախագահները նախարարների հետ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաեւ հումանիտար շփումների զարգացման, պատմամշակութային արժեքների պահպանության ու հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ հետագա աշխատանքները: Համանախագահները նաեւ խորը մտահոգություն հայտնեցին առճակատման գծերում վերջին միջադեպերի կապակցությամբ եւ ընդգծեցին 1994թ. զինադադարի համաձայնության հարգման անհրաժեշտությունը: Արտաքին գործերի նախարարներն իրենց վճռականությունը հայտնեցին շարունակելու աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ` խաղաղ կարգավորման ուղղությամբ, եւ իրենց պատրաստակամությունը` ձեռնարկելու վստահության ամրապնդման միջոցներ, ինչը կարող է բարելավել մթնոլորտը բանակցությունների ընթացքի համար: Հանդիպումն անցավ դրական, կառուցողական մթնոլորտում: Որպես հաջորդ քայլ` համանախագահներն առաջիկա շաբաթներին կայցելեն տարածաշրջան»,- նշված է հայտարարության մեջ: Արտգործնախարարների երեկվա հանդիպումից, սակայն, որոշակի սպասելիքներ կային` պայմանավորված ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջերս տարածաշրջան կատարած այցի ընթացքում հնչեցրած հայտարարությամբ: Հիշեցնենք, որ հունիսի 4-6-ը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Հիլարի Քլինթոնը Բաքվում հայտարարել էր, որ Փարիզում կողմերին հակամարտության կարգավորման «նոր մոտեցումներ» են ներկայացվելու: Սակայն արտգործնախարարների երեկվա հանդիպումից հետո այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ մոտեցումների մասին է խոսքը: Համանախագահների երեկվա հայտարարության համեմատաբար նոր երանգը վերաբերում է պատմամշակութային արժեքների պահպանության ու հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Սակայն առայժմ անորոշ է, թե ինչպիսին պետք է լինեն այդ մեխանիզմները, եւ որքանով սահմանային գծում սադրանքներ հրահրող եւ հրադադարի ռեժիմն անդադար խախտող Ադրբեջանը կաջակցի դրա ստեղծմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա հանդիպմանը, ինչպես վերջին շրջանի նմանատիպ հանդիպումներից առաջ, նախորդեց հայ զինվորի հերթական սպանությունը: Երեկ առավոտյան` հանդիպման օրը, ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտական հենակետերից մեկում ադրբեջանցիների արձակած գնդակից սպանվել է հերթական հայ զինվորը: Սակայն համանախագահների` հանդիպմանը հետեւած հայտարարությունում այդ միջադեպը դատապարտող որեւէ արտահայտություն չկար: Նշենք, որ երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը` պահանջելով ԵԱՀԿ-ից անհասցե հայտարարությունների փոխարեն` կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել կրակի դադարեցման ռեժիմը ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով: Սույն թվականի հունիսի 18-ին, ժամը 8։15-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված կոպիտ խախտումների արդյունքում, սպանվել է ԼՂՀ ՊԲ` զինվորական ծառայության զորակոչված զինծառայող, 1993 թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը: Ադրբեջանի հերթական սադրանքը բացահայտ մարտահրավեր է ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, այն նախկինում ընդունված պարտավորությունների եւ պայմանավորվածությունների բոյկոտ է, Փարիզում նախատեսվող` Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը խափանելու փորձ: Տվյալ հարցի շուրջ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտացոլող համապատասխան նոտան ուղարկվել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ եւ հանցավոր գործողությունները եւ հայտարարում ենք, որ լարվածության հետագա սաստկացման պատասխանատվությունն ընկած է ադրբեջանական կողմի վրա: Կարծում ենք, որ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) պետք է Ադրբեջանի անհասցե հայտարարություններից անցնի խիստ գնահատականների եւ պատժամիջոցների` զինյալ-ուժային քաղաքականության, խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու, թշնամանք հրահրելու եւ տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծելու համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կրկին հավաստում է իր դիրքորոշումը` մնալ հավատարիմ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը եւ լինել պատրաստակամ կատարելու կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման` կողմերի գործող պարտավորությունները, որոնք ամրագրվել են ԼՂՀ, ՀՀ եւ ԱՀ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված` 1995 թ. փետրվարի 5-ի համաձայնագրում: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը վստահություն է հայտնում, որ միջազգային հանրությունը կոչ է անելու Ադրբեջանի ղեկավարությանը հրաժարվել շանտաժի, սպառնալիքների եւ դիվերսիաների անհեռանկար քաղաքականությունից եւ վերադառնալ կառուցողական երկխոսության` տարածաշրջանում տեւական խաղաղության եւ հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար»,- նշված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ