Կառավարության գործունեության ծրագիրը երեկ վերջապես հրապարակվեց եւ հավանության արժանացավ նոր կառավարության կողմից։ Իհարկե, կառավարությանը «նոր» անվանելը հարաբերական է, նախագահ Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ կառավարության կազմում հեղափոխական փոփոխություններ չեն կատարվել։ Սակայն, ասում են, որ սպասելու են հեղափոխական արդյունքների։
Կառավարության ծրագրի բաժիններից մեկը կոչվում է «Կառավարության գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքները»։ Նշվում է, որ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նպատակադրում է`
– զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով,
– ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,
– նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,
– նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,
– ծնելիության գումարային գործակցի աճ` մինչեւ 1.8-ի,
– 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիության ապահովում,
– միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում, հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի,
– աղքատության կրճատման ապահովում` 8-10 տոկոսային կետով,
– 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով,
– պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում` տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 – 0.4 տոկոսային կետի չափով:
Առաջին հայացքից վատ նպատակադրումներ (կամ ցանկություններ) չեն։ Բայց ինչ-որ բան պակաս չէ՞։ Թե նախընտրական ու ընտրական շրջանում, թե՛ դրանից առաջ եւ հետո, հրատապ լուծում պահանջող հիմնական խնդիրներից մեկը եղել է արտագաղթը։ Սակայն կառավարության կայքէջում տեղադրված փաստաթղթում արտագաղթի վերաբերյալ ոչ մի տող չկա։ Նշված չէ, որ կառավարության գործունեության արդյունքում արտագաղթի մասշտաբները կնվազեն։ Թեման միգուցե արդիական չլիներ, եթե Միգրացիոն պետական ծառայությունը վերջերս հրապարակած չլիներ արտագաղթի վերաբերյալ իր հերթական մտահոգիչ ցուցանիշները։ Ըստ պաշտոնական տվյալների, միայն այս տարվա ապրիլին ՀՀ-ից մեկնածների եւ ժամանածների թվային տարբերությունը կազմում է 29.222։ Այսինքն՝ միայն ապրիլի ընթացքում այդքան մարդ արտագաղթել է Հայաստանից։ Հունվար-ապրիլ ժամանակահատվածում միգրացիայի բացասական սալդոն կազմել է 57.320 մարդ։ Հասկանալի է, որ արտագաղթը սեզոնային է. մարդիկ գարնան կեսերից մեկնում են արտագաղթի եւ տարվա վերջին վերադառնում։ Այսինքն՝ տարվա վերջին ամիսներին նկատվում է դրական սալդո։ Սակայն միտումը մտահոգիչ է, քանի որ սեզոնային արտագաղթի տեմպերն էլ են աճում։ Մասնավորապես, նախորդ տարվա առաջին 4 ամիսներին արտագաղթածների թիվը շուրջ 10 հազարով ավելի պակաս էր՝ 47.610 մարդ։
Այս տվյալները հաշվի առնելով՝ առնվազն զարմանալի է, որ արտագաղթի նվազումը որպես կառավարության գործունեության ակնկալվող արդյունք` ներկայացված չէ։ Իսկ հիմա մենք իրավունք ունե՞նք ենթադրելու, որ կառավարությունը արտագաղթը խնդիր չի համարում կամ արտագաղթի նվազեցումը՝ պատճառ։ Այդպես կենթադրեինք, եթե նախընտրական շրջանում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը չխոսեր այդ խնդրի մասին։ «Փոխե՛նք կյանքի պայմանները, մարդկանց աշխատելու եւ վաստակելու նոր հնարավորություններ ստեղծենք, օգնենք արդարությանը հաղթանակել ամենուր, վերացնենք աղքատությունը, արտագաղթը վերափոխենք տունդարձի եւ սեփական երկրի ու նրա ապագայի հանդեպ անսահման հավատ հաղորդենք իրեն` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ»,- սա մի հատված էր ՀՀԿ նախընտրական ծրագրում զետեղված՝ Սերժ Սարգսյանի խոսքից: Եթե կեսկատակ-կեսլուրջ խոսենք, ապա կարող ենք անգամ ենթադրել, որ արտագաղթը ձեռնտու է եւ լիովին տեղավորվում է կառավարության ակնկալած արդյունքների շրջանակում։ Օրինակ՝ հենց աղքատության կրճատման մասով։ Հասկանալի է, որ մարդիկ արտագաղթում են ամենատարբեր պատճառներով, սակայն ամենակարեւոր պատճառներից մեկը սոցիալականն է։ Այսինքն, կարելի է ասել, որ արտագաղթում եւ օտար ափերում բախտ են որոնում չունեւոր մարդիկ։ Ստացվում է, որ արտագաղթի արդյունքում նվազում է աղքատների թիվը եւ աղքատության մակարդակը։ Կամ՝ գաղտնիք չէ, որ մեր երկիրը մեծապես կախված է դրսից եկող տրանսֆերտներից։
Եվ վերջապես, ինչպես ցույց տվեցին նախորդ ընտրությունները, արտագաղթի արդյունքում ընտրողների թիվը ոչ թե պակասում է, այլ ավելանում։ Այնպես որ, արտագաղթը վատ բան չէ` նայած, թե որ կողմից ենք դիտարկում։