«Ռեալի» մարզիչը պաշտոնանկ արվեց

07/12/2005

Մեկ օր առաջ վերջապես կատարվեց այն, ինչին բոլորը վաղուց սպասում էին. Մադրիդի «Ռեալի» փոխնախագահ Էմիլիո Բուտրագենիոն հայտարարեց, որ Վանդերլեյ Լուշեմբուրգուն այլեւս չի գլխավորի Արքայական թիմը։ Պաշտոնանկության հիմնական պատճառը, ըստ որոշ լրատվական գործակալությունների, սեփական հարկի տակ Բարսելոնայից կրած պարտությունն էր խոշոր՝ 3-0 հաշվով։

Արդեն դրանից հետո շատերը սպասում էին, որ Լուշեմբուրգուն պաշտոնանկ կարվի։ Չնայած դրան, թիմի ղեկավարները մարզչին եւս 3 հնարավորություն տվեցին։ «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում «Ռեալը» չկարողացավ հաղթել ֆրանսիական «Լիոնին», Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում մի կերպ խուսափեց պարտությունից «Ռեալ Սոսիեդադ» թիմի հետ խաղում։ Ու թեեւ շաբաթ օրը կայացած վերջին խաղում մադրիդցիները նվազագույն 1-0 հաշվով հաղթեցին «Խետաֆեին», սակայն նրանց խաղը շատ վատ տպավորություն թողեց եւ, չնայած հաղթանակին, «Ռեալի» ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչն արժանացան երկրպագուների սուլոցներին։

Սա, ամենայն հավանականությամբ, լցրեց թիմի ղեկավարների համբերության բաժակը։ Էմիլի Բուտրագենիոն հայտարարել է, որ Լուշեմբուրգուն իր գործի իսկական գիտակ է, եւ շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար, սակայն նշել է, որ նա չի հաղթահարել թիմի առջեւ դրված խնդիրը։ Նոր գլխավոր մարզչի անունը դեռեւս հայտնի չէ։ Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, բանակցություններ են ընթանում «Լիոնի» նախկին մարզիչ Պոլ լե Գուենի, «Չելսիի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերի հետ։ Իսկ առայժմ թիմը գլխավորում է «Ռեալ Կաստիլիայի» մարզիչ Խուան Ռամոն Լոպես Կարոն։