«Հարսնաքարում» ծանր վնասվածք հասցրածի անձը հայտնի է

19/06/2012

Կիրակի գիշերը Երեւանի Աճառյան փողոցի վրա գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վեճի արդյունքում դաժան ծեծի են ենթարկվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը եւ նույն հոսպիտալի միկրովիրաբույժ, կապիտան Արտակ Բայադյանը: Երկուսն էլ տեղափոխվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալ: Գլխի ծանր վնասվածք ստացած Վահե Ավետյանը նյարդավիրաբուժական վիրահատության է ենթարկվել: Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ նա ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Լրատվամիջոցները հայտնում են, թե ծեծի ենթարկողները, նախնական տեղեկություններով, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցներն են եղել: Վահե Ավետյանին ու իր ընկերոջը ռեստորան չեն թողել` սպորտային հագուստի պատճառով: Նրանց զգուշացրել են, որ սպորտային հագուստով ռեստորան մտնել չի կարելի: Երիտասարդները չեն առարկել, հեռացել են, ապա փոխված` կրկին վերադարձել են: Իսկ միջադեպը տեղի է ունեցել արդեն վերջում, երբ հաշիվը բերած մատուցողը, ըստ ականատեսի, վեճ է հրահրել, իսկ անվտանգության աշխատակիցներն էլ նախ միջամտել են, ապա վեճը թեժացրել: Վ. Ավետյանի ազգական Էդգար Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմել է, որ ներկա է եղել միջադեպին: Նրա փոխանցմամբ` իրենք «Հարսնաքարում» խնջույքի են եղել, այնուհետեւ մատուցողի հետ ինչ-որ թեթեւ վեճ է եղել, որն արդեն ռեստորանի բակում վերաճել է ծեծկռտուքի: Նա ասել է, թե բակում 10-15 հոգով են ծեծի ենթարկել Ավետյանին, եւ ենթադրում է, որ ծեծողները ռեստորանի աշխատակիցներն են: Նիկոյանը նշել է, թե ծեծկռտուքի պատճառները իրենց համար անհասկանալի են. իրենք ոչ մեկին չեն վիրավորել եւ այդպես էլ չեն հասկանում, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ:

Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում նաեւ ծեծի ենթարկված մյուս բժիշկը` Արտակ Բայադյանը: Բաժանմունքի պետ Հայկ Անտոնյանը «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է, որ նա էլ ուղեղի ցնցում է ստացել եւ ունի հիշողության կորուստ:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը Panorama.am-ին տված հարցազրույցում պնդել է, որ տեղի ունեցած դաժան ծեծի մասին համալիրի սեփականատերը` Ռուբեն Հայրապետյանը, տեղյակ չի եղել: «Երեկ այդ խումբը եկավ ժամը 11-ի կողմերը, լավ խմած էին, սկզբում հինգ հոգի էին` մեկը` աղջիկ, հետո միացավ եւս մեկ աղջիկ: Սպորտային հագուստով էին… Մեր մատուցողը նկատել է, որ մենեջերը չի թույլատրում սպորտային հագուստով մտնել համալիր: Իսկ նրանք գինովցած, խմած վիճակում ու շատ վատ արտահայտություններով մատուցողին անպատվում են, հետո մատուցողին հրավիրում են դուրս, նրա վրա են հարձակվում: Եվ երբ այդ ամենը տեսնում է մեր համալիրի անվտանգության աշխատակիցը, գնում է, հրում են իրար, ու նրանցից մեկն այդ կարճ պահին վայր է ընկնում»,- ասել է Զոհրաբյանը: Լրագրողի հարցին, թե ով է եղել վայր ընկնողը, համալիրի տնօրենը որոշակի չի պատասխանել. «Չեմ կարող ասել, ես հաճախորդներին անուններով չգիտեմ, այդ պահին բավականին շատ հաճախորդներ կային նստած: Նույնիսկ հարակից սեղաններից, որոնք բանկետ էին կազմակերպել, նեղանում էին ու մենեջերին կանչել եւ ասել են, թե ինչու են այդ խմբին տեղ տվել նստելու: Ասել են` ավելի լավ է, դուրս հրավիրեք, որ մենք հանգիստ մեր միջոցառումը անցկացնենք. իրենց վատ պահվածքի ու վատ արտահայտությունների համար»: Համալիրի աշխատակիցների կողմից հրահրում եղե՞լ է. այս հարցին նա պատասխանել է. «Ոնց կարող է մարդ գա մեզ մոտ, ու մենք հրահրենք: Հակառակը` մենք հրահրողներին հանգստացնում ենք ու ճանապարհում եւ ընդունում ենք մարդկանց էնպես, որ միշտ գան մեզ մոտ»: Այսուհանդերձ, տնօրենն ընդունել է, որ ծեծկռտուքին մասնակցել են նաեւ անվտանգության աշխատողները ու նաեւ կողմնակի հաճախորդներ: Ոստիկանությունից հայտնել են, որ բացահայտել են կիրակի գիշերը «Հարսնաքարում» տեղի ունեցած ծեծկռտուքի մանրամասները, նախաքննությանը հայտնի է ծեծկռտուքի ժամանակ վնասվածք հասցրածի անձը: Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը տեղեկացրել է, որ նախաքննական մարմինը որեւէ գործողություն չի կատարել տուժողների հետ, քանի որ բժիշկների գնահատմամբ` նրանց վիճակը ծանր է, սակայն նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ անցած կիրակի գիշերը` ժամը 2-ի սահմաններում, Ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ ՀՀ կենտրոնական հոսպիտալ է տեղափոխվել երկու անձ` մարմնական վնասվածքներով: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրում: Դեպքի կապակցությամբ հարուցված է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ) հատկանիշներով: