«Հիմա ուզում ենք Սեւանը Սեւա՞ն դարձնել, թե՞ խաղ ենք անում»

19/06/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հունիսի 14-ին, ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց Սեւանա լճից լրացուցիչ` 150 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին, որը գերազանցում է «Սեւանա լճի մասին» օրենքով սահմանված ծավալը (նշենք, որ օրենքով թույլատրվում է Սեւանա լճից առավելագույնը 170 մլն խմ ջուր բաց թողնել):

Հիշյալ նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը հանդես եկավ ՀՀ օրենքների նախագծերով` «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»: Իսկ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում արդեն իսկ ընդգրկված են այս նախագծերը, որոնք ընդունվելու դեպքում 2012թ. Սեւանա լճից ջրի բացթողումները հասցվելու են 320 մլն խմ-ի: Ա. Անդրեասյանի հիմնավորմամբ` ջրի բացթողնման այդչափ մեծ ծավալը պայմանավորված է ոռոգման ջրի սակավությամբ, Ազատի եւ Ապարանի ջրամբարների նվազ լցվածությամբ: Ընդ որում` նրա ներկայացմամբ, հունիսի 13-ի տվյալով` Ապարանի ջրամբարի լցվածությունը կազմում է 31,81 մլն խմ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 59,32 մլն խմ-ով: Ազատի ջրամբարում ջրի լցվածությունը կազմել է 60,57 մլն խմ, որը 9,51 մլն խմ-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարել է, թե այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրի սակավության պատճառով, եւ վտանգված է Արարատյան դաշտավայրի գյուղացիական համալիրը: «Եթե ցանկանում ենք ապահովել ոռոգման ջրի նորմալ մատակարարումը, պարտադրված ենք լինելու ԱԺ-ից թույլտվություն ստանալ եւ լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնել Սեւանա լճից, որպեսզի գյուղատնտեսությունում խնդիր չունենանք»,- նիստի ժամանակ ասել է Տ. Սարգսյանը: Հունիսի 15-ին, այսինքն` հիշյալ նիստի հենց հաջորդ օրը ՀՀ կառավարությունն ԱԺ է ներկայացրել նշյալ նախագծերը: Նույն օրը Էկոլոգիական-հասարակական դաշինքը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանին` հորդորելով բացասական գնահատական տալ Կառավարության այդ նախագծերին: «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի նախագահ, Էկոլոգիական-հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով խնդրին` ասաց. «Այն ամբողջ ներուժը, որ դրվել է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման համար, մեր ամբողջ գործը` թե՛ նյութական, թե՛ գաղափարական իմաստով, կարող է ուղղակի ջուրն ընկնել: Որովհետեւ ունեցած սպասելիքները, որ ջուրը կրկին կապահովի իր մաքրությունը, Սեւանա լճի ավազանում ձկների այն տեսակարար կազմը, որ ունեցել ենք, եւ որը հիմա Սեւանում չկա` ուղղակի կարող է ջուրն ընկնել: Մենք ջուրը բարձրացնում ենք, փորձում ենք վերականգնել էկոհամակարգը, բայց կրկին ջուրն իջեցնում ենք` ստեղծելով բացարձակ ոչ ստաբիլ վիճակ Սեւանա լճի էկոհամակարգի եւ շրջապատի համար»: Նրա խոսքով` ջրի նման բացթողնման հետեւանքով լճի ափային մասերում կստեղծվի ճահճացում, ինչը նաեւ բացասական հետեւանքներ կունենա թռչնաշխարհի վրա: «Հիմա մենք ի՞նչ ենք ուզում անել: Կառավարությանը հարց ենք տալիս. հիմա ուզում ենք Սեւանը Սեւան դառնա՞, թե՞ խաղ ենք անում, եւ քարտը դրել ենք խաղասեղանին: Մենք նաեւ նշել ենք մեր նամակում, որ չենք կարծում, թե ջրի այդ քանակի դուրսբերումը Սեւանից անհրաժեշտություն է»,- ասաց Ս. Ադամյանը` նկատելով, թե այս տարվա եղանակային պայմաններն անձրեւային են, ինչը բացառում է երաշտը Արարատյան դաշտավայրում: «Միանշանակ կարող եմ ասել, որ այս տարի ոչ մի երաշտ չի սպասվում: Կարծում եմ` խնդիրն այն է, որ Սեւանի ջրի մակարդակի բարձրացմանը զուգահեռ` բավական լուրջ մարդկանց սեփականաշնորհված տարածքներ` լողափեր, հանգստավայրեր եւ այլն, անցնում են ջրի տակ: Սա է խնդիրը»,- ավելացրեց բնապահպանը:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի տեղեկություններով` ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը համաձայն չէ ջրի այդ քանակի բացթողնմանը: Միաժամանակ նա նշեց. «Չեմ կարող ասել, թե ի՞նչ կարծիք ունի հանձնաժողովը, բայց, ինձ թվում է` հանձնաժողովի անդամներն էլ պետք է որ դեմ լինեն դրան` ասելով, թե ջրի այդ քանակի բացթողումը կարող է բացասական բալանսի բերել: Ամեն դեպքում, մինչ այդ` այդպես էին ասում: Միգուցե հիմա մտքափո՞խ են եղել, չգիտեմ»: Բ. Գաբրիելյանի փոխանցմամբ` այսօր Սեւանա լճի հիմնահարցերով հանձնաժողովի փորձագիտական խումբը, որի անդամ է նաեւ ինքը, քննարկելու է խնդիրը: «Ես ընդհանրապես դեմ եմ, որ բացասական բալանս լինի, որ լիճն իջնի նախորդ տարվա համեմատ, եթե արտառոց վիճակ չի ստեղծվել, ինչպես եղավ 2008թ.- ասաց Բ. Գաբրիելյանը` հավելելով,- Այդ դեպքում ինչո՞ւ են ընդունել այդ օրենքը: Իմաստն այն է, որ էկոհամակարգն ադապտացվի, իսկ եթե պետք է բարձրացվի-իջեցվի, ապա ադապտացում չի լինի: Բացի դրանից, ես շատ եմ կասկածում, որ մի անգամ իջեցնելուց հետո էլի նորից չեն իջեցնելու, եւ դա չի դառնա տենդենց, որովհետեւ պետք է լուրջ հիմնավորումներ լինեն: Նրանք նշում են, թե երաշտ է, բայց թվերը կարծես ցույց չեն տալիս, որ երաշտային է տարին»,- նկատեց Բ. Գաբրիելյանը:

Իսկ ջրաբան Թրայել Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում բոլորովին հակառակ գնահատական տվեց: Ըստ նրա` այս տարի չորային է լինելու, եւ ջրամբարներում քիչ ջուր է կուտակվել, ուստի դա է պատճառը, որ նախորդ տարվա համեմատ պետք է ավելի շատ ջուր բաց թողնեն: «Թե ինչքան շատ ջուր բաց կթողնեն` չեմ կարող ասել: Երկրորդն էլ, որ կրկին մանրամասն չեմ կարող ասել, այն է, թե ինչքանով է պատրաստ Սեւանի ափամերձ գոտին, որպեսզի այդքան ջուր կրկին կուտակվի-բարձրանա, հասցրե՞լ են մաքրել, թե՞ փորձելու են ավելի շատ ջուր բաց թողնել, որ ափամերձ գոտում եղած շինությունները եւ ջրամաքրման աշխատանքները կատարվեն»,- նշեց Թ. Վարդանյանը: Իսկ հիդրոէկոլոգ Քնարիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Հիդրոէկոլոգների եւ հիդրոլոգների համար անհասկանալի է, թե ինչումն է բանը, որովհետեւ նախորդ տարիներին էլ եղել են նույն չափի տեղումներ, նույն ոռոգման տարածքներն ունենք, բայց կուլտուրաների կազմը չի փոխվել: Եվ չի հասկացվում, թե ինչո՞վ են հիմնավորում այդ որոշումը: Ասում են` ոռոգման համար է, բայց կասկածում եմ, որ ջրի պահանջարկ ունեցողները կստանան այդ քանակությամբ ջուր, որովհետեւ մենք գիտենք (եւ դա նաեւ ընդունված թիվ է), որ բաց թողնվող ջրի 80%-ը կորչում է, եւ մեր ոռոգման ջրի ցանցը շատ վատ վիճակում է: Այսինքն` բաց թողնվող ջրի 20%-ն ենք հասցնելու պահանջարկ ունեցողին, եւ արժե՞ դրա համար վտանգի ենթարկել ոչ միայն Սեւանա լիճը, այլեւ ամբողջ էկոհամակարգը»: Ք. Հովհաննիսյանի դիտարկմամբ` 3-րդ համաշխարհային պատերազմը կարող է լինել քաղցրահամ ջրի տարածքներ զավթելու համար, քանի որ աշխարհում քաղցրահամ ջրի քանակը տարեցտարի կրճատվում է: Իսկ երկրաբան Ռուբեն Յադոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք մշակել են մի նյութ, որը գյուղատնտեսության համար ջրի պահանջը 40%-ով պակասեցնում է: Սակայն, ըստ նրա` ՀՀ կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկում այս նյութը ձեռք բերելու համար: «Մենք, 10 տարի է` այս մասին ենք խոսում: Ջրի հարցը գնալով բարդանալու է: Լճից ջուր միշտ էլ բաց ենք թողնում, եւ հարցն այն է, թե ի՞նչ գնով ենք վերականգնում Սեւանը եւ ի՞նչ գնով ենք ջուրը բաց թողնում, ինչպիսի՞ն է այդ հարաբերությունը: Մի քիչ խորը պետք է մտածել»,- նշեց Ռ. Յադոյանը: ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով` 2007թ. Սեւանա լճից վերցվել է 152,2 մլն խմ ջուր, 2008թ.` 303 մլն խմ, 2009թ.` 126,14 մլն խմ, 2010թ.` 157,2 մլն խմ, իսկ 2011թ.` 168,3 մլն խմ ջուր: Իսկ այս տարի ջրի բացթողնման հաստատված ծավալը 169 մլն խմ էր: Երեկ մենք փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ նաեւ Սեւանա լճի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանից, սակայն նա տեղում չէր, իսկ նրա քարտուղարուհին էլ տեղյակ չէր, թե նա ե՞րբ կվերադառնա աշխատանքի: Թե ԱԺ-ն ինչպիսի՞ դիրքորոոշում կորդեգրի կառավարության ներկայացրած վերոնշյալ նախագծերի վերաբերյալ, եւ թե ինչպիսի ճակատագիր կունենա Սեւանա լիճը` դեռեւս հայտնի չէ: Բայց այն, որ Կառավարության հիշյալ որոշումը սպասարկելու է բացառապես մի քանի օլիգարխների մասնավոր շահերը` բոլորին է հայտնի:

Առնվազն տարակուսանք է հարուցում այն, որ` «գյուղատնտեսությունում խնդիր չունենալու համար» Տ. Սարգսյանը դեռեւս մայիս ամսին գյուղապետերին հարկադրում էր այս տարի անձրեւային եղանակներին դիմագրավել` հակակարկտային կայանների պարտադիր տեղադրմամբ, իսկ հիմա էլ` նույն պատճառաբանությամբ որոշում է ընդունում Սեւանից աննախադեպ քանակությամբ ջուր բաց թողնելու մասին: