Երեկ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «2012թ. ԱԺ կեղծված ընտրությունների հետեւանքները տեսանելի է ոչ միայն սոցիալ-տնտեսական ոլորտներում, այլեւ` վերսկսվել է քաղաքական վրեժխնդրություն այն կուսակցությունների նկատմամբ, որոնք դեռեւս պահպանել են քաղաքական կենսունակությունը: Շարունակվում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հանդեպ 1998թ. սկսված քաղաքական հետապնդումների հերթական խայտառակ փուլը: Կուսակցության Վաղարշ Վաղարշյան 12 հասցեի կենտրոնական գրասենյակի առգրավման գործընթացը հանգուցալուծվում է, որը սկսվել էր 2008թ. հունիսից: 2012թ. մայիսի 18-ի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման թիվ 01/08-119/12 որոշմամբ` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը վտարվում է կենտրոնական գրասենյակից, որը` տնօրինում էր 1996թ.-ից: Չնայած ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ կուսակցությունների մասին օրենքի, պետությունը ապահովում է կուսակցությունների բնականոն գործունեությունը, առավել եւս ԱԺ-ի մաս կազմող կուսակցությունները, այնուամենայնիվ` իշխանությունները հետեւողական են իրենց հռչակած կարգախոսներին, հավատքով ապահովում են առաջընթաց դեպի քաղաքական մենաշնորհը եւ վերադարձ միակուսակցական ժամանակաշրջան` իր բոլոր` մարդկությանը հայտնի հետեւանքներով:
Ժամանակն է հետեւություն անելու թե քաղաքական ուժերին, թե հասարակությանը, ելնելով 2013թ. ընձեռվելիք հնարավորությունից, կանխել ժողովրդին սպասվող հերթական պետականակործան փորձությունից»: Հիշեցնենք, որ սա «ԺՀ» կուսակցությանը գրասենյակից վտարելու առաջին փորձը չէ: Իսկ ի՞նչ հիմնավորմամբ է կառավարությունը կուսակցությանը ստիպում ազատել տարածքը: Մեր թղթակցի հետ զրույցում պատասխանելով այդ հարցին` «ԺՀ» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասել է. «Մեր ունեցած տեղեկությամբ, բարձրաստիճան չինովնիկներից մեկը հետաքրքրված է այդ տարածքով: Տարածքն առգրավվել է իբր պետական կարիքների համար, սոցիալական հիմնադրամին տրամադրելու, բայց հիմնադրամն էլ առաջիկայում կտեղափոխեն այդ տարածքից»: Պ. Մակեյանը խոստացել է առաջիկայում հրապարակել այդ պաշտոնյայի անունը: «Երկիրը գնում է միակուսակցականության, եւ բոլոր կուսակցություններն էլ, առանց բացառության, մտել են պառլամենտ իշխանությունների բարի կամքով»,- մեկնաբանելով «ԺՀ» կուսակցության շուրջ տեղի ունեցող գործընթացները, ասել է Պ. Մակեյանը:
Մարիամ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ