9-րդ դասարանում սովորող Գրետա Ավագյանը երազում է լավ առաջադիմությամբ ավարտել դպրոցն ու բուհ ընդունվել: Դեռ չի կողմնորոշվել` դառնալ հայոց պատմության կամ գրականության ուսուցչուհի՞, թե՞ հոգեբան:
Նրա պարագայում դա սովորական ցանկություն չէ, այլ բաղձալի երազանք. նա լսողության 4-րդ աստիճանի խանգարում ունի եւ սովորում է Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում: Կրթահամալիրի փոխտնօրեն Նադեժդա Եղիազարյանի խոսքով` դպրոցի մի քանի աշակերտ է միայն կարողացել բուհ ընդունվել. «Մեր երեխաներից, ցավոք, ոչ բոլորը կարող են այսօրվա ընդունելության կազմակերպման պայմաններում ընդունվել բուհեր, որովհետեւ իրենք, բոլոր պարագաներում, ունեն թարգմանչի կարիք: Դասագրքերը, ծրագրերը լիարժեքորեն հասու չեն` ծաղկաքաղ ենք անում, ծրագիրը մշակում, բայց թեստերի ժամանակ չի բացառվում, որ մեր ծաղկաքաղից դուրս մնացած նյութեր էլ լինեն: Այդ պատճառով դա մեր երեխաների համար բացարձակ անհասանելի բան է, այն պարագայում, որ մայրենի լեզուն սկսում ենք իրենց անունից, «տուն», «ծաղիկ» բառերից»,- ասում է նա: Հատուկ դպրոցում ուսուցումն իրականացվում է հանրակրթական դպրոցների ծրագրով եւ չափորոշիչներով, սակայն, ի տարբերություն հանրակրթականի, կրթահամալիրում երեխաների հետ աշխատանքը սկսում են հնչյուն, բառ, նախադասություն արտաբերելուց ու բառապաշարի կուտակումից: Խնդիրն ավելի է բարդանում, երբ ծնողները երեխային դպրոց են տանում 8-9, անգամ 13 տարեկանում: «Երեխաները կրթահամալիր ընդունվում են բացարձակ նորածնային մակարդակով: Այս երեխաները չունեն խոսքի զարգացման բնականոն փուլերը` թոթովանք, գղգղանք: Եթե ուսուցումը սկսվի 2-3 տարեկանից, ինչպես անհրաժեշտ է, ավելի հեշտ կլինի: Մեզ մոտ նախապատրաստական դասարան գալիս են 5 տարեկանից»,- նշում է փոխտնօրեն Ն.Եղիազարյանը:
Հատուկ կրթահամալիրի երկարամյա մանկավարժ Ռիտա Շելիեւան էլ ասում է, որ շատ լավ կլիներ, եթե իրենց սաների համար հատուկ դասագրքեր գրվեին: «Օրինակ` ամբողջ մայրենիի գիրքը մենք չենք անցնում: Այս գիրքը մեր երեխաների համար չէ գրված, բայց մենք աշխատում ենք ընտրել երեխաների համար առավել պարզ, ըմբռնելի թեմաներ: Անցնում ենք նույն ձեւով, բայց, եթե մի թեմային հանրակրթական դպրոցում տրամադրում են 2 ժամ` մի անգամ կարդացին, հաջորդ օրը` անգիր, ապա մենք 3-4 ժամ ենք տրամադրում, որպեսզի երեխաները կարողանան յուրացնել դասը: Իմաստ չունի առաջ վազել, որ դասագրքի բոլոր թեմաներն անցնենք»: Կրթահամալիրում մշակել են մաթեմատիկա եւ շրջակա աշխարհը առարկաների, լսողության եւ խոսքի արտաբերական ուղու, խոսքի զարգացման, առարկայական-գործնական ուսուցում ծրագրերը: Ուսուցումն անցկացվում է երկլեզու` բանավոր խոսք եւ ժեստերի լեզու, սակայն ոչ բոլոր աշակերտներին է հասու բանավոր խոսքը, քանի որ լսողության խանգարման տարբեր աստիճաններում են ու տարբեր ունակություններ ունեն, ուստի մեծ տեղ է տրվում անհատական պարապմունքներին: Սակայն դրանք բավարար չեն բուհ ընդունվելու համար համապատասխան մակարդակ ապահովելու հարցում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, մեր երկրում 3500 անձ (այդ թվում` 1000 երեխա) ունի լսողության խնդիրներ: Մի քանի տարի առաջ «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի անցկացրած ուսումնասիրության համաձայն, հատուկ կրթահամալիրի շրջանավարտների մոտ 90 տոկոսը գործազուրկ է եղել:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանն ասում է, որ բուհ ընդունվելու չափորոշիչները չեն կարող իջեցվել, քանի որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան պետք է լավ մասնագետ դառնա ու իրեն մրցունակ քաղաքացի զգա: «Լսողության խանգարում ունեցողների աշխարհընկալումը պատկերային է, իսկ մեր կրթության համակարգը կառուցված է լեզվամտածողության վրա: Լրացուցիչ ժամանակ տրամադրելը չենք քննարկում, կարող է պե՞տք է քննարկենք: Չգիտեմ: Մենք փորձում ենք խուլ երեխային ավելի վաղ բերել կրթության դաշտ` սկսած մանկապարտեզից: Ծրագիրը փորձնական փուլում է: Հիմնականում նորմալ ինտելեկտով երեխաներ են, խնդիրն այն է, որ ուշ են սկսում զբաղվել իրենցով: Խորհրդային ժամանակ կար մանկավարժորեն բարձիթողի երեխա, նրանք այդպիսին են, քանի որ ծնողները չգիտեն` ինչպես շփվել իրենց հետ: Հիմնականում փորձում են խոսեցնել, բայց չի լսում, ինչպե՞ս խոսի»,- նշում է Ա.Մուրադյանը: Ըստ նրա, թեեւ լսողության խանգարում ունեցող երեխաները տեղաշարժման բարդություններ չունեն, բայց սիրում են փակ համայնքով ապրել ու իրար հետ շփվել: Դրա համար բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որպեսզի նրանք կարողանան հաղորդակցվել եւ ինտեգրվել հասարակությանը: Հատուկ կրթահամալիրում նաեւ համակարգչային դասեր են անցկացվում, կայք է նախապատրաստվում` լսողության խանգարում ունեցողների հաղորդակցման համար: Նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետի կարծիքով` լսողության խանգարում ունեցող երեխաներին պետք է աջակցել, որպեսզի նրանք ունենան բուհ ընդունվելու շեմը հաղթահարելու համար համապատասխան գիտելիք: Այդպիսին է նաեւ միջազգային փորձը:
Գրետան շատ անմիջական է ու հաղորդակցման խնդիր գրեթե չունի: Նրա բանավոր խոսքը համարյա ընկալելի է, ու եթե մի քիչ էլ զարգացնի այն ու շատ աշխատի, 3 տարի հետո կկարողանա բուհ ընդունվել հանրակրթական դպրոցի աշակերտների հետ հավասար: