Դեն նետածը, ավելորդը իրենց մայրն է

19/06/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Մայրերը շարունակում են սիրել երեխաներին, իսկ երեխաները թաղում են ապրող ծնողներին»,- ասում է հավաբնում ապրող ծեր կինը:

Կոշտացած, չորուկ ձեռքերով շոշափելով փոշոտ արահետի ծառ ու թփերը` տարեց կինը տոտիկ-տոտիկ առաջանալով` իր տունն է փնտրում: 75 տարեկան Ամալյա տատն` արդեն 20 տարի` իրականության մեջ իր տունն է փնտրում: Այն տունը, որտեղ զավակներ կային ու լույս կար: Հիմա իրականության մեջ իր տունն ամենուր է, բայց իրենը չէ, զավակները կան, բայց իրենը չեն, լույս կա, բայց ինքը չի տեսնում: «Արի քեզ տանեմ իմ բուն, բայց չլացես»,- ասում է ու ինձ թեւանցուկ արած ուղեկցում է փոշոտ, քարքարոտ մի արահետով, որը նա վարպետությամբ հաղթահարում է` ամեն քարն ու փոսն անգիր արածի բնազդով: Ամալյա տատի ցելոֆանապատ «բունն» իսկական խորդանոց է, որտեղ սովորաբար մարդիկ լցնում են դեն նետելու, ավելորդ իրերը: Ճիշտ այնպես, ինչպես ոմանք դեն են նետել իրենց համար ավելորդ մի մարդու` Ամալյա Հակոբյանին: Ինքն ինձ ստիպում է համարձակություն ունենալ եւ մտնել իր բուն (իր ապրելատեղին նա «բուն» է ասում): Բունը կարտոնից եւ ցելոֆանից է, մի երկու մետրանոց տարածություն, որտեղ «խցկվելու» համար ես հազար տակ ծալվում եմ: «Մի վախեցի, բալես, դուրս արի, վախենալու բան չկա, ես ստեղ ապրում եմ: Եթե ստեղ հավ պահեին` հավը կսատկեր: Շորով, թղթով, ցելոֆանով սարքած բուն ա»,- ասում է տարեց կինը, ով ամբողջ աշուն ու ձմեռ փողոցներում ու աղբանոցներում քուջուջ անելով` ցելոֆան է գտել ու բունն է ծածկել, որ ձյան հալոցքն ու կեղտաջրերը գլխին չլցվեն:

Ամալյա տատի տունը 15 տարի առաջ այրվել է, որից հետո Քանաքեռ-Զեյթուն համայնքի ամայի տարածքում` Ֆանարջյան 76 հասցեում, հողատարածք են հատկացրել: Հարցնում եմ` միայնա՞կ եք, հարազատներ չունե՞ք: «Հա, լրիվ մենակ եմ, ոչ ոք չունեմ»,- արհամարհական շպրտում է նա, ու էդ խոսքերը պտտվում-պտտվում, հետ են գալիս ու լռության մեջ սկսում են Ամալյա տատի հետ կռիվ տալ այնքան, մինչեւ դողացող ձայնով խնդրում է թեման փակել: Հարեւանուհին չդիմանալով` միջամտում է. «Ամալյա տոտա, դու իրան ճիշտն ասա: Չէ, ինքը ճիշտ չի ասում. հա, մեն-մենակ ա ու շատ ծանր վիճակում, բայց երեք երեխա ունի, որոնք մորը տիրություն չեն անում»: Ամալյա տատն ուզում է գետինը պատռել ու հանգրվան գտնել հողի տակ, անհետանալ այնպես, որ իր գոյության մասին մոռացած որդիների ցավն այլեւս ամեն օր ու ամեն ժամ իրեն չմաշեցնի: 29.000 դրամ թոշակով գոյատեւող այս ծեր կնոջ մի աչքը կուրացել է, իսկ մյուս աչքի տեսողությունն աստիճանաբար խամրում է: «Անձրեւը գալիս, չռում ա գլխիս: Հիմա աչքս էլ չի տեսնում, որ գնամ գերեզմաններում թափված ցելոֆանները հավաքեմ բերեմ` էս բնի վրա գցեմ: Գերեզմաններում ինձ շատ պետքական բաներ եմ գտնում, էդ իմ տարածքն ա, մի օր կգնամ ու էլ չեմ գա»,- ասում է Ամալյա տատը, ով ամիսներ առաջ փողոցներից ծառի ճյուղեր հավաքելիս` զգացել է, որ մի աչքի տեսողությունը միանգամից կորցրել է: Դիմել է պոլիկլինիկայի բժշկին, ով նրան ուղղորդել է հիվանդանոց` անմիջապես վիրահատություն կատարելու խորհրդով: Հիվանդանոցում ստուգումներից հետո պարզվել է, որ Ամալյա տատը մի աչքի տեսողությունն ընդհանրապես կորցրել է:

«8-րդ հիվանդանոցի բժիշկն ասեց, որ վիրահատություն ա պետք, բայց դու փող չունեսգ Վիրահատության համար ահագին գումար ա պետք: Թղթերը վերցրեցի, գնացի թաղապետարան, խնդրեցի, որ օգնեն` վիրահատվեմ: Պատասխանեցին, թե` գումար չունենք, որ օգնենք: Հիվանդանոցում ինձ հերթագրել էին, բայց հետո հերթից հանեցին, գցեցին դուրս` ասելով, որ պիտի փողը մուծես` նոր վիրահատենք: Խնդրեցի, վիճակս նկարագրեցի, ասեցի` հավաբնում եմ ապրում, 29.000 դրամ թոշակ եմ ստանում: Պատմեցի, որ չեմ կարում էս տեսողությունով փողոցներից ցելոֆան գտնեմ, բերեմ, որ անձրեւից չթրջվեմ ու չորանամ, բայցգ Ո՞նց ապրեմ սենց անտեր ու քոռ»,- ասում է Ամալյա տատը: Իսկ, երբ փորձում եմ նրան երեխաներից հարցեր տալ, խնդրում է իրեն հանգիստ թողնել:

Հարեւանուհին պատմում է, որ ծեր կնոջ բնի հարեւանությամբ ապրում է նրա որդին` ընտանիքի հետ, եւ նա ամեն օր ականատես է լինում թղթե ու ցելոֆանե տանիքի տակ ապրող մոր կենսակերպին: Ասում է, որ նրանք անգամ չեն հիշում, որ մայր ունեն, բայց թե ինչո՞ւ` պատկերացում չունի: Հարցնում եմ` «Ինչո՞ւ են Ձեր երեխաներն էդպես վարվում»: «Չգիտեմ, երեւի կյանքն ա փոխվել: Մայրերը շարունակում են սիրել երեխաներին, իսկ երեխաները թաղում են ապրող ծնողներին»: Հարեւանուհին ասում է` Ամալյա տատի հանդեպ որդիների անտարբերությունն արդարացնելու ոչ մի պատճառ չկա, ու ծնողի հանդեպ նման վերաբերմունքն աններելի է: «Ամբողջ ձմեռ, հիմա էլ տեսնում են, որ էդ թղթից տան մեջ ապրող իրանց մայրն անձրեւից թրջվում ու չորանում ա, պատերից ու թփերից բռնվելով ա գնում հաց առնելու: Ամեն օր տեսնում են, որ իրանց մայրը` մեկ-մեկ չդիմանալով վիրավորանքին, երեխու պես հոնգուր-հոնգուր լաց ա լինում: Մենք հարեւաններն ենք ու չենք հասկանում, թե դրանք մարդու ինչ տեսակ են, դուք ո՞նց հասկանաք»: Ամալյա տատի հարեւանուհին, ով, խղճալով ծեր կնոջը, դիմել է մեզ` ուզում է բացատրություն գտնել նման վարմունքի համար, բայց որքան էլ փորձում է, միեւնույն է` վերջում ուզում է հայհոյել: Ինքը` Ամալյա տատը, երեխաների թեմային անդրադառնալիս` քարի պես լռում է, ճիշտ այնպես, ինչպես ծերանոցում գտնվող տարեց մարդկանց փորձում ես հարցնել, թե ինչո՞ւ են երեխաները լքել իրենց: «Գիտե՞ս, դժվար ա մի մարդու հետ կյանքից խոսել, որը կորցնելու էլ բան չունի: Ես հիմա նման եմ փողոցում ապրող մի շան, որը ոչինչ չի հասկանում, ու ինքը ուղղակի ապրում ա, որովհետեւ կա: Ես հիմա մենակ կուրանալուց եմ վախենում: Մի քիչ, աղոտ տեսնում եմ ձախ աչքով, բայց եթե լրիվ մթնի` մեռնելս ճիշտ կլինի: Ինչի՞ս ա պետք ապրելս կամ ո՞ւմ ա պետք իմ ապրելը»,- ասում է Ամալյան։

Երեք երեխա լույս աշխարհ բերած ու մեծացրած 75 տարեկան այս կնոջ պատմությունը նման է իր թղթե ու ցելոֆանապատ «տանը», որտեղ լցված անձրեւաջրերն ու ձյան հալոցքը շատ բան են փչացրել: Հարեւանուհին ասում է, որ մենակությունից ու անհուսությունից Ամալյա տատն ինչ-որ «հավատքի» է գնում, որտեղ իրեն մխիթարում ու հավատացնում են, որ զավակների կողմից լքված կնոջը սիրում են «քույրերն ու եղբայրները»: Մեկ էլ` նրանք Ամալյա տատին հավատացնում են, որ ինչ էլ լինի` Աստված իրեն սիրում է: Ամալյա տատը հենց դրան հավատալով էլ ուզում է ապրել: Ու ապրելու համար էլ ուզում է տեսնել: