Նանսենի թանգարանը Երեւանինն է

19/06/2012

Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածում նորվեգացի գիտնական, բեւեռախույզ, օվկիանոսագետ, հասարակական գործիչ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Նանսենի թանգարան է կառուցվելու: Այն ներառված էր կառավարության ծրագրում: Թանգարանի նախագծի եւ կառուցապատման հովանավորները ՀՀ վաստակավոր բժիշկներ տեր եւ տիկին Կառլեն եւ Սառա Եսայաններն են: Երեկ որոշ բնապահպաններ ահազանգ էին հնչեցրել, թե այգին խեղաթյուրվում է, ծառեր են հատվում, եւ թե կառուցապատման գործողություններն ապօրինի են: Ի դեպ, երեկ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը սխալ տեղեկատվություն էր տարածել, նշելով, թե Նանսենի թանգարանը պատկանելու է սեփականատիրոջը: Եվ սա` այն դեպքում, երբ թանգարանը քաղաքապետարանի որոշմամբ Երեւանի քաղաքապետարանի սեփականությունն է, եւ բարերար բժիշներ Եսայանների ընտանիքը պարզապես հովանավորում է թանգարանի նախագծի իրականացումը: Քաղաքապետարանի այս մեկնաբանությունը հասարակության կողմից թյուրըմբռնման եւս մեկ առիթ էր դարձել: «Սկզբում որոշված էր, որ այն պետք է կառուցվի Նոր Նորքի զանգվածում` Նանսենի փողոցում, որտեղ պետք է տեղադրվեր նրա արձանը: Բայց քանի որ արձանը տեղադրվեց Կենտրոն վարչական տարածքի Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում, որոշվեց Նոր Նորքում կառուցել թանգարանը, որն ընդամենը 53քմ տարածք է զբաղեցնելու: Կառուցվելու է զուտ բետոնապատ հատվածի վրա: Այսինքն` այդտեղ որեւէ ծառի խնդիր չկա: Դեռեւս 2012թ. մարտին է կայացվել Երեւանի քաղաքապետի որոշումը թանգարանի մասին, որտեղ նշված է եղել, որ թանգարանը լինելու է քաղաքապետարանի սեփականությունը: Այնտեղ պետք է ցուցադրվեն Նանսենի կյանքին ու հայանպաստ գործունեությանը նվիրված գործեր: Նանսենը Ցեղասպանությունից հետո 320 հազար հայի է օգնել, եւ նա իրավունք ունի Երեւանում ունենալու 53 քմ-անոց թանգարան»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց «Ֆրիտյոֆ Նանսեն» հայաստանյան հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը:

Բնակիչների եւ բնապահպանների երեկվա ահազանգն անտեղի էր եւ, տվյալ դեպքում, որեւէ խոսք չի կարող լինել այգու խեղաթյուրման, ծառահատումների մասին: Տվյալ դեպքում, իհարկե, նաեւ Երեւանի քաղաքապետարանն է իր որոշումներից անտեղյակ` ապատեղեկատվություն տարածելով` ապակողմնորոշել հանրությանը: Ի դեպ, երեկ բնապահպանները շինարարությունը դադարեցնելու պահանջով դիմել էին նաեւ Նոր Նորքի թաղապետարան:

Ֆ. Նանսենը հայ ժողովրդի ճակատագրում վճռական դեր է խաղացել` Եղեռնից մազապուրծ հազարավոր հայերի համար նանսենյան անձնագրերը ապահովեցին կեցության ու տեղափոխման իրավունք: Նանսենի ձեւակերպմամբ` մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915թ. սկսված ջարդերի հետ:

Մ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ