Միայն հարուստ փաստաբաններ

19/06/2012

2009թ. հոկտեմբերից սկսած Հայաստանում ակտիվ շրջանառության մեջ մտան Փաստաբանների դպրոց բացելու վերաբերյալ խոսակցությունները: Ըստ էության, միտքն ինքնին ողջունելի է, եթե հաշվի առնենք, որ միայն 2011թ. Փաստաբանների պալատի կողմից հարուցվել է 40 կարգապահական վարույթ, ինչը խոսում է ոլորտում բարեփոխումների եւ մատուցվող ծառայությունների, փաստաբանի հմտությունների բարձրացման անհրաժեշտության մասին: Ամեն բան ճիշտ կլիներ, եթե, իհարկե, դպրոցը համապատասխաներ բոլոր անհրաժեշտ չափանիշներին եւ մատչելի լիներ շարքային քաղաքացու գրպանին: Բանն այն է, որ 2010թ. Դատաիրավական բարեփոխումների 2009-2011թթ. ռազմավարական գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պետբյուջեից դպրոցի շինարարության համար տրամադրվել է 350 մլն դրամ, որն ահռելի գումար է դպրոցի կառուցման համար, եթե հաշվի առնենք, որ այդտեղ ամեն տարի սովորելու է 60 ունկնդիր: Այո՛, ոչ թե ուսանող, այլ ունկնդիր: Ճիշտ այսպես պետք է կոչվեր դպրոցի ուսանողը, որպեսզի ՀՀ Սահմանադրությանը չհակասեր. Սահմանադրության համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի մրցութային հիմունքներով ստանալ բարձրագույն կրթություն: Եվ եթե հաշվի առնենք, որ այդ դպրոցի ընդունելության կարգի 5.2 կետի 3-րդ ենթակետի համաձայն` դպրոց ընդունվելու համար պարտադիր է ունենալ բարձրագույն իրավաբանական կրթություն, ապա ստացվում է, որ Փաստաբանների դպրոցը մագիստրատուրային համարժեք երեւույթ է, որտեղ կրկին յուրաքանչյուր դիմորդ պետք է կարողանա անվճար կրթություն ստանալ: Հենց այդպես էլ որոշված էր սկզբում ` դպրոցը պետք է լիներ անվճար, բայց, չգիտես ինչու, պատասխանատուները կեսից «փոշմանեցին» եւ որոշեցին 400.000 դրամ վարձավճար սահմանել: Արդյունքում, բուհը անվճար ավարտած ուսանողներից ոչ բոլորը կարող են ընդունվել այստեղ սովորելու, բայց բուհը մի կերպ ավարտած ունեւոր ուսանողների համար դպրոցը կարող է լինել գրավիչ կառույց: Հետեւաբար, ի՞նչ որակի բարձրացման մասին կարող է խոսք գնալ, եթե սոցիալապես անապահով, սակայն գերազանց սովորող ուսանողը չի կարողանալու այս դպրոցում սովորել: Այսինքն` ի սկզբանե պարզ է դառնում, որ նշյալ դպրոցը չի պատրաստվում ծառայել իր բուն նպատակին, որը հռչակել է, այն է` մատուցվող փաստաբանական ծառայությունների որակի բարձրացում, մասնագետների հմտացում եւ այլն: Մյուս կողմից, անապահով կամ միջին սոցիալական խավի շրջանավարտների` ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածով նախատեսված իրավունքը խախտվում է, եւ խնդրին չի տրվում լուծում` պատճառաբանելով, որ Փաստաբանների պալատը ինքնաֆինանսավորվող կառույց է եւ չի կարող սահմանել անվճար 60-ից գոնե 5 տեղ: Հարց է ծագում` մի՞թե 4.000.000 դրամ (5 ուսանողի 2 տարվա վարձը) հնարավոր չէ հատկացնել ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած, արժանավոր ունկնդրին խրախուսելու համար, որպեսզի աջակցեն նրան` պետության համար որակյալ մասնագետ, կադր դառնալու համար: Չենք կարծում, որ Եվրոպական դրամաշնորհներն ու աջակցությունը, Փաստաբանների պալատի 1133 անդամների անդամավճարները միասին վերցրած` չեն բավականացնի այս խնդիրը հոգալուն եւ կառույցն արժեքավոր դարձնելուն: Արդյոք ժամանակին` 2010թ., Փաստաբանների պալատը ֆինանսավորում ունե՞ր պետբյուջեից, երբ որոշեց դպրոցն անվճար կազմակերպել: Ի վերջո, դպրոցը կրթօջախ է, եւ հենց այդ բառն էլ իր խոսքում օգտագործել է «կրթօջախի» տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը:

Հարցը, սակայն, այսքանով չի ավարտվում: Կարո՞ղ է որեւէ մեկը բացատրել, թե ինչպիսի տրամաբանությամբ է գործում այս դպրոցի ընդունելության կարգը, ինչի՞ հիման վրա է այն ձեւավորվել: Օրինակ, ըստ ընդունելության այդ կարգի 5.2 կետի 7-րդ ենթակետի` ընդունելության քննություններին մասնակցելու համար պետք է վճարել պետական տուրք` 35.000 դրամ: Այս հանգամանքը եւս մեկ անգամ հաստատում է այն միտքը, որ նշյալ դպրոցը բացվել է զուտ «ընտրյալների» համար, եւ եթե ընդունելության հայտ ներկայացնելու համար տրված 13 օրվա ընթացքում գրպանումդ «նաղդ» չունես 35.000 դրամ (ճիշտ այդքան ժամանակ է տրվում ընդունելության հայտեր ներկայացնելուն), ապա դու կշարունակես մնալ ընդամենը իրավաբան, եւ քո ավարտած Երեւանի պետական համալսարանի դիպլոմը կարող ես դնել օժիտիդ մեջ կամ դրանով պարծենալ ընկերներիդ մոտ: Այդ դիպլոմդ քեզ երբեք էլ չի օգնի դառնալ փաստաբան, քանի որ չունես համապատասխան գումար:

Սյուզաննա ԽԱԼԱԹՅԱՆ