2006թ. հունիսի 7-ին Բեռլինում կկայանա Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Այս անգամ ավանդույթը կխախտվի, եւ արարողությունը տեղի կունենա ոչ թե առաջին խաղից անմիջապես առաջ, այլ դրանից 2 օր շուտ։ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատթերի խոսքերով, դա կլինի ֆուտբոլային մեծ տոն, այլ ոչ թե պարզապես ինչ-որ սլայդ-շոու։ «Խոստանում եմ, դա կլինի առանձնահատուկ մի միջոցառում, որը կդառնա առաջնության զարդը», – ասել է Բլատթերը։ Բացման արարողությունը, որին կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ այլ բարձրաստիճան անձինք, տեղի կունենա Բեռլինի «Օլիմպիաշտադիոնե» մարզադաշտում։ Ներկայացմանը կմասնակցեն ավելի քան 7000 կամավորներ։ Մասնակիցների թվում կլինեն աշխարհի 132 չեմպիոններ, այդ թվում` Պելեն եւ Մարադոնան։ Ներկայացումը բեմադրելու է ֆրանսիացի խորեոգրաֆ Ֆիլիպ Դեկուֆլեն, որը բեմադրել է նաեւ 1992թ. Ձմեռային օլիմպիական խաղերը։ Առաջնության հիմնը գրելու է էլեկտրոնային երաժշտության ասպարեզի հայտնի կոմպոզիտորներից մեկը՝ Բրայան Ինոն։ Իսկ ձեւավորումը կատարելու է Մարկ Ֆիշերը, որն աշխատել է «Rolling Stones» եւ « U2» խմբերի հետ։ Արարողությանը կմասնակցեն նաեւ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Պիտեր Գաբրիելը, ամերիկացի օպերային երգչուհի Ջեսսի Նորմանը, ալժիրցի երգիչ Շեբ Հալեդը եւ «Black Eyed Peas» փոփ խումբը։ Գալա-ներկայացման ծրագիրը մշակվել է Աշխարհի առաջնության կազմկոմիտեի կողմից եւ արժանացել է Գերմանիայի կառավարության հավանությանը։ Ֆինանսավորումն իրականացվելու է ՖԻՖԱ-ի կողմից։ Ենթադրվում է, որ արարողության անցկացման ծախսերը կկազմեն 23-25մլն եվրո։