Մեր տեղեկություններով, հրաժարական ներկայացրած ԲՀԿ-ական նախարարները նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս կայացած առանձնազրույցի ժամանակ նրան ակնարկել են, թե պատրաստ են դուրս գալ կուսակցությունից, եթե նախագահի կողմից հրահանգ լինի: Նույն տեղեկությունների համաձայն` կոալիցիային չմիանալու մասին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո կուսակցության գործարար պատգամավորները նույնպես միջնորդավորված ձեւով ակնարկել են, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ են հեռանալ ԲՀԿ-ից: ԲՀԿ-ական գործարարները մտավախություն ունեն, որ կարող են խնդիրներ ունենալ իրենց բիզնեսների հետ կապված: Սակայն, ըստ նույն աղբյուրների, Ս.Սարգսյանը նրանց թույլ չի տվել հեռանալ կուսակցությունից` խոստանալով, որ նրանց բիզնեսների նկատմամբ ոտնձգություններ չեն լինի: Իշխանական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե նախագահն առայժմ չի ցանկանում թուլացնել ԲՀԿ-ն եւ նախագահական ընտրություններին ընդառաջ վատ հարաբերություններ ունենալ Գ.Ծառուկյանի հետ: Նա թե՛ ԲՀԿ-ական նախկին նախարարներին, թե՛ գործարար պատգամավորներին հրահանգել է մնալ ԲՀԿ-ում եւ սպասել մինչեւ նախագահական ընտրություններ: